ԶԻՆՎԱԾ ԽՄԲԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենեւին էլ պատահական չէ, որ Փաշինյանը հենց հիմա հիշեց հայտնի անձանց թիկնազորի մասին: Պարզվում է, այդ մարդիկ օրինական են պահում թիկնազոր` ի դեմս պահնորդական կազմակերպությունների աշխատակիցների: Ընդ որում` այդ պահնորդական ընկերությունները շատ ժամանակ պատկանում են հենց այն մարդկանց, ում պահպանում են: Այլ կերպ ասած` պետության մեջ ստեղծված են փոքրիկ զինված խմբավորումներ (որոշ դեպքերում՝ բանդաներ հիշեցնող): Այստեղ իհարկե առկա է օրենսդրական բաց, եւ ոչ թե պետք է ուղղակի նրանց զինաթափել, ինչպես հրահանգել է Նիկոլ Փաշինյանը, այլ այդ պահնորդական ընկերություններն ուղղակի փակել` թողնելով միայն պետության մենաշնորհը, ինչպես եղել է նախկինում:

Նախ նշենք, որ 2012 թվականի փետրվարի 9-ից Հայաստանում ուժի մեջ է մտել 2 օրենք, ըստ որոնց՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Հայաստանում պահնորդական առաքելություն իրականացնող ընկերությունների մասին օրենքում: Մասնավորապես, սահմանվել էր, որ պահնորդական կազմակերպությունները լիցենզիա ստանալու համար պետք է դիմեն ոստիկանություն: Լրացում էր կատարվել նաեւ «Պետական տուրքի մասին» օրենքում եւ սահմանվել էր 500.000 դրամ դրույքաչափ լիցենզիա ստանալու համար: Այսինքն, այդքան գումար վճարելուց հետո կկարողանաք պահնորդական ընկերություն աշխատեցնելու լիցենզիա ստանալ:
Իսկ մինչեւ 2012 թվականը, երբ ընդունվեց «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» ՀՀ օրենքը, հիմնարկությունների անվտանգությունն ապահովում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը։ Այն ժամանակ մասնավոր ընկերությունները քիչ էին։ ՊՊԳՎ-ն պահնորդական ծառայություններ էր մատուցում` ստանալով, ըստ որոշ գնահատականների, 7,5 մլրդ դրամ տարեկան եկամուտ։ Եվ այս իրավիճակում պահպանության ոլորտը դարձել է բազմավեկտոր եւ դժվար վերահսկելի, քանի որ ամեն ընկերության հետեւում մի հայտնի անձ է կանգնած:
Իսկ հիմա խոսենք փաստերով եւ ներկայացնենք, թե տեղեկությունների համաձայն` որ ընկերությունը ում է պատկանում: Օրինակ` «Ալֆա Դելտա» ընկերության հիմնադիրները, որը հիմնականում պահպանություն է իրականացնում բարձրագույն ուսումնական հաստատություններում, Էլեկտրոնային ռեգիստրի տվյալների համաձայն Գուրգեն Մեսրոպյանն ու Գարիկ Հովսեփյանն են: Իհարկե, այս անունները ոչինչ չեն ասի հանրությանը, քանի որ Հայաստանում ընդունված է ընկերությունները գրանցել այլ մարդկանց անուններով: Եվ այս ընկերության իրական տերը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանի որդին է` ՀՀ Կառավարության առընթեր պետգույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը:
Օրինակ` 2015թ թվականից այս ընկերությունը սկսեց իրականացնել «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվտանգության եւ պահնորդական ծառայություն մատուցող ընկերության պահպանությունը` փոխարինելով «Տրանս-Սֆեր»-ին: Եվ այս փոփոխությունն այն ժամանակ ամենեւին էլ պատահական չէր, քանի որ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն Արման Սահակյանի մտերիմն էր, իսկ համալսարանի պրոռեկտորն էլ այն ժամանակ ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի եղբայրն էր: Իսկ ահա Երեւանի պետական համալսարանն էլ այս ընկերության հետ 87 մլն դրամի պայմանագիր է կնքել 2018 թվականին գործունեություն ծավալելու համար: «Ալֆա դելտա» ընկերության շուրջ 120 անվտանգության աշխատակից պահպանում է ԵՊՀ-ի երեւանյան կարպուսները, նաեւ մարզային մասնաճյուղերը։Ընդ որում, հետաքրքիր է, որ այս ընկերությունն ունի նաեւ քողարկված գործակալների ծառայություն, ինչն իսկապես զարմանալի է:
«Երկրապահ սեքյուրիթի» պահնորդական ընկերության անունից արդեն իսկ ակնհայտ է, որ այն պատկանում է հենց Երկրապահ կամավորական միությանը, եւ հիմնադիրն էլ ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է` Արման Գրիգորյանը: Սակայն Մանվել Գրիգորյանի շուրջ տեղի ունեցած դեպքերից եւ թավշյա հեղափոխությունից հետո այս ընկերությունը կորցրել է մի շարք խոշոր օբյեկտների պահպանության պատվերը: Մինչ այդ այս ընկերությունը պահպանություն էր իրականացնում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, Վահագնի Թաղամասում, Սուրմալու առեւտրի կենտրոնում:
«Լեգիոն» պահնորդական ընկերությունը հանրությանը հայտնի դարձավ Տարոն Մարգարյանի տների պահպանությամբ եւ պատկանում է Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանի մորաքրոջ որդուն` Եղիշե Սիմոնյանին: «Պանտերա սեքյուրիթի» ընկերությունը պատկանում է Վահե Դարբինյանին, ում կինը Արտաքին գործերի նախարարությունում պաշտոն է զբաղեցնում: Այս ընկերությունը իրականացնում է արտերկրից ժամանած հայտնի հյուրերի անվտանգությունը, այդ թվում իրականացրել է Շառլ Ազնավուրի պաշտպանությունը: Երբ Հայաստան էր ժամանել Քիմ Քարդաշյանը, այս ընկերությունը նաեւ ապահովել է նրա անվտանգությունը:
Պահնորդական գործունեություն իրականացնող ամենամեծ ընկերություններից մեկը «Արմօբիլ»-ն է: Այն ամենամեծերից է, գլխավոր տնօրենը Վահագն Կակոսյանն է եւ որքան էլ կարող է զարմանալի թվալ, սակայն թե՛ այս ընկերության, թե՛ գլխավոր տնօրենի անվան հետ ոչ մի հայտնի անձ կապված չէ: Կա՛մ իսկապես այս ընկերությունն անթերի է, կա՛մ էլ լավ քողարկված է: Հավելենք, որ հիմնականում իրականացնում է բանկերի պահպանություն:
ԱԱԾ գեներալ-մայոր Զավեն Նանյանին է պատկանում «Գրիֆ» եւ «Միհր» պահնորդական ընկերությունները, որի համասեփականատերն է Էդիկ Սիմոնյանը:Իսկ «Սպեցնազ» ՍՊԸ-ն պատկանում է Պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանին: Պետռեգիստրում ներկայացված տվյալների համաձայն, այն գրանցվել է 2015 թվականին, հիմնադիրն էլ Գայանե Մարդյանն է, ով Մինասյանի կինն է: Նա այս ընկերությունը կնոջ հետ հիմնադրել է հենց պաշտոնավարման շրջանում: «Օմոն սեքյուրիթի» ընկերությունն էլ հայտնի Ժարիտ Գրիշինն է՝ Գրիշա Սարգսյանինը։ «Կոմանդիր սեքյուրիթի» ընկերության հիմնադիրը Մարատ Բաղդասարյանն է, սակայն տեղեկությունների համաձայն` այն կապվում է հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի անվան հետ:
Նկատենք, որ այս կամ այն ընկերություններում պահնորդական ծառայություն իրականցնելու տենդերներում, սովորաբար, խոշոր ատկատներ են լինում, որից հիանալի կերպով օգտվում են ինչպես պատվիրատուները, այնպես էլ կատարողները։ Արդյունքում տուժում է միայն պետբյուջեն։ Եվ հիմա շատ է շրջանառվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի կողմից հենց հիմա այսպիսի հրահանգ տրվեց: Ինչպես արդեն նշեցինք եւ ներկայացրեցինք, պահնորդական ընկերությունները պատկանում են հայտնի օլիգարխների, գործարարների եւ վարչապետը կասկածներ է ունեցել, որ մի օր նրանք կարող են նաեւ իշխանության ներկայացուցիչների վրա կրակել: Եվ արդյունքում վստահ կարող ենք ասել` պետք է օրենսդրական բացերի հետեւանքով ստեղծված իրավիճակը շտկել` այդ ընկերություններն ուղղակի փակելով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԱՌԱՆՑ ՓԱՇԻՆՅԱՆԻ
Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը ժամանել է Փարիզ։ Նա երկօրյա այց է կատարում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով։ Այսօր այցելության պաշտոնական մասն է, տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաեւ Փարիզի քաղաքապետարանում:
Միաժամանակ, նկատենք, այսօր տեղի կունենա կառավարության նիստ, եւ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո սա կլինի գործադիրի առաջին նիստը, որը նա չի վարելու: Եվ Կառավարության գործունեությունը կանոնակարգող օրենքի համաձայն` այսօր նիստը կվարի ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Այժմ կառավարության կայքում 17 հարց է ընդգրկված: Ինչպես հայտնի է, երեկ կառավարության նիստը տեղի չունեցավ «Շանթ-2018» զորավարժությունների պատճառով, եւ չնայած կկայանա այսօր, սակայն արդեն առանց վարչապետի:

 

 

 

ՀԱՍԱՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ
Սնանկության գործերով դատավոր դառնալու համար դատավորների պայքարը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը եւ Կարինե Պետրոսյանը Բարձրագույն դատական խորհրդի դեմ դատական հայց էին ներկայացրել: Նրանք դիմել էին սնանկության գործերով դատարանի դատավոր դառնալու համար, սակայն ԲԴԽ-ն նրանց թեկնածությանը հավանություն չէր տվել, եւ դատավորները, դիմելով ՀՀ վարչական դատարան, պահանջել էին կասեցնել ԲԴԽ-ի որոշումը: ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ էր ընդունել գործը առանց ԲԴԽ որոշումը կասեցնելու: Ու հիմա հայց ներկայացրած դատավորները ՀՀ վերաքննիչ վարչական դատարան բողոք են ներկայացրել` նշելով, որ ՀՀ վարչական դատարանի դատավորը չի կատարել իրենց պահանջներից մեկը եւ նշանակել է դատաքննությունը:Դատավորները ՀՀ վարչական դատարանի իրենց բողոքում ներկայացրել են, որ պետք է դատավորը կասեցներ ԲԴԽ-ի որոշումը, մինչդեռ դատարանն առանց կասեցնելու է սկսել քննություն իրականացնել:

 

 

ՀԷՑ-ԻՆ ԷԼ Է ՊԱՐՏՔ
Կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Աշտարակ կաթ» ընկերության պարտատերերի ցանկում հայտնվել է եւս մեկը: Խոսքը «Հայաստան էլեկտրական ցաներ» ՓԲԸ-ի մասին է: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ «Աշտարակ կաթ» ընկերությունը ՀԷՑ-ին պարտք է մոտ 20.5 մլն դրամ: Տեղեկացնենք, որ ընկերությունը դեռեւս 2016 թվականին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 19-ի վճռով սնանկ էր ճանաչվել: Ընկերությունը հսկայական պարտքեր ունի կուտակած բազմաթիվ ընկերություններին, այդ թվում նաեւ առեւտրային բանկերին եւ ապահովագրական ընկերություններին:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանն ինտենսիվորեն պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին եւ վստահություն հայտնել, որ այն կանցկացվի բարձր մակարդակով: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունից եւ կարեւորել տնտեսական կապերի ընդլայնումն ու զարգացումը, այդ թվում առեւտրաշրջանառության ծավալների շարունակական ավելացումը:

 

 

ՓԱՐԻԶՈՒՄ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակությունը երեկ մեկնել է Փարիզ։ Փաշինյանը երկօրյա այց է կատարում Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով: Հայաստանի վարչապետը Փարիզի կենտրոնում վեր խոյացող Կոմիտասի հուշարձանի մոտ ծաղկեպսակ է տեղադրել, ապա նաեւ հայ համայնքի ներկայացուցչների հետ է հանդիպման մասնակցել: Այսօր արդեն այցելության պաշտոնական մասն է, տեղի կունենան Մակրոն-Փաշինյան բանակցությունները, Հայաստանի ղեկավարը լինելու է նաեւ Փարիզի քաղաքապետարանում:




Լրահոս