ՖՈՏՈ. Բողոքի ակցիա հայ-վրացական սահմանին. Բագրատաշենի անցակետում աջ ղեկով 130 մեքենա է կուտակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աջ ղեկով մեքենաներ ներկրողներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել հայ-վրացական սահմանին:
Վերջիններս հայտնվել են ծայրահեղ ծանր վիճակում: Տեւական ժամանակ է, ինչ Բագրատաշենի անցակետում աջ ղեկով մեքենաների բավականին մեծ կուտակումներ են: Հայկական կողմը արգելում է դրանց մուտքը Հայաստան:

Հիշեցնենք, որ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությունը անցած տարի որոշման նախագիծ ընդունեց`Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին: Ըստ այդմ, 2018-ի ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ը արգելվում էր Հայաստան ներկրել աջ ղեկով ավտոմեքենաներ, բայց արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չի արգելվում երկրի ներսում: Նախկին կառավարության այս որոշման նախագիծը մեծ աղմուկ բարձրացրեց եւ խիստ դժգոհություններ առաջացրեց ավտոներկրողների մոտ: Անգամ բողոքի ակցիաներ իրականացվեցին: Բայց քանի որ ժամանակավոր արգելքը ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն էր, ներկրողները սկսեցին երկու ամիս առաջ աջ ղեկով մեքենա գնել: Եւ ահա ՀՀ ազգային ժողովի մարտի 1-ի նիստում քվեարկության դրվեց «Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին» հարցը: Դեմ քվեարկեց 33, կողմ` 61 պատգամավոր: Նշենք, որ նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ: Իսկ ահա մարտի 16-ին այն ստորագրվեց ՀՀ այլեւս նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից: Սակայն պարզվում է, որ նախագծի երկրորդ ընթերցման ընթացքում փոփոխություն է կատարվել եւ հանվել է «ժամանակավոր» բառը (տե՛ս լուսանկարում): Այսինքն` այս տարվա ապրիլի 1-ից ընդհանրապես արգելվում է աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների «Բաց թողնումներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով: Իսկ ավտոներկրողները պնդում են, որ այս մասին իրենք նախապես տեղյակ չեն եղել ու փաստի առաջ են կանգնել: Այսինքն՝ սկզբում օրենքի փոփոխություն արվեց, որպեսզի մեղմվի դժգոհության ալիքը: Բայց հետո հասարակության թիկունքում, գաղտագողի փոփոխություն է արվել օրինագծում:

Ու հիմա էլ բողոքի ալիք է բարձրանում, քանի որ Բագրատաշենի անցակետում տեւական ժամանակ է, ինչ 130 եւ ավելի աջ ղեկով ավտոմեքենաներ են կուտակվել: Մարդիկ, հավատալով նախկին իշխանություններին, որ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 1-ն է արգելքը, մեկը վարկով, մյուսըպարտքով աջ ղեկով մեքենա են պատվիրել, գնել: Բայց հիմա այն չեն կարողանում ներկրել Հայաստան, քանի որ նախկին կառավարությունը, կոպիտ ասած,«քցել է» ՀՀ քաղաքացուն: Ընդ որում, նշենք, որ Վրաստանի տարածքում եթե մեկ մեքենան 60 օրից ավել է մնում, ապա վարորդը պետք է օրական 50-60 լարի (9000-10000 դրամ) վճարի: Իսկ ավտոկանգառներում կայանելու մեկ օրվա վարձը կազմում է 4 լարի (730 դրամ):

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ «Անգամ բանավոր զրույցներում կառավարության անդամներ, տրանսպորտի նախարարության աշխատողներ կան, որոնք ասում են, որ տեղյակ չեն եղել «հոկտեմբերի 1-ի կամ ժամանակավոր»-ի հանվելու մասին: Դրանք դուրս են եկել Վրաստանից, հատել են չեզոք գոտին եւ այժմ գտնվում են հայկական սահմանին: Այս պահին հայկական սահմանին, մաքսային տարածքում 130 մեքենա կա կուտակված: Ի դեպ, տեղեկացնենք, որ հայկական սահմանին «գերի մնացած» աջ ղեկով մեքենաները վնասվում են մեծ բեռնատար մեքենաների տեղաշարժի հետեւանքով:
Մեր զրուցակցից տեղեկացանք նաեւ, որ վարորդների մի մասը, ովքեր աջ ղեկով մեքենա են ներկրում, փորձում են Վրաստանի տարածքում փոխել ղեկը եւ այդպես ներմուծել: Բայց մասնագետը պնդում է, որ ղեկը փոխած մեքենան վարորդի համար հղի է լուրջ վտանգներով: «Ղեկը փոխած մեքենաները կարող են մահացու լինել վարորդի համար, որովհետեւ վրացիները ինչ-որ ավտոտնակներում, նկուղային հարկերում Աստծուն հայտնի ձեւերով են ղեկերը փոխում առանց մասնագիտական կրթության: Ընդհանրապես, աշխարհում չկա որեւէ լիցենզավորված ընկերություն, որը ղեկ փոխի: Դա հեռախոս չէ, որ վերցնես եւ, ենթադրենք, ճապոներեն այբուբենը փոխես հայերենով»,- զարմացած նկատեց «Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը: Ապա ներկայացրեց, որ մարդիկ են եղել, որոնք Վրաստանում փոխել են ղեկը, բայց այդ նույն մեքենաներով եկել են Հայաստան, ու կարճ միացումից այրվել է մեքենան, կամ ղեկը կոտրվել, մնացել է վարորդի ձեռքերում, իսկ արգելակների կոտրվելու դեպքերը ուղղակի շատեն:

Եթե կառավարությունն այս հարցին լուծում չկարողանա տալ, ապա նրանք չեն կարող գնված մեքենաները հետ վերադարձնել: Քանի որ մեքենաների մեծ մասը ձեռք է բերվել առցանց աճուրդներից, իսկ սեփականատերերն արդեն ստացել են իրենց գումարները: Ի դեպ, վրացի արհեստավորները չեն հասցնում ղեկերը փոխել, ինչի արդյունքում հերթեր են գոյանում, իսկ վարորդների մեծ մասի նկատմամբ էլ տուգանքներ են կիրառվում: Զ. Իգիթյանի խոսքերով` վարորդ կա, ով 700, 800, 900 դոլար է տուգանվել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախաձեռնության անդամներն այս խնդրի շուրջ սեպտեմբերի 14-ին նամակով դիմել են ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Սակայն վարորդների նամակն ուղարկվել է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ու մնացել այնտեղ:

Արդյոք աջ ղեկով մեքենա ներկրողների ճակատագրով մտահոգվա՞ծ է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: «Ժողովուրդ» օրաթերթի այս հարցին ի պատասխան` տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն արձագանքեց. «Ինչպե՞ս կարող է հանրությունը տեղյակ չլինի ընդունված օրենքի մասին: Մենք ունենք օրենք եւ առաջնորդվելու ենք այդ օրենքով: Ինչպե՞ս եք պատկերացնում զիջել, դա ընդունված օրենք է: Ես այս պահին չեմ կարող ասել, թե ինչ կլինի 130 ավտոմեքենայի մասով, բայց գոյություն ունի օրենք, եւ առաջնորդվում ենք դրանով»:
Այս պաշտոնյայի մեկնաբանությունից հետո պարզ է դառնում որ նախարարությունը բացարձակ մտահոգված չէ խնդրով: Հուսանք` այս հրապարակումից հետո «գժուկները» կսթափվեն եւ, ի վերջո, կզբաղվեն խնդրով:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս