ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն անմասն է մնում Հայաստանի ներսում կատարվող իրադարձություններին: Հատկապես թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում տեղի ունեցան ներքաղաքական բազմաթիվ իրադարձություններ, որոնց, սակայն, նախագահ Արմեն Սարգսյանն արձագանքել է շատ հազվադեպ կամ առհասարակ չի արձագանքել: Իսկ պաշտոնական պատասխանն էլ լինում է այն պատճառաբանութունը, թե Արմեն Սարգսյանը չի ցանկանում իր լիազորություններից դուրս գալ եւ խառնվել ներքին գործերին:
Այդպես եղավ, երբ ՀՔԾ-ն 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք առաջադրեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու կալանավորեց:
Այդպես եղավ նաեւ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի եւ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջեւ հայտնի ձայնագրության հրապարակումից հետո: Այդ ձայնագրությանն արձագանքեցին, դրա մասին խոսեցին բոլորը, սակայն Արմեն Սարգսյանն այդպես էլ անհաղորդ մնաց: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական հարցում էր ուղարկել ՀՀ նախագահի լրատվական ծառայություն` իմանալու համար Արմեն Սարգսյանի տեսակետը հայտնի գաղտնալսման շուրջ: Սակայն պատասխանը կրկին եղավ այն, թե նախագահը մեկնաբանություն չունի, եւ փաստորեն իր լիազորություններից դուրս է այդ ամենը:
Սակայն իրականում իրավիճակն այնքան էլ այդպես չէ, եւ չպետք է մոռանալ, որ հենց Սահմանադրությամբ ամրագրված երկու դրույթները ի չիք են դարձնում այդ մեկնաբանությունը: Մասնավորապես Սահմանադրության 5-րդ գլուխ, 123 հոդվածը.
1. Հանրապետության նախագահը պետության գլուխն է:
2. Հանրապետության նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը:
Հենց երկրորդ դրույթի իրականացման մեջ է մտնում հայտնի գաղտնալսման թեկուզ եւ արձագանքելը: Ի վերջո, Սահմանադրության մեջ ամրագրված են դրույթներ, որոնք էլ հենց խախտվել են այդ գաղտնալսումը թեկուզ եւ կատարելիս: Իսկ հիմա խոսենք փաստերով:
Օրինակ` նույն ԱԱԾ տնօրենի եւ ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության մեջ նշվում է, թե դատավոր է զանգահարել ԱԱԾ տնօրենին, խորհուրդ հարցրել, ապա նշվում է` «վարչապետն ասում է` փակեք»: Այս հատվածը մեկնաբանվեց այնպես, թե փորձ է արվում միջամտել արդարադատության իրականացմանը, դատավորների աշխատանքին: Եթե խախտվել է դատարանների անկախության կամ արդար դատաքննության սկզբունքը, եթե ներգործություն է եղել դատարանի եւ դատավորի վրա, իսկ դա էլ նշանակում է, որ Սահմանադրությունը չի պահպանվել, եւ նախագահը պարտավոր էր արձագանքել:
Սխալված չենք լինի, եթե ասենք, որ այստեղ տուժող են նաեւ նույն Սասուն Խաչատրյանը կամ Արթուր Վանեցյանը, քանի որ դա եղել է մասնավոր ձայնագրություն, եւ փաստացի այն հրապարակվել է, որը հիմք է տալիս եզրակացնելու, որ խախտվել են նրանց իրավունքները՝ հեռախոսային խոսակցության եւ գաղտնիության իրավունքը: Ի վերջո, այդ երկու պաշտոնյաները մասնավոր զրույց են ունեցել, որը հրապարակելը խախտում է նաեւ անձնական տվյալների պաշտպանության փաստը, ինչպես նաեւ հեռախոսային խոսակցությունների հրապարակումը եւս անթույլատրելի է, մանավանդ որ գաղտնալսումներն արվել են ապօրինի: Փաստացի խախտվել են այս պաշտոնյաների սահմանադրական իրավունքները:
Ու նման դեպքում ենթադվրում է՝ նախագահը պետք է որեւէ կերպ արձագանքեր կատարվածին, տեսակետ հայտներ: Բայց չնայած այս ամենին` Արմեն Սարգսյանը, որ պետք է հետեւեր Սահմանադրության իրականացմանը, փաստացի աչք է փակում դրա կետերի խախտումների վրա:
Իհարկե, բազմիցս է նշվել, որ Արմեն Սարգսյանի լիազորությունները սահմանափակ են, եւ նա չի խառնվում բազմաթիվ հարցերի, սակայն վերը նշված կետերը հենց նրա անմիջական պարտականություններն են: Էլ ո՞ր դեպքում պետք է Արմեն Սարգսյանը հրապարակային իր տեսակետն արտահայտի, եթե ոչ Սահմանադրության խախտման պարագայում: Ի դեպ, երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովում մասնակցում էր խորհրդարանի կազմավորման 100-ամյակին նվիրված միջոցառմանը, որից հետո եւս հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱն
ԻՐԱՐ ԿԾԵԼՈՎ
Երեկ ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Հրավիրված էին նախորդ գումարման խորհրդարանների պատգամավորները՝ մոտ 600 հոգի: Ու հատկանշական է, որ ներկա չէին ԱԺ նախկին նախագահներ Հովիկ Աբրահամյանն ու Գալուստ Սահակյանը: Հատկապես Հովիկ Աբրահամյանի բացակայությունը խոսուն էր. ի վերջո, նա եւս թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում եւ հավանաբար լրագրողներից ու նախկին գործընկերներից խուսափելու համար չէր եկել: Նախկին նախագահները հրավիրված չէին, թեեւ նրանցից Լեւոն Տեր-Պետրոսյանը եղել է Գերագույն խորհրդի նախագահ, իսկ Սերժ Սարգսյանն էլ կարճ ժամանակով՝ ԳԽ պատգամավոր:
Բայց ամենաուշագրավը երեկ միջոցառումների ընթացքն էր: Ելույթ ունենալիս չկարողացան առանց իրար «քաղաքական կսմիթներ» անելու մնալ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախ առաջինը ելույթ ունեցավ Բաբլոյանը եւ նշեց. «Վերջին շաբաթներին Հայաստանի ներքաղաքական կյանքը կրկին ալեկոծվում է, եւ, ցավոք, յուրաքանչյուր ցնցմանը հաջորդում է մյուսը` բեւեռացնելով հասարակությանը: Մենք ուղղակի իրավունք չունենք բաժանարար գծեր գծելու մեր եւ մեր միջեւ»: Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չէր կարող առանց պատասխան թողնել ելույթը եւ նշեց. «Որեւէ խորհրդարանի գործունեության արդյունավետության եւ լեգիտիմության աղբյուրը իսկապես ժողովրդի կամքն է, եւ խորհրդարանը պետք է արտահայտի այն տրամադրություններն ու երազանքները, այն ընտրությունը, որ կատարում են ՀՀ քաղաքացիները: Հույս հայտնեմ, որ նաեւ կկարողանա ԱԺ նախագահի նշած սկզբունքների շրջանակներում լուծել այն խնդիրները, որոնք առկա են ՀՀ քաղաքական օրակարգում»,- նշեց Փաշինյանը:
ՎԵՐՋԻՆ ՕՐՈՎ
Այսօր ավարտվում է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Այս տասն օրերի շրջանակում առավել լարված ստացվեցին վերջին օրերը, երբ ընտրություններին մասնակից մի քանի ուժեր սկսեցին միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել եւ այդպիսով լարել իրավիճակը: Այսօր քաղաքական ուժերը կամփոփեն քարոզարշավները, եւ վաղն էլ լռության օր կլինի:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանին պատկանող «Կեչառիս հոթել» ՍՊԸ-ն ընկել է դատարանի դռները: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2018 թվականի սեպտեմբերի 19-ին «Կեչառիս Հոթել» ՍՊԸ-ն դիմել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան` «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ից պահանջելով շուրջ 622 հազար դրամ: Ամենայն հավանականությամբ «Գոլդեն Թրավել» ՍՊԸ-ն զբոսաշրջիկներ է տարել ԱԺ պատգամավորին պատկանող հյուրանոցային համալիր, սակայն վերջում չի վճարել ՍՊԸ-ի ծառայությունից օգտվելու համար, եւ հիմա «Կեչառիս հոթելը» ընկել է դատարանի դռները` պահանջելով իր գումարները:
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է ստացել ՀՀ անկախության 27-ամյակի կապակցությամբ: Նրան շնորհավորել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ երկրորդը, Արցախի նախագահ Բակո Սահակյանը եւ այլք:
ՕԵԿ-ԱԲԱՐՈ
«Ազատություն» ռ/կ փոխանցմամբ` ընտրակաշառք առաջարկելու դեպքով ՀՀ գլխավոր դատախազությունում երկրորդ քրեական գործն է հարուցվել։ Դատախազության փոխանցմամբ՝ ավագանու անդամի թեկնածուներից մեկը 10 հազար դրամ է առաջարկել Երեւանի մի բնակչուհու: Գումարը խոստացել է ընտրություններին մասնակցող իրենց ուժի օգտին քվեարկելու դիմաց: Գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ-ից «Ազատությանը» փոխանցեցին` ինչպես 3 օր առաջ ընտրակաշառք առաջարկելու դեպքով հարուցված գործը, այս մեկն էլ դեռեւս չեն ստացել։ Նախորդ դեպքում, ըստ դատախազության, ընտրակաշառքի առաջարկ անողները պատրաստ են եղել մեկ քվեի համար վճարել 60 հազար դրամ, նույնիսկ ավելին։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ «Ազատություն» ռ/կ-ին պատմել է, որ իրենք ահազանգ են ստացել, որ ավագանու ընտրություններին մասնակցող «Օրինաց երկիրը» տեղամասային հանձնաժողովի անդամներին ցանկացել է ներքաշել քարոզչության մեջ, ինչը, նրա խոսքով, անօրինական է։ Ըստ Իոաննիսյանի՝ իրենց դիմել է ՕԵԿ անդամ Լուսինե Ջանոյանն ու պատմել, որ ինքն ու մայրը Կենտրոնի երկու տեղամասային ընտրական հանձնաժողովներում նշանակվել են հանձնաժողովի անդամներ, ինչից հետո իրենց կանչել է Երեւանի ավագանու թեկնածու Լիանա Մանուկյանը եւ պահանջել հանձնաժողովի անդամի 55 հազար դրամ աշխատավարձի դիմաց 10 ձայն բերել կամ ինքնաբացարկ հայտնել, որ այդ գումարը ստանան կուսակցության համար «ձայն բերողները»: Ջանոյանները, ըստ Իոաննիսյանի, հրաժարվել են քարոզել «Օրինաց երկրի» համար, տվել են ինքնաբացարկի դիմումներ, անգամ դուրս են եկել կուսակցությունից: Բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ըստ Իոաննիսյանի, միջամտել է, եւ նրանք վերականգնվել են։
ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵՑ
«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում անդրադարձել էր Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի պաշտոնավարման ընթացքում կատարած չարաշահումներին: Գրել էինք, որ դրանք բացահայտվել էին ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով իրականացված ստուգումների արդյունքում: Եւ ահա երեկ Կոտայքի մարզպետարանը տեղեկացրել է, որ Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական եւ մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ եւ իրավախախտումներ: Դրանց վերաբերյալ 2018թ.-ի օգոստոսի 13-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Կոտայքի մարզի դատախազին հաղորդում էր ուղարկել նշված իրավախախտումները քննության առարկա դարձնելու եւ օրինական կարգով ընթացքը լուծելու համար: Գործի քննությունը հետագայում հանձնվել է ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնին, սակայն այստեղ քրեական գործ հարուցելը մերժվել էր: Սակայն Կոտայքի մարզպետը բողոքարկել է վերոնշյալ որոշումը Կոտայքի մարզի դատախազին: Արդյունքում՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի եւ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ եւ ուղարկվել նախաքննության: