Նախագահից մինչև ԲԴԽ. դատավորներին դուրս են հանում դատարանից. նամակ-ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը նամակ են ուղարկել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին` ահազանգելով, որ ոչ իրավաչափ դատարանի ստեղծման պատճաբանությամբ իրենց դատարանից դուրս են հանում: Այսպիսով, դատավորները ՀՀ նախագահին դիմելուց բացի նույն նամակը ուղարկել են ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն, այնպես էլ Բարձրագույն դատական խորհուրդ: Ստորեւ ներկայացնում են նամակի բովանդակությունը:

1. «Մեծարգո՛ պարոն Նախագահ, Կարինե Գալֆրեդի Պետրոսյանը եւ Ալեքսեյ Արշալույսի Սուքոյանը (այսուհետ` նաեւ հայցվորներ), հանդիսանալով Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորներ, ՀՀ բարձրագույն դատական խորհրդին ներկայացրել են Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու նպատակով տեղափոխվելու դիմում:

2. 2018 թվականի օգոստոսի 6-ին ՀՀ Բարձրագույն դատական խորհուրդը կայացրել է «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» ԲԴԽ-31-Ո-75/2018թ.որոշումը (այսուհետ նաեւ` վարչական ակտ), որի 1-ին կետի համաձայն` որոշել է Հայաստանի Հանրապետության նախագահին առաջարկել Արա Լեւոնի Կուբանյանի, Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի, Արմեն Գառնիկի Չիչոյանի, Արմեն Օնիկի Խաչատրյանի, Արսեն Արտուշի Բաբայանի, Արտաշես Ալֆրեդի Հովհաննիսյանի, Բագրատ Սերգեյի Մկրտչյանի, Գարիկ Կարոյի Ավագյանի, Գեւորգ Գրիշայի Նարինյանի, Լիլիթ Մարատի Կատվալյանի, Սամվել Եփրեմի Թադեւոսյանի, Տիգրան Ռոբերտի Փոլադյանի թեկնածությունները Սնանկության դատարանում դատավորի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ:

3. ՀՀ նախագահը, հիմք ընդունելով ԲԴԽ-ի Վարչական ակտը, 2018 թվականի օգոստոսի 10-ին ընդունել է «Սնանկության դատավորներ նշանակելու մասին» ՆՀ-285-Ա հրամանագիրը :

4. 2018 թվականի օգոստոսի 20-ին Հայցվորները հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան Ընդդեմ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` ՀՀ բարձրագույն դատական խորհրդի «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումն անվավեր ճանաչելու մասին եւ որպես հետեւանք «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասին:

5. ՀՀ վարչական դատարանը /դատավոր? Մ. Պետրոսյան/ 2018 թվականի օգոստոսի 20-ի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» թիվ ՎԴ/8512/05/18 որոշմամբ Հայցվորների ներկայացրած հայցադիմումը ընդունել է վարույթ: Գործը նախապատրաստական փուլում է:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վիճարկման հայցի վարույթ ընդունելը կասեցնում է վիճարկվող վարչական ակտի կատարումը մինչեւ այդ գործով գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` բացառությամբ օրենքով նախատեսված այն դեպքերի, երբ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման:

Վերոնշյալ իրավական նորմի տառացի մեկնաբանությունից բխում է, որ վիճարկվող վարչական ակտի կատարումը վիճարկման հայցի վարույթ ընդունմամբ կասեցվում է մինչեւ այդ գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը` բացառությամբ այն դեպքի, երբ միաժամանակ առկա են հետեւյալ պայմանները`

* Առկա է օրենքով նախատեսված դեպք.

* Վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման

Թեեւ «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու մասին» ՀՀ Նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի ՆՀ-285-Ա հրամանագրով ՀՀ Նախագահը նշանակել է սնանկության դատարանի դատավորներ, այնուամենայնիվ, վերջիններս իրենց պաշտոնը ստանձնած են համարվում 2019 թվականի հունվարի 1-ից, ինչը մի կողմից նշանակում է, որ օրենքի ուժով նշված հրամանագիրը փաստացի կատարվելու է 2019 թվականի հունվարի 1-ին, մյուս կողմից` 2019 թվականի հունվարի 1-ը այն սկզբնակետն է, որից նշված հրամանագիրը օրենքի ուժով ենթակա է կատարման:

Վերը նշվածի, ինչպես նաեւ օրենքով նախատեսված դեպքի բացակայության պայմաններում վիճարկման հայցի վարույթ ընդունումը կասեցրել է վիճարկվող վարչական ակտի կատարումը:

Չնայած դրան` Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է ձեռնարկել միջոցներ հայցվորների իրավունքը խախտելու ուղղությամբ: Մասնավորապես Ալեքսեյ Սուքոյանին եւ Կարինե Պետրոսյանին առաջարկվում է տեղափոխվել ք. Երեւան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում գտնվող Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրից` հասցեի անշարժ գույքի 3-րդ հարկում վերանորոգման աշխատանքներ իրականացնելու պատճառաբանությամբ, այն պնդումով, թե 2019 թվականի հունվարի 1-ից նշված հարկում աշխատանքն է ծավալելու Սնանկության դատարանը:

Մեծարգո՛ պարոն Նախագահ, Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին 11-րդ արձանագրությամբ փոփոխված Կոնվենցիայի 6-3 հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի եւ հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների Կոնվենցիայի խախտմամբ ծավալվող Սնանկության դատարանի ոչ իրավաչափ գործունեության սկիզբը 2019 թվականի հունվարի 1-ից վտանգի տակ է դնելու նշված դատարանի դատավորների կողմից իրականացված արդարադատությունը, առավել եւս հարյուրավոր կայացվելիք դատական ակտերի իրավաչափությունը:

Բացի այդ, 2019 թվականի հունվարի 1-ից Սնանկության դատարանի գործարկումը գնահատվելու է որպես անհարկի միջամտություն հայցվորների վարչական գործի քննությանը, քանի որ նույնիսկ հայցվորների հայցը հիմնավոր գնահատելու պայմաններում վարչական դատարանը կխուսափի ենթադրյալ բավարարման վճիռ կայացնելու իրավական գործընթացից այն մտավախությամբ, որ, օրինակ, 2019 թվականի մարտի 1-ի դրությամբ դատական ակտի կայացման դեպքում կդրվի 2019 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2019 թվականի մարտի 1-ը կայացված ակտերի իրավաչափության հարցը:

Բարձրագույն դատական խորհուրդը կոչված է երաշխավորելու դատավորների անկախությունը, այլ ոչ թե խոչընդոտելու դատավորների կողմից արդարադատության իրականացմանը:

«Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» ԲԴԽ-31-Ո-75/2018թ. որոշման կատարումը կասեցված է օրենքի ուժով, ուստի եւ այն պարտադիր է բոլորի, այդ թվում ԲԴԽ-ի համար:

Մեծարգո՛ պարոն Նախագահ,

հաշվի առնելով վերը նշվածը եւ նկատի ունենալով այն հանգամանքը, որ ԲԴԽ-ն նախապատրաստվում է մինչև սույն թվականի նոյեմբերի 30-ը Հայաստանի Հանրապետության նախագահին որպես Սնանկության դատարանի նախագահի հնարավոր թեկնածու առաջադրել կատարումը կասեցված ԲԴԽ-31-Ո-75/2018թ.որոշման ցուցակում ներառված անձի` խնդրում ենք կանխել ԲԴԽ-ի ոչ իրավաչափ գործողությունը:

Հարգանքներով` Կարինե Պետրոսյան, Ալեքսեյ Սուքոյան»:




Լրահոս