Սննանկության գործերով դատավոր դառնալու համար դատավորների պայքարը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը Բարձրագույն դատական խորհրդի դեմ դատական հայց էին ներկայացրել:
Նրանք դիմել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել, եւ դատավորները, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել էին կասեցնել ԲԴԽ-ի որոշումը: ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել գործը առանց ԲԴԽ որոշումը կասեցնելու:
Ու հիմա հայց ներկայացրած դատավորները ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք են ներկայացրել` նշելով, որ ՀՀ վարչական դատարանի դատավորը չի կատարել իրենց պահանջներից մեկը եւ նշանակել է դատաքննությունը:Դատավորները ՀՀ վարչական դատարանի իրենց բողոքում ներկայացրել են, որ պետք է դատավորը կասեցներ ԲԴԽ-ի որոշումը, մինչդեռ դատարանն առանց կասեցնելու է սկսել քննություն իրականացնել: