ՀՀԿ-ՈՒՄ ՈՐՈՇԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԱՊԱՀ ԴԱՌՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին` երկար ընդմիջումից հետո, հանրապետականները կրկին հավաքվել էին եւ Գործադիր մարմնի նիստ անցկացրել: ՀՀԿ-ի վերջին նիստը տեղի էր ունեցել հուլիսի կեսերին եւ ամառային արձակուրդներով պայմանավորված` ՀՀԿ-ականները չէին շտապում կրկին հավաքվել: Ավելին` «Ժողովուրդ» օրաթերթը նախորդ համարներում առիթ ունեցել է տեղեկացնելու, որ ամռան շրջանում հանրապետական վերնախավը պարբերաբար հավաքվել է, սակայն առանց Սերժ Սարգսյանի. վերջինս այս ընթացքում ավելի մեկուսացել էր, հազվադեպ մարդկանց հետ է հանդիպել եւ այն էլ` առանձին-առանձին:

Եվ ահա նախօրեին առաջին անգամ ԳՄ-ի բոլոր անդամները հավաքվել էին իրար գլուխ, բացական միայն Կարեն Կարապետյանն էր: Ինչպես հայտնի է, ամիսներ առաջ Կարեն Կարապետյանը հրաժարվել էր կուսակցության նախագահի առաջին տեղակալի պաշտոնից` մնալով միայն շարքային ԳՄ անդամ: Մեր տեղեկություններով` նրա բացակայության պատճառը եղել է երկրում չգտնվելը: Եվ հետաքրքիր է, որ ՀՀԿ պաշտոնական կայքում Կարեն Կարապետյանը շարունակում է ներկայացված լինել որպես կուսակցության նախագահի առաջին տեղակալ:
Նախօրեին Գործադիր մարմնի նիստը տարբերվեց նաեւ նրանով, որ ավարտից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ճեպազրույց չունեցավ լրագրողների հետ: Ավանդաբար յուրաքանչյուր նիստից հետո Էդուարդ Շարմազանովը հանդիպում էր լրագրողներին եւ ներկայացնում, թե ինչ են քննարկել, ու պատասխանում նրանց հարցերին: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այսուհետ այլեւս այդպես չի լինելու, եւ նիստերից հետո Շարմազանովը հարցերին չի պատասխանի: Նախօրեին լրագրողների հետ զրույցում մի փոքր խոսեցին Դավիթ Հարությունյանը եւ Գալուստ Սահակյանը:
Բանն այն է, որ առհասարակ ՀՀԿ-ականները որոշել են գաղտնապահ դառնալ եւ կուսակցական շատ հարցեր չհանձնել հանրության դատին: Նաեւ դրանով է պայմանավորված այլեւս ճեպազրույցներ չունենալու հանգամանքը: Ամեն դեպքում Գործադիր մարմնի նիստում քննարկված հարցերի շրջանակը լայն է եղել` ներքաղաքականից մինչեւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Եվ չնայած ՀՀԿ-ականները փորձում են թաքցնել, սակայն քննարկման հիմնական հարցը եղել է հենց արտահերթ ընտրությունների օրակարգը: ՀՀԿ-ն այդպես էլ վերջնականապես չի կարողացել որոշել` տալիս է իր համաձայնությունը արտահերթ ընտրություններ անցկացնելուն, թե պահում է իր իշխանությունը խորհրդարանում։
Ընդհանուր առմամբ մոտեցումն այն է եղել, որ ՀՀԿ-ականները չպետք է հրաժարվեն երկխոսության գնալ Նիկոլ Փաշինյանի եւ մյուս ուժերի հետ: Այդ մասին բարձրաձայնել է նաեւ անձամբ Սերժ Սարգսյանը: Սակայն ՀՀԿ-ականները նաեւ հանգիստ են այն առումով, որ կարծես թե խորհրդարանում ներկայացված մյուս ուժերը եւս կողմ չեն այս տարի խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալու: ՀՀԿ-ականները որոշել են կողմ արտահայտվել երկխոսությանը, սակայն ոչ արտահերթ ընտրություններին շուտ գնալուն: Եվ, առհասարակ, նրանք դեմ են հրատապ ընտրություններին: Նրանց միակ փաստարկն այն է, որ խորհրդարանը ոչ մի կերպ չի խոչընդոտում կառավարության աշխատանքին, եւ, որպես այդպիսին, չկա քաղաքական ճգնաժամ, եւ արտահերթ ընտրություններ այժմ ամենեւին էլ պետք չեն: Գործադիր մարմնի նիստում խորհրդարանը ցրելուն կողմ է մեծամասնությունը, սակայն կան պատգամավորներ, որոնք, այնուամենայնիվ, գտնում են, թե պետք է ցրել խորհրդարանը եւ հետագայում այլ դեմքով ու մարդկանցով ներկայանալ ապագա ընտրություններին:
ԳՄ նիստի ժամանակ մեծամասնությունը կրկին այն կարծիքն է արտահայտել, որ արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն չեն տեսնում եւ այս պահին ավելի կարեւոր հարցեր են տեսնում երկրում, քան այդ օրակարգը: Գոնե այս պահին նրանք միանշանակ որոշում ունեն` երբ էլ տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները, նրանք մասնակցելու են:
Մեր տեղեկություններով` հանրապետականները նախօրեին ավելի շատ լսել են Սերժ Սարգսյանին, ում, ինչպես արդեն նշեցինք, երկու-երեք ամսից ավելի չէին տեսել, եւ այդ առումով նրանք երեկ գերադասել են լսել հենց իրենց կուսակցության ղեկավարին:
Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը նախօրեին Նյու Յորքից ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց, որ Երեւան վերադառնալուն պես խորհրդարանական ուժերի հետ բանակցություններ է սկսելու արտահերթ ընտրությունների անցկացման շուրջ:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԻՐԵՆՔ ԷԻՆ ԽՆԴՐԵԼ
Երկրապահ կամավորական միության շուրջ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնի է` վերջերս ազատամարտիկների մի ստվար մասը սկսել է հայտարարություններ անել, թե որպես ԵԿՄ նախագահ տեսնում են միայն «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանին: Սակայն հետաքրքիր է, որ ավելի վաղ, երբ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը նոր էր կալանավորվել, ազատամարտիկները խնդրեցին, որպեսզի ԵԿՄ-ն ղեկավար դառնա «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Այսինքն` վերջինս ոչ թե ինքն է հավակնություններ ներկայացրել, այլ ազատամարտիկներն են նրան խնդրել, եւ փաստորեն վերջինս պարզապես չի կարողացել հաշվի չառնել նրանց խնդրանքը: Եվ հիմա էլ օրեր անց ազատամարտիկները կարծես թե փոշմանել են ու այս անգամ էլ անընդհատ բարձրաձայնում են Սասուն Միքայելյանի անունը: Եվ հիմա հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, Միքայելյանը չի ուզում, Սարգսյանն էլ չի ընտրվել, եւ ԵԿՄ համագումարը, որպես այդպիսին, առկախվել է:

