Փոխադարձ արհամարհանքով լցված քաղաքական մշակույթը պետք է իր տեղը զիջի հանդուրժողականությանը. Արամ Ա Կաթողիկոս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայրենիքի ընդհանրական, մնայուն և գերագույն շահերը պետք է բարձր դասել անհատական, կուսակցական, կողմնակի և ժամանակավոր շահերից:

Այս մասին համացանցի իր էջում գրել է Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:

«Մտահոգությամբ հետևում ենք Հայաստանում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Սփյուռքը չի կարող անտարբեր լինել, սփյուռքն անանջատելի մաս է կազմում: Մենք անելիք և ասելիք ունենք հայրենիքը դիմագրավող մարտահրավերների և տագնապների վերաբերյալ»,- նշել է Վեհափառը:

Նա ընդգծել է, որ հայրենիքն ամեն գնով պետք է հեռու պահել վայրիվերումներից և գործել փոխադարձ զիջումներով: Արամ Ա Կաթողիկոսի խոսքով՝ փոխադարձ արհամարհանքով ու անվստահությամբ լցված ներկա քաղաքական մշակույթը պետք է իր տեղը զիջի հանդուրժողականությանը, հարգանքին և մշակույթին:

«451 թվականին՝ մեր տարանջատված ժողովուրդը, Հազկերտի (նկատի ունի Պարսից Հազկերտ Բ արքային-խմբ.) դիմաց «վասն հայրենյաց» սրբազան նշանաբանով պաշտպանեց Հայաստանը: Այսօր, երբ շրջապատված ենք նոր օրերի Հազկերտներով, կոչված ենք մեր հավաքական ուժով առավել հզորացնել մեր հայրենիքը: Նույն ժողովրդի ու հայրենիքի սիրելի զավակներ, եկեք միասնաբար քայլենք սիրո ու օրենքի ճամփան՝ փոխադարձ հարգանքով ու հասկացողությամբ: Մենք պետք է ամեն ինչից վեր դասենք մեր ժողովրդի ու հայրենիքի անվտանգությունը: Դարեր ի վեր սա է մեր պատգամը ժողովրդին»,- նշել է Ն. Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա կաթողիկոսը:




Լրահոս