Ամեն քաղաքացի պետք է երկրին տիրություն անի. անկախության տարիների մեր ձեռքբերումներն ու կորուստները՝ մտավորականների աչքերում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Հայաստանը նշում է իր անկախության 27-ամյակը։ 1990-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունեց ՀՀ Անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է, եւ ձեւավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը։ 1991-ի սեպտեմբերի 21-ին էլ հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին: Տոնի առթիվ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է մշակույթի հայտնի գործիչների եւ մտավորականների հետ։ Անկախության տարիների մեր ձեռքբերումների եւ կորուստների վերաբերյալ նրանց մտորումները ներկայացնում ենք ստորեւ։

Ջիվան Գասպարյան. դուդուկահար,  Հայաստանի ժողովրդական արտիստ

Անկախությունը հարաբերական հասկացություն է։ Այն պրիմիտիվ բան չէ, լուրջ երեւույթ է։ Ամեն հայ պետք է այնպես անի, որ Հայաստանը շեն մնա եւ զարգանա, պետք է նախ Հայաստանի մասին մտածի, հետո իր։ Ամեն քաղաքացի պետք է երկրին տիրություն անի, սրտացավ լինի իր հայրենիքի համար։ Այդպես են պետություն դառնում, այլ ճանապարհ չկա։ Տարիներ առաջ, երբ ստեղծագործական խմբով  Գերմանիայում էինք, մեզ ասացին, որ օրապահիկի համար շատ գումար տրամադրել չեն կարող, քանի որ պետք է իրենց բյուջեն լցնեին, երկիր ծաղկեցնեին։ Կուզեմ, որ մենք էլ այսքան մանրախնդիր լինեինք այդ գործում։ Բայց հիմա մեր հայերի կեսը միայն իր մասին է մտածում։ Ես նկատում եմ այդ միտումը, բայց այդպես չպետք է լինի։ Ինչեւէ, շնորհավորում եմ Անկախության տոնը, անչափ ուրախ եմ, միայն թե մտորելու հատկությունը չկորցնենք։ 

Լալա Մնացականյան. Հայաստանի վաստակավոր արտիստ

Այս 27 տարիների մեծագույն ձեռքբերումը համարում եմ ներկայիս իշխանությունը։ Այսքան տարի տանջվեցինք, որ գոնե հասկանանք՝ կարող ենք որպես պետություն կայանալ։ Նախորդ տարիներին մենք եղել ենք անկախ, բայց միայն թղթի վրա, ֆորմալ առումով, այն ժամանակ «անկախությունը» սուտ բառ էր, փուչիկ, իսկ հիմա ես սկսել եմ հավատալ դրան, վստահ եմ, որ կունենանք ամուր պետություն, պետականություն եւ մի երկիր, որը կկարողանա դրսում արժանապատվորեն ներկայանալ։ Այս տարիներին մենք կորցրել էինք հենց ամենակարեւորը՝ ազգային արժանապատվությունը, մեր դեմքը։ Դրսում մեզ լուրջ չէին վերաբերվում, ողորմություն խնդրողի, կռացողի դերում էինք։ Հիմա որ հետ եմ նայում, ավելի ստույգ եմ տեսնում այդ ամենը, այն ժամանակ էլ էր ստացվում կողքից նայել իրադարձություններին եւ երեւույթներին, բայց հիմա դրա հետ մեկտեղ որոշակի հեռավորությունից եմ նայում անցյալին եւ հասկանում եմ, թե ինչ սուտ լոզունգներով ենք ապրել։ Եթե չլիներ Աստծո ձեռքը, կարող է` այդպես էլ կորչեինք ու մնայինք։ Կմնար միայն ասմունքը, թե Բաբելոնը վերացել է, Հայաստանը կա։ Այնինչ` մենք իսկապես կանգնել էինք Հայաստանը կորցնելու վտանգի առաջ։ Ես իմ ելույթներում բազմիցս ահազանգել եմ այդ մասին եւ հայրենիքը կորցնելու սարսափն ապրել եմ, ուստի իրական անկախությունը թանկ եմ գնահատում։

Գուժ Մանուկյան. ՀՀ ժողովրդական արտիստ 

Եթե անկեղծ՝ այս 27 տարիների ընթացքում ավելի շատ կորցրել ենք, քան շահել։ Ամեն տեսակ կորուստներ էլ ունեցանք։ Ամեն դեպքում, անկախությունը հաճելի բան է։ Ներկայիս փուլը, որտեղ թեւակոխել է Հայաստանը, կարող ենք մեկ բառով  անվանել «սպասողական»։ Հիմա արդեն երիտասարդությունն է գործոնը, շարժիչ ուժը։ Թավշյա հեղափոխությունը, երեւի թե, կարելի է համարել ձեռքբերում։ Միայն այն, որ մարդկանց դեմքին հույս եւ ժպիտ իջավ, մեծ ձեռքբերում էր։ Հիմա մնում է այն ամեն գնով փայփայել եւ պահել։

Աննա Բաբաջանյան




Լրահոս