 

 

ՀԱՑ ՔԻՉ Է ԱՐՏԱԴՐՎՈՒՄ
Հայաստանում հացի արտադրության ծավալները շարունակում են նվազել: «Ժողովուրդ» օրաթերթը վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին արտադրվել է 178 հազար տոննա հաց, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի` 182 հազար 400 տոննայի դիմաց: Այսպես, պաշտոնապես մեր հանրապետությունում հացի արտադրության ոլորտում գրանցվել է 2.4 տոկոսի նվազում: Ակնհայտ է, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ: Չէ՞ որ որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները:

 

 

ԷԼԻ ՄԻՋԱԴԵՊ
Տեւական ժամանակ է՝ ՀՀ ոստիկանությունը եւ Երեւանի քաղաքապետարանը պայքար են տանում փողոցային առեւտուր արգելելու համար, սակայն ո՛չ քաղաքապետարանի աշխատակիցներին, ո՛չ էլ ոստիկաններին չի հաջողվում ոլորտում կարգավորում մտցնել: Արդյունքում բանը հասել է այնտեղ, որ փողոցային առեւտրով զբաղվող անձինք են բռնություն կիրառում իրավապահների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ Մաշտոցի պողոտայում, մասնավորապես` Փակ շուկայի հարակից տարածքում, ոստիկանները փորձել են արգելել փողոցային առեւտրով զբաղվող կանանց գործողությունները, սակայն առեւտրով զբաղվող կանայք դիմադրել են ոստիկաններին, որից հետո կանանցից մեկը վերցրել է ոստիկանի ձեռքից հեռախոսը, հարվածել է գետնին ու կոտրել: Ասել է թե` փողոցային առեւտուր իրականացնող կանայք պարզապես դարձել են անվերահսկելի, ցանկացած պահի ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու պատրաստ: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանը ի պատասխան` ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հաստատեցին տեղեկությունը` նշելով, որ այդ առթիվ նյութեր են նախապատրաստվում:

 

 

ՎԱՂՈՒՑ Է ՎԵՐԱԴԱՐՁՐԵԼ
ԱԳՆ-ն չեղարկել է Ռոբերտ Քոչարյանի տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի դիվանագիտական անձնագրերը, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի տիկնոջ՝ Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի անունը այդ ցանկում չկա: Սոցցանցերում քննարկում կա, որ առաջին նախագահի կնոջ դիվանագիտական անձնագիրը չի չեղարկվել:
Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը Forrights.am-ի հարցին, թե Տեր- Պետրոսյանի կինն ունի՞ դիվանագիտական անձնագիր, այսպես պատասխանեց. «Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից 2 ամիս անց՝ 1998 թ-ին, Վարդան Օսկանյանը նամակով պահանջել է վերադարձնել նրա ու կնոջ դիվանագիտական անձնագրերը: Այդ օրվանից առաջին նախագահն ու նրա կինը դիվանագիտական անձնագրեր չեն ունեցել»:

 

 

ՍՈՎՈՐԱԿԱՆ ՉԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում հանդիպում է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հետ: Ն. Փաշինյանը նշել է, որ երկկողմ միջպետական հարաբերություններն ունեն շարունակական զարգացում, եւ կարեւորել համագործակցությունը տնտեսության ոլորտում: ՀՀ վարչապետի խոսքով` արդեն իսկ մի քանի ղազախական ընկերություններ հետաքրքրություն են ցուցաբերում հայկական շուկայի նկատմամբ եւ նպատակ ունեն իրականացնել ներդրումային ծրագրեր: Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին` Ղազախստանի առաջնորդն ասել է, որ դրանք սովորական չեն, եւ Ղազախստանը կողմ է, որպեսզի հարցերը լուծվեն խաղաղ բանակցությունների միջոցով: Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանը եւ Նուրսուլթան Նազարբաեւը քննարկել են հայ-ղազախական հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցեր:

 

 

ԿԱՐՃԱՏԵՎ ԶՐՈՒՅՑՆԵՐ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում կարճատեւ զրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ: Վ. Պուտինը կարճատեւ զրույց է ունեցել Փաշինյանի հետ: Ի դեպ, Ն. Փաշինյանը կարճատեւ զրույց է ունեցել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ. «Դուշանբեում իմ ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ տեղի ունեցավ խոսակցություն: Մանրամասները կպատմեմ Երեւան վերադառնալուց հետո»,-սոցցանցի իր էջում գրել է Ն. Փաշինյանը:

 

ԳՐԱՎԻ ԴԻՄԱՑ
Քրեական հեղինակություն Ֆազ մականունով հայտնի Սերգեյ Գրիգորյանի եղբայրը` Գրիգորի Գրիգորյանը, 10 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ` նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան, որը բավարարվել է: Միաժամանակ նրա պաշտպանը գրավի միջնորդություն է ներկայացրել դատարան, որը կրկին բավարարվել է, եւ դատարանը Գրիգորյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց է կիրառել գրավը: Նշենք, որ Գրիգորյանը անազատության մեջ էր սեպտեմբերի 25-ից: Վերջինս Աջափնյակի թաղապետի տեղակալն է:

 

 

ՉԻ ԱԶԴԻ
Ռուսաստանը հույս ունի, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի փոխարինումը չի ազդի կազմակերպության բնականոն գործունեության վրա, այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը: «Ռուսական կողմը, ինչպես եւ մյուս անդամ-պետությունները, հետաքրքրված են, որպեսզի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի շուրջ ստեղծված իրավիճակը նվազագույնս անդրադառնա կազմակերպության արդյունավետության եւ բնականոն գործունեության վրա»,-ասել է նա: Պանկինը հիշեցրել է, որ հայկական կողմը նախաձեռնել է Յուրի Խաչատուրովի լիազորությունների վաղաժամ դադարեցման գործընթաց, որն ընթանում է ՀԱՊԿ ընթացակարգերի համաձայն: Ներկայումս էլ, հավաստիացրել է նա, ՀԱՊԿ աշխատանքն ընթանում է առանց խոչընդոտների:




Լրահոս