Արձակված խորհրդարանի պոտենցիալ վտանգը. ինչեր սպասել ՀՀԿ-ից. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն իրավունքի ուժով արձակվեց. երեկ, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ-ն երկրորդ անգամ չընտրեց ՀՀ վարչապետ, եւ Սահմանադրության 149-րդ հոդվածի համաձայն` արձակվեց: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերի 9-ին նշանակելու մասին հրամանագիրը:

Գաղտնիք չէ, որ այս խորհրդարանը չուներ լեգիտիմություն, այն ձեւավորվել էր համատարած ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում: Իսկ արդեն այս տարվա թավշյա հեղափոխությունից հետո խորհրդարանը ոչ միայն չէր արտացոլում հասարակական տրամադրությունները, այլեւ ստեղծվել էր սահմանադրական ճգնաժամ, երբ խորհրդարանում վերացել էր սահմանադրությամբ նախատեսված կայուն մեծամասնությունը: Ուստի այդ իրավիճակում ԱԺ արձակումն այլընտրանք չուներ:

Միայն թե նկատենք` ԱԺ արձակումից հետո անգամ Նիկոլ Փաշինյանի կառավարության եւ, ընդհանրապես, երկրի համար վտանգները չեն վերացել: Արձակված խորհրդարանը շարունակելու է պահպանել բոլոր լիազորությունները մինչեւ նոր ԱԺ ձեւավորումը: Եւ այս իրավիճակում մեծ է վտանգը, որ թվաքանակով դեռեւս ամենամեծ խմբակցությունը համարվող ՀՀԿ-ն կոալիցիոն նախկին գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին Փաշինյանի կառավարության գործունեությունը խոչընդոտելու համար սկսեն ամենատարբեր օրենքներ ընդունել` արհեստականորեն լարելով իրավիճակը:

Ի վերջո, նրանք այլեւս կորցնելու որեւէ բան չունեն: Հուսանք` ՀՀԿ-ն այս ընթացքում չի ընկնի որեւէ մեկի ազդեցության տակ ու չի փորձի նման բաներ անել, այլ կգերադասի արժանապատիվ կեցվածքով իշխանությունից հեռանալը:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի  այսօրվա համարում:




Լրահոս