ՀՀ փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արարատ Միրզոյանը երեկ կառավարության նիստում անդրադարձել է արտաբյուջեների հավերժական հարցին` նշելով, որ պետք է գնալ դրանց վերացման ճանապարհով: «Մեր Կառավարությունը եւ նախարարությունները, Պետեկամուտների կոմիտեն եւ մնացյալ մարմինները պիտի հստակ հասկանան, արտաբյուջեներով ոչ թափանցիկ, զանազան հոսքերի կառավարում չի լինելու»,-նշեց Արարատ Միրզոյանը:
Նշենք, որ արտաբյուջեների թեման հավերժական է եղել եւ մշտապես հանդիսացել է ընդդիմության քննարկման առարկան: Մասնավորապես, նրանք վստահ են եղել, որ մշտապես արտաբյուջետային գումարները ոչ թափանցիկ են ծախսվում: Օրինակ, 2017 թվականի ինը ամիսներին Հայաստանի պետական մարմինների արտաբյուջեներ կատարվել են 22 մլրդ դրամի մուտքեր, սակայն ծախսվել է 23 մլրդ դրամ։
Այդ նույն տարվա հաշվետվության համաձայն, արտաբյուջետային հաշիվների միջոցների շրջանառության փաստացի ամենամեծ ծախս կատարել են երեք գերատեսչություններ, որոնց ընդհանուր գումարը կազմել է արտաբյուջետային ծախսերի 81.3 տոկոսը:
Այդ գերատեսչություններն են եղել` Կառավարությանն առընթեր ոստիկանություն` 56.6 տոկոս, Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե` 14.9 տոկոս, Քաղաքաշինության պետական կոմիտե` 9.9 տոկոս: Այս խնդիրը կարեւորել էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, գործնական քայլերը սակայն ուշացել են: