ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մի շարք դեպքեր: Երկու անձ կալանավորվել է:
2018 թվականի նոյեմբերի 8-ին՝ ժամը 04:30-ին, ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արարատ քաղաքի դեղատներից մեկում գողություն է կատարվում:
Անմիջապես դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբը և նշված դեղատանը հայտնաբարել գողության փորձ կատարող երկու անձի, որոնց փախուստը կանխվել էր դեղատան սեփականտիրոջ կողմից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Առերևույթ հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձինք՝ Արարատի մարզի բնակիչները՝ ծնված 1998 և 1991թթ., նոյեմբերի 8-ին ներկայացել են Վեդիի քննչական բաժին, տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Նախաքննության ընթացքում Արարատի 20-ամյա բնակիչը ցուցմունք է տվել այն մասին, որ դեպքի օրը մուտք են գործել ոչ միայն հիշյալ դեղատուն, այլև համաքաղաքացու հետ նախնական համաձայնությամբ նույն գիշերվա ընթացքում մուտք են գործել նաև Արարատ քաղաքի «Հայփոստ» ՓԲԸ, որտեղ փնտրել են գումար, սակայն գումար չգտնելով՝ հեռացել են:
Այնուհետև Արարատ քաղաքի դեղատներից մեկի մուտքի դռան մետաղյա ճաղավանդակը կտրելու և դուռը լինգի գործադրմամբ բացելու միջոցով մուտք են գործել նշված դեղատուն և դրամարկղից գողացել 110 հազար 720 դրամ գումար:
Բացի այդ, մուտք են գործել նաև Արարատ քաղաքում գործող կահույքի խանութ, սակայն խանութի դրամարկղում գումար չգտնելով՝ հեռացել են, իսկ ժամը 04.20-ի սահմաններում, մուտք են գործել Արարատ քաղաքի մեկ այլ դեղատուն, որտեղից փորձել են գողանալ դրամարկղում առկա 30 հազար ՀՀ դրամը, սակայն բռնվել են սեփականատիրոջ կողմից:
Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել նաև՝ հիշյալ անձանց կողմից առերևույթ կատարված հանցագործության այլ դեպքերի վերաբերյալ։
Մասնավորապես՝ ենթադրյալ հանցագործություն կատարած երկու անձինք վարույթն իրականացնող մարմնին հայտնել են իրենց կողմից 2018թ. օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում կատարված հանցագործության ևս 10 դեպքերի մասին:
Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1998թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (1 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (4 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ) և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով,
1991թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (1 դրվագ), 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (2 դրվագ), 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (3 դրվագ) և 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (1 դրվագ):
Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ: