«Ժողովուրդ» օրաթերթի բլից հարցերին պատասխանել է երգիչ Էրիկը: Նա խոսել է մասնագիտական, անձնական կյանքին վերաբերող հարցերի շուրջ՝ անկեղծորեն նշելով, որ ոչինչ չէր ցանկանա իր կյանքում փոխել:
-Մարդ, որը մեծ ազդեցություն է ունեցել Ձեզ վրա:
-Հայրս: Նա մասնագիտական առումով եւս ինձ համար կողմնորոշող դեր է ունեցել: Հայրս երաժիշտ է եղել, եւ երբ ես դեռ 3-4 տարեկան էի, ինձ հետը տանում էր հարսանիքների, այնտեղ երգում էինք: Երգի հանդեպ սերը իրենից է ինձ փոխանցվել: Ավելի ուշ հենց նրա դրդմամբ եմ ընդունվել երաժշտական դպրոց, ջութակի բաժին: Ճիշտ է, ջութակի հետ երկար ճանապարհ չանցա, բայց այն մեծ ազդեցություն է թողել ինձ վրա:
-Սիրո հարցում ավելի շատ ներողամի՞տ եք, թե՞ սկզբունքային:
-Ընդհանրապես, ես ներողամիտ եմ ու բավական շուտ եմ մոռանում շատ բաներ:
-Առանց ափսոսալու գումար կծախսեք…
-Իմ հարազատների եւ ընկերների համար, որեւէ մեկի առողջության հետ կապված խնդիրը լուծելու, մի լավ նպատակի համար: Երբ գումարը լավ նպատակի ես ծառայեցնում, այն անպայման վերադառնում է:
-Կցանկանայիք տիրապետել…
-Մեկ այլ մասնագիտության: Իմ ամբողջ կյանքը նվիրել եմ երաժշտությանը, բայց անգամ կոնսերվատորիա ընդունվելու ժամանակ մտածում էի Թատերական ինստիտուտ դիմելու մասին: Ինձ շատ հոգեհերազատ է նաեւ դերասանի մասնագիտությունը, հետաքրքիր է նաեւ վարսավիրի աշխատանքը:
-Մականուն ունեցե՞լ եք:
-Ոչ, երբեք չեմ ունեցել:
-Ձեզ երբեք հավատ չեն ներշնչել այն մարդիկ, որոնք…
-Չեն հավատում Աստծուն: Ես կարող է ցույց չտամ, չխոսեմ, բայց շատ աստվածավախ եմ, իսկ ովքեր չեն հավատում Աստծուն, ինձ համար վախենալի են:
-Ձեզ սովորաբար հիասթափեցնում են…
-Ստախոսները, այն մարդիկ, որոնք ապրում են ուրիշների կյանքով: Գիտե՞ք, կյանքը շատ կարճ է այդպես ապրելու համար: Տանել չեմ կարողանում նաեւ մարդկանց, որոնք սիրում են խոսք տանել-բերել:
-Ձեր մասնագիտության դժվարին կողմը:
-Այն, որ դու բոլորինն ես: Շատ դեպքերում քո կյանքը պատկանում է այն մարդկանց, որոնց դու ներկայանում ես: Երբեմն ուզում ես այնպիսի կյանքով ապրել, որ ո՛չ քեզ ճանաչեն, ո՛չ էլ քո մասին ավել-պակաս բաներ խոսեն: Բայց, միեւնույն ժամանակ, դու ունես նաեւ հնարավորություն քո գործով ապացուցելու, թե դու ով ես:
-Դեպք, երբ մասնագիտականը խանգարել է անձնականին:
-Իմ կյանքում երբեւէ նման բան չի եղել: Առաջին իսկ օրերից, երբ սկսել եմ ելույթ ունենալ, իմ ցանկությունն է եղել, որ ինձ սիրեն, լսեն իմ երգի համար, ոչ թե որովհետեւ ես սիրուն տղա եմ (ծիծաղում է), կամ մի օր պետք է դառնամ բոլոր երկրպագուներիս փեսացուն: Սիրելի աղջիկներ, վաղը ես պսակվելու եմ, բայց դա չի նշանակում, որ այլեւս չպետք է լսեք իմ երգերը (ծիծաղում է):
-Եթե թողնեն, ամբողջ օրը կզբաղվեք միայն…
-Գիտե՞ք, չկա զբաղմունք, որին ես կարոտ եմ մնում: Ամեն ինչ էլ հասցնում եմ անել. զբաղվում եմ սպորտով, շանս հետ զբոսնում եմ, վարում եմ հեծանիվ, շփվում եմ հարեւաններիս հետ…
-Թուլություն ունեք…
-Երեխաների նկատմամբ: Քանի որ ինքս դեռ բալիկներ չունեմ, այդ թուլությունն առավել սրված է, երբ տեսնում եմ թեկուզ անծանոթ մի երեխայի, գնում եմ այն աշխարհ, ետ եմ գալիս:
-Ինչպե՞ս հանդուրժել հիմարներին:
-Պետք է ոչ թե հանդուրժել, այլ չնկատել նրանց:
-Եթե ստել, ապա միայն հանուն…
-Լավ գործի:
-Վատ սովորություն, որից կցանկանայիք ձերբազատվել:
-Այս պահին չմտաբերեցի, բայց հաստատ կունենամ: Ամեն դեպքում, չարժե շատ ճիշտ ապրել:
-Մի բան, որ կփոխեիք Ձեր կյանքում:
-Ոչ մի բան էլ չէի ուզի փոխել, որովհետեւ այն, ինչ ունեմ, արդեն երջանկություն է ինձ համար: Բնականաբար, եղել են բարդ պահեր, բայց պետք է անընդհատ քայլել առաջ:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
«ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԱՎԱՃԱՆՎԱԾ ԶԳԱՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿՈՂՄԻՑ»
«Անշուշտ, սպասում էի նման զարգացումներ, բայց Քոչարյանի կալանավորմանը չէի սպասում. կասկածում էի, որ կհանձնվի: Ինձ թվում էր, որ այս պարագայում կաշխատեն տասնամյակներ շարունակ ստեղծված քաղաքական կապերը»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանն ու դրան ուղեկցած իրադարձություններին:
Նա շեշտեց՝ այն, որ Ռուսաստանը ոչ մի կերպ չպաշտպանեց Քոչարյանին, հետաքրքիր նախադեպ է. «Ստեղծված նոր իրավիճակում Ռուսաստանը կարծես անհարմար զգաց դա անել: Բայց այդ հակադրությունը տեղի ունեցավ բոլորովին այլ պաշտոնյայի՝ Խաչատուրովի պարագայում (Ռուսաստանը ոչ պորֆեսիոնալ էր համարել ՀՀ ԱԳՆ-ի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հայտարարությունը,-հեղ.): Այս առթիվ մենք թթու խոսքեր լսեցինք: Բայց Քոչարյանն իրեն դավաճանված զգաց հիմնական հովանավորի՝ Ռուսաստանի կողմից: Սա ամենամեծ դասն է բոլոր նրանց համար, ովքեր փորձում են իրենց ապագան կապել այդ երկրի հետ»:
Հարցին, թե ինչպես է վերաբերվում ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին Մարտի 1-ի գործով հարցաքննելու խոսակցություններին, պարոն Խզմալյանը պատասխանեց. «Մարտի 1-ի հիմնական դերակատարները հենց Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանն էին: Նրանց միջեւ էր ընթանում պայքարը, որի արդյունքում եղավ Մարտի 1-ը: Սա առաջին նրբությունն է: Երկրորդ հանգամանքն այն է, որ Մարտի 1-ի գործի քննությունը անխուսափելիորեն տանելու է դեպի հոկտեմբերի 27-ի գործ, իսկ դա հայոց նորագույն պատմության ամենաողբերգական եւ բեկումնային պահերից է: Դա այն օրն է, երբ հայոց պետականությունը ոչնչացվեց»:
Նշենք, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ինքը՝ Քոչարյանը, Մարտի 1-ի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը համարում է ռումբ՝ դրված մեր երկրի, մեր պետականության հիմքում:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՔՆՆԱԴԱՏԵԼ Է ԹՐԱՄՓԻՆ
Բասկետբոլի «Լոս Անջելես Լեյքերս» ակումբի նորեկ Լեբրոն Ջեյմսը քննադատել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին: Ամերիկացի բասկետբոլիստի խոսքով` Թրամփը սպորտն օգտագործում է մարդկանց տարանջատելու համար: «Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես նկատել եմ, որ նա օգտագործում է սպորտը, որպեսզի տարանջատի մեզ, եւ ես չեմ կարողանում հասկանալ դա: Չեմ կարող ուշադրություն չդարձնել դրան ու լռել: Զբաղվելով սպորտով` ես առաջին անգամ հայտնվեցի սպիտակամորթ մարդկանց կողքին: Ես հնարավորություն ստացա ծանոթանալ նրանց հետ եւ ավելի շատ բան իմանալ նրանց մասին, նույնը` նրանք իմ մասին: Մենք դարձանք լավ ընկերներ, եւ ես մտածեցի, որ դա սպորտի շնորհիվ է»,- ասել է Լեբրոնը:
Հիշեցնենք, որ Լեբրոն Ջեյմսն այս ամռանը «Քիվլենդից» է տեղափոխվել «Լոս Անջելես Լեյքերս», որի հետ կնքել է 4 տարվա պայմանագիր:
40 ՄԻԼԻՈՆ ԵՎՐՈ
Մադրիդի «Աթլետիկո»-ի արգենտինացի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ցանկանում է ձեռք բերել իր որդի Ջովանիին, որը խաղում է իտալական «Ֆիորենտինա»-ում: Արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու համար «Աթլետիկո»-ն առաջարկել է 40 միլիոն եվրո: «Ֆիորենտինա»-ն մերժել է այդ առաջարկը` ավելի մեծ գումար պահանջելով 23-ամյա ֆուտբոլիստի համար: Նախորդ մրցաշրջանում Ջովանի Սիմեոնեն «Ֆիորենտինա»-ի կազմում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 15 գոլի ու 4 գոլային փոխանցման հեղինակ: Նրա գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականի ամառը:
ԿԿԱՐՈՂԱՆԱՐ
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծում է, որ եթե այժմ շարունակեր պրոֆեսիոնալ կարիերան, կկարողանար պայքարել «Ոսկե գնդակ» մրցանակի համար: Ռիվալդոն մեկ անգամ այդ մրցանակը ստացել է 1999թ.. «Եթե ես այժմ խաղայի, մեկից ավելի «Ոսկե գնդակ» կունենայի: Հիմա պայքարը Ռոնալդուի եւ Մեսսիի միջեւ է ընթանում, ինչը նշանակում է` մյուսները բավականաչափ լավը չեն: Այն, որ Լեոյի եւ Կրիշտիանուի գոլերի քանակը մասնակցած հանդիպումներից շատ է, վկայում է, որ ինչ-որ բան նորմալ չէ: Ես շատ եմ հավանում այս ֆուտբոլիստներին, սակայն կարծում եմ` նրանց գերիշխանությունը խոսում է այն մասին, որ Իսպանիայում ֆուտբոլային կյանքում ինչ-որ բան այն չէ: Ամեն դեպքում, ներկայումս բարձրակարգ ֆուտբոլիստներն ավելի քիչ են, քան նախկինում էին»,- ասել է Ռիվալդոն: