Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին «Խիստ նկատողություն» «շնորհելու» հարցում Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը բավականին շտապել է:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին մամուլով տարածվեց ձայնագրություն, որտեղ Հրազդանի թիվ 5 հիմնական դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանն իր համաձայնությունն է հնչեցնում համայնքի ղեկավարի ընտրության նախընտրական քարոզարշավին դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին ներգրավելու համար: «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» տեղեկությունը ստուգելու նպատակով զանգահարել էր Հրազդանի թիվ 5 միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանին եւ ներկայացել իբրեւ Սասուն Միքայելյանի օգնական: Ապա Բակլաչյանին հարցրել էր, թե որքան մարդ է պատրաստ բերել հոկտեմբերի 19-ին ժամը 15:00-ին մեկնարկող հանրահավաքին: Տնօրենը պատասխանել էր, որ իր հետ կբերի մոտ 100 մարդ, այդ թվում դպրոցի անձնակազմին, նաեւ առաջարկել ներգրավել դպրոցականներին` 9-րդ դասարանցիներին:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դպրոցի տնօրեն Տ. Բակլաչյանի մասնակցությամբ հայտնի ձայնագրությունից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կարգադրությամբ աշխատանքային կարգապահությունը խախտելու, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար նրա նկատմամբ կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը: Բայց սովորաբար մինչեւ «Խիստ նկատողություն» կիրառելը, նախ տրվում է զգուշացում, նկատողություն, ապա նոր խիստ նկատողություն: Սակայն այս դեպքում ՔՊ-ական մարզպետը շտապել է` շրջանցելով «զգուշացում»-ը, «նկատողություն»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ՀՀ Կոտայքի ՔՊ-ական մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ:
-Պարո՛ն Պետրոսյան, Հրազդանի թիվ 5 դպրոցի տնօրեն Տիգրան Բակլաչյանի նկատմամբ Ձեր կողմից կիրառվել է «Խիստ նկատողություն» կարգապահական տույժ: Ինչո՞ւ եք շտապել այս հարցում. չէ՞ որ նախ կիրառվում է զգուշացում, նկատողություն, ապա խիստ նկատողություն:
-Որոշումը իրավաչափ է, օրենքով մենք լիազորված ենք նաեւ միանգամից «Խիստ նկատողություն» կարգապահական տույժը հայտարարել: Որեւէ ընթացակարգային անհրաժեշտություն չկա բանավոր նկատողություն, ապա խիստ նկատողություն: Իսկ խիստ նկատողություն հայտարարել էինք, քանի որ լրջագույն մտահոգված ենք դպրոցները ապաքաղաքականացնելու գաղափարի ի կատար ածումից: Թեեւ որոշ առումով սադրանքի նման էր այդ զանգը, եւ տպավորություն էր, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը: Բայց միայն այն ձեւակերպումը` իր կողմից հնչեցվող` «9-րդ դասարանցիներ, դպրոցականներ ներգարվելու մասին», սա արդեն մեզ համար բավարար փաստարկ է, որ մենք համաչափորեն հակազդենք այդ երեւույթին: Այս դեպքում ես հինգ անգամ տարբեր ֆորմատի հանդիպումների ընթացքում դպրոցի տնօրենների հետ առանձնահատուկ շեշտել եմ անընդունելիությունը քաղաքական պրոցեսներում տնօրենների, մանկավարժական կոլեկտիվների ներգրավմամբ:
-Բայց մյուս կողմից հնարավոր էր, որ Ձեր կամ Նիկոլ Փաշինյանի անունից զանգեին այդ կամ մեկ այլ դպրոցի տնօրենին…
-Էական չէ, թե ում անունից են զանգում, էականն այն է, որ դպրոցի տնօրենը չի հակադարձում: Խնդիրը դա է: Դպրոցը պետք է մնա մաքուր եւ ապաքաղաքական, չպետք է որեւէ կերպ տնօրենների ձեռամբ ներքաշվի քաղաքական պրոցեսների մեջ: Ես իրենց էլ ասել եմ` ժամը 18.00-ից հետո` աշխատանքային ավարտից հետո, զբաղվե՛ք քաղաքականությամբ որ կուսակցության եւ որ քաղաքական թիմի մեջ կուզեք: Բայց ձեր աշխատանքային լիազորությունների շրջանակներում դուք պարտավոր եք առաջնորդվել բացառապես «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով եւ որեւէ կերպ դպրոցը չսարքել քաղաքական սակարկումների, քաղաքական պրոցեսների կենտրոն:
-Գոնե պարզե՞լ եք, թե ինչ շահագրգռվածություն է ունեցել զանգահարող կողմը:
-Իհարկե, դա իմ գործը չէ: Եթե չեմ սխալվում, Սեւակ Միքայելյանի շտաբը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն: Այնտեղ քննություն է տեղի ունենում: Այսինքն` դա տիպիկ իրավապահ մարմինների զբաղվելու գործ է: Ես իմ լիազորությունների մեջ «Խիստ նկատողություն»-ը հայտարարել եմ, հետաքննություն իրականացնել` ով ինչի համար է զանգում, դա իմ լիազորություններից, ինչպես նաեւ իրավասություններից դուրս է:
-Ճի՞շտ է արդյոք, որ կանչել եք Բակլաչյանին Ձեզ մոտ եւ պահանջել ազատման դիմում գրել:
-Հիմա մեր մարզում քաղաքական լուրջ պրոցեսներ են ընթանում, հազար ու մի բան կարող են ասել, շրջանառել, ես հակված չեմ ամեն ինչ մեկնաբանելու: Ես ձեզ ասում եմ այն, ինչ կա ի պաշտոնե: Մենք հայտարարել ենք գրավոր «Խիստ նկատողություն», եւ դա նաեւ մյուս տնօրենների համար հստակ մեսիջ էր` երբեւէ մեկը հանկարծ իրեն թույլ չտա դպրոցը ներքաշելու քաղաքական պրոցեսների մեջ` անկախ նրանից, թե որ թիմին է ցանկացել արջի ծառայություն մատուցել: Դպրոցը պետք է լինի ապաքաղաքական:
-Դուք հանդիպե՞լ եք Բակլաչյանի հետ…
-Բակլաչյանի հետ հանդիպել է փոխմարզպետը, ով համակարգում է կրթության ոլորտը, եւ կրթության բաժնի պետը:
-Այնուամենայնիվ, Ձեր փոխմարզպետի կամ կրթության վարչության պետի կողմից հրահանգվե՞լ է աշխատանքից ազատման դիմում գրել…
-Ես չեմ մեկնաբանում այդ տեղեկությունը, քանի որ ինքս անձամբ հանդիպում չեմ ունեցել: Բայց մենք առաջադրել ենք պահանջ դպրոցները ապաքաղաքականացնելու, եւ եղել է հստակ այս պահանջի, աշխատանքային կանոնակարգի կոպիտ խախտում:
-Փաստորեն չեք հերքում, որ ստիպել եք դիմում գրել: Շնորհակալություն:
Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԸ ԱՆԱՍՆԱԳՈ՞Ղ
Հոկտեմբերի 21-ին Իջեւանի տարածաշրջանի Լուսահովիտ համայնքում տեղի ունեցան համայնքի ղեկավարի ընտրություններ: Թեկնածուներն ի սկզբանե 3-ն էին՝ անկուսակցականներ Հունան Անանյանը, Լիպարիտ Թիրաբյանը, Գրիգոր Սարհատյանը: Սեպտեմբերի 27-ին Հ. Անանյանն ինքնաբացարկ էր հայտնել: Իջեւան քաղաքում տեղակայված թիվ 38 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հոկտեմբերի 21-ին Լուսահովտում կայացած ընտրությունների վերաբերյալ բողոքներ չկան: Ցուցակային 264 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 175-ը: 4 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, Գ. Սարհատյանը ստացել է 97, Լ. Թիրաբյանը՝ 74 քվե: Գ. Սարհատյանը Լուսահովտի նախկին գյուղապետ, հանգուցյալ Վոլոդյա Սարհատյանի որդին է: Հիշեցնենք, որ նորընտիր համայնքապետը 2 տարի առաջ դատապարտվել է անասնագողության համար: 1984թ. ծնված, ութամյա կրթությամբ Գ. Սարհատյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ 2015թ. սեպտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Իջեւանի տարածաշրջանի Խաշթառակի գյուղի «Կարմրուտ» հանդամասից գաղտնի հափշտակել է Խաշթառակի բնակիչ Գրետա Թիրաբյանի ընտանիքին պատկանող, 1 միլիոն 500 հազար դրամ ընդհանուր արժեքով 7 գլուխ խոշոր եղջերավոր անասունը: Գ. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր. 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով («Գողությունը, որ կատարվել է խոշոր չափերով»): Տավուշի մարզի դատախազությունը Գ. Սարհատյանի նկատմամբ կալանքի` որպես խափանման միջոցի միջնորդություն է ներկայացրել, սակայն Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը մերժել է այդ միջնորդությունը: Դրանից հետո Տավուշի դատախազությունը դատարանի այդ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, սակայն ապարդյուն. Գ. Սարհատյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2016թ. մարտի 5-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը վճռել է Գ. Սարհատյանին մեղավոր ճանաչել նրան առաջադրված հոդվածով եւ դատապարտել 2 տարի ժամկետով ազատազրկման: Գ. Սարհատյանի պաշտպանն այդ վճռի դեմ վերաքննիչ, հետո վճռաբեկ բողոքներ է ներկայացրել, սակայն ՀՀ վերաքննիչ եւ վճռաբեկ դատարաններն այդ բողոքները մերժել են:
2016թ. դեկտեմբերի 19-ին Իջեւանում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը, քննելով Գ. Սարհատյանի դիմումը դատավճռով նշանակված ազատազրկումը հանրային աշխատանքներով փոխարինելու մասին եւ հաշվի առնելով, որ նա դատապարտվելուց հետո լրիվությամբ հատուցել է քրեական գործով տուժողին պատճառված վնասը, նա այլեւս բողոք կամ պահանջ չի ներկայացրել ու նպատակահարմար չի համարել Գ. Սարհատյանին հասարակությունից մեկուսացնելը: Այս հիմքով էլ Գ. Սարհատյանի կալանքը փոխարինվել է այլընտրանքային պատժատեսակով, եւ որպես հիմնական պատիժ նշանակվել է հանրային աշխատանքները` 2200 ժամով: Թե երբ եւ ինչպես է այդ աշխատանքները կատարել նորընտիր գյուղապետը, չկարողացանք պարզել:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
130 ԸՆՏՐՈՂ ՈՒՆԵՑՈՂ ԳՅՈՒՂՈՒՄ 11 ՀՈԳԻ Է ՔՎԵԱՐԿԵԼ
ՀՀ Արագածոտնի մարզի Մեծաձոր գյուղում երեկ համայնքի ավագանու անդամների ընտրություններ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 130 ընտրող ունեցող Մեծաձորում ավագանու անդամների ընտրությանը մասնակցել է 11 քաղաքացի:
Տեղեկացնենք, որ Մեծաձորի համայնքի ավագանու թեկնածուները 4-ն են` Զլֆո Ամոյանը, Ռուզաննա Խուդոյանը, Մրազ Միրոյանը, Տոսուն Միրոյանը: Ի դեպ, 4-ն էլ անկուսակցականներ են: Սակայն նրանցից երեք թեկնածուն հավաքել են 3-ական ձայն, իսկ մեկը` 2 ձայն: Մեծաձորի գյուղապետ Մաջիդ Ամոյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ցավով նկատեց, որ տարիների ընթացքում գյուղը դատարկվում է, մարդիկ հեռանում են: Նրա խոսքերով` այսօր գյուղն ունի 130 ընտրող, բայց փաստացի ապրում է 30 մարդ: Պատճառը սոցիալ-տնտեսական ծանր պայմաններն են: Բանն այն է, որ մեծաձորցիների եկամտի միակ աղբյուրը անասնապահությունն է, սակայն վերջին տարիներին այն այդքան էլ եկամտաբեր չէ, քանի որ անասնակերը թանկ է:
Պարզվում է` գյուղը համայնքապետարանի շենք չունի, իսկ աշխատանքային հանդիպումները անցկացվում են գյուղապետի տանը: Ամոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց նաեւ, որ հարեւան` Վերին Բազմաբերդի գյուղապետարանում մի սենյակ են իրեն հատկացրել, որտեղ եւ գտնվում են Մեծաձորի փաստաթղթերը:
Իսկ դպրոցը, որը ուներ 2 աշակերտ, անցած տարվա վերջին է փակվել: «Մի քանի ընտանիք անմիջապես դպրոցը փակվելուց հետո քոչեցին Ռուսաստան: Դիմել ենք կառավարությանն էլ, մարզպետարանին էլ, բայց այդպես էլ դպրոցը չբացվեց: Լավ չի մեր վիճակը»,- հառաչելով ներկայացրեց գյուղապետը:
Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