Սոս Սարգսյանի անվան Համազգային պետական թատրոնում սկանդալային իրավիճակ է. դերասանները պահանջում են տնօրեն, գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանի հրաժարականը: Վերջինս մասնակի բավարարել է կոլեկտիվի պահանջը` հրաժարվելով գեղարվեստական ղեկավարի պաշտոնից եւ այն զիջելով ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին:
Թատրոնի դերասանական կազմին, սակայն, ոչ միայն չի բավարարել, այլեւ զայրացրել է այդ որոշումը: Նախ` նրանք պահանջում են, որ Չալդրանյանը լքի նաեւ տնօրենի պաշտոնը եւ հեռանա թատրոնից, երկրորդ` համաձայն չեն նրա նշանակման հետ եւ այն համոզման են, որ Սուրեն Շահվերդյանը գեղարվեստական ղեկավարի լավագույն թեկնածուն չէ: Դերասանները ցանկանում են, որպեսզի այդ պաշտոնում ներսից մեկը նշանակվի: Նրանք անգամ ունեն իրենց թեկնածուներին` տնօրենի պաշտոնում ցանկանում են տեսնել թատրոնի դերասան Արման Նավասարդյանին, գեղարվեստական ղեկավարի պաշտոնում` դերասանուհի Նարինե Գրիգորյանին: Եվ քանի դեռ դերասանների պահանջները չեն կատարվել, նրանք պատրաստվում են գործադուլ անել:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Արման Նավասարդյանը նշեց, որ Չալդրանյանի կատարած նշանակման մասին նոյեմբերի 29-ին է իմացել. «Փաստորեն, Չալդրանյանը փորձեց թեթեւացնել բեռը` ցույց տալով, թե իբր ականջալուր եղավ մեր պահանջին, բայց ամենեւին էլ այդպես չէ: Ո՞վ է Սուրեն Շահվերդյանը: Ուրեմն Նարինեն նրա չափ չկա՞: Նարինեն եւ մյուս դերասաններս այս թատրոնի ամեն քառակուսի մետրի համար քրտինք ենք թափել, ոչ ոքի սիրտը մեր սրտի չափ չի ցավում այս կառույցի համար: Մենք բոյկոտելու ենք նաեւ Սուրենի նշանակման առիթով: Իսկ Չալդրանյանի` գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ բողոքել ենք առաջին իսկ օրերից: Սակայն այն ժամանակվա մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շատ կոշտ պատասխան տվեց մեզ` նշելով, որ որոշում կայացնողը մենք չենք, այլ ինքը: Ասաց` միասին աշխատե՛ք, տեսնենք` ինչ կլինի: Տեսանք. Չալդրանյանը թատրոնի մարդ չէ, նա կոլեկտիվ մտածողություն չունի, չգիտի` ինչպես ղեկավարի այս կառույցը: Մեզ համար շատ շահեկան առաջարկներ` կապված հովանավորների, շրջագայությունների եւ փառատոնների հետ, մերժել է: Բացի այդ, կոլեկտիվի անդամներին վերեւից է նայում, անմիջական շփում հաստատել իր հետ չի ստացվում»,-մանրամասնեց դերասանը:
Նույն թատրոնի դերասան Ստեփան Ղամբարյանն էլ չի պատկերացնում, թե ինչպես են թատրոնի դերասաններն աշխատելու դրսից բերված գեղղեկավարի հետ. «Չալդրանյանն ուզում է Սուրենի հետ աշխատել, ուզում է` իրար հետ թատրոն ղեկավարեն, բայց ո՛չ ինքը, ո՛չ Սուրիկը մեր թատրոնի հետ կապ չունեն: Ուզում ենք, որ Չալդրանյանը հեռանա, իր նշանակած գեղղեկավարին էլ հետը տանի: Մեր պայքարը չի դադարելու: Պետք է շեշտեմ նաեւ, որ Վիգեն Չալդրանյանը, տեւական ժամանակ համատեղելով գեղարվեստական ղեկավարի եւ տնօրենի պաշտոնները, խախտել է «ՊՈԱԿ-ների մասին օրենքը», որը հստակ ամրագրում է` նույն մարդը չի կարող զբաղեցնել ե՛ւ տնօրենի, ե՛ւ գեղղեկավարի պաշտոնը»,-մեկնաբանեց դերասանը:
Մենք զրուցեցինք նաեւ ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի հետ, հարցրինք` ինչպես է պատկերացնում իր գործունեությունը մի թատրոնում, որի դերասաններն իրեն չեն ընդունում. «Օրենքի համաձայն` գեղարվեստական ղեկավարին նշանակում է տնօրենը, դրա հետ հարկավոր է հաշվի նստել, բացի այդ, աշխարհի եւ ոչ մի թատրոնում նմանատիպ նշանակումների արդյունքում նոր գեղղեկավարներին գրկաբաց չեն ընդունում: Հասկանալի է, որ տվյալ կոլեկտիվն ունի թատրոնի ապագայի հետ կապված իր տեսլականը, բայց պետք է հակառակը լինի. գեղարվեստական ղեկավարը պետք է ունենա թատրոնի վերաբերյալ իր տեսլականը եւ իր շուրջ հավաքի համապատասխան մարդկանց, որոշի` ում հետ աշխատի եւ ում հետ` ոչ: Ես պատրաստվում եմ մոտ օրերս հանդիպել ստեղծագործական կազմի հետ եւ ներկայացնել իմ ապագա ծրագրերը»,-պատասխանեց ռեժիսորը:
Մենք հարցրինք` ինչպե՞ս հասկանալ այն հանգամանքը, որ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տնօրենի կողմից գեղարվեստական ղեկավարի պաշտոնի նշանակման հարցը Սուրենն ամիսներ առաջ քննադատեց (Սուրենը գեղղեկավարի պաշտոնում առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն տնօրենն ընտրեց այլ թեկնածուի)` նշելով, որ աբսուրդ է, երբ տնօրենն է որոշում` ում նշանակի այդ պաշտոնում եւ ում` ոչ, սակայն Համազգային թատրոնի պարագայում, երբ տնօրենի ընտրությունը կանգ առավ արդեն իր վրա, այդ երեւույթի հետ ինքը հաշտ է. «Ես այսօր էլ համարում եմ, որ սխալ է, երբ տնօրենն է նշանակում գեղարվեստական ղեկավար, բայց քանի որ ունենք այդ օրենքը, առաջնորդվում ենք դրանով: Օրենքը պետք է փոխվի: Որքանով տեղյակ եմ, մշակույթի նախարարությունն աշխատում է այդ օրենքի փոփոխության վրա: Եվ երբ թատրոնի գեղղեկավարը կնշանակվի մի կոնկրետ մարմնի, այլ ոչ թե տնօրենի կամ դերասանների քմահաճույքով, այդ ժամանակ թատրոններում կունենանք առողջ մթնոլորտ»- մեկնաբանեց մեր զրուցակիցը:
Սուրենը պատրաստվում է թատրոնն ազատել միանձնյա կառավարման համակարգից` փոխարենը հավաքելով գեղարվեստական խորհուրդ, որի անդամները կհրավիրվեն դրսից: Խորհրդի կազմում կլինեն թատրոնի հեղինակավոր գործիչներ, որոնց առջեւ էլ Սուրեն Շահվերդյանը հաշվետու եւ պատասխանատու կլինի:
Հիշեցնենք, որ Վիգեն Չալդրանյանը Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակվել է 2016 թվականի դեկտեմբերին: 2017 թվականի օգոստոսից նա նաեւ թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն է: Մենք փորձեցինք կապ հաստատել նաեւ պարոն Չալդրանյանի հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
«ԱՌԱՎԵԼ ԵՎՍ, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԳՆԱԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ»
«Տարիներ շարունակ ժողովուրդը դժգոհել է, որ ընտրությունների ժամանակ իր քվեն տեղ չի հասել, որ արդյունքները կեղծվել են: Հիմա մենք մաքսիմալ ապահովագրված ենք այդ ամենից եւ առավել քան երբեւէ պարտավոր ենք ներկայանալ ընտրություններին եւ մեր ձայնը տեղ հասցնել»,-«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց դերասանուհի Զառա Սահակյանը:
Մենք հետաքրքրվեցինք` թավշյա հեղափոխությանն իր աջակցությունը հայտնած դերասանուհին արդյոք այժմ էլ սատարո՞ւմ է Նիկոլ Փաշինյանին եւ նրա թիմին. «Ես հեղափոխությանը մասնակցել եմ այն ժամանակ իշխող ռեժիմի դեմ պայքարելու եւ երկրում իրավիճակ փոխելու համար: Իմ կռիվը անձերի դեմ կամ հանուն անձերի չէր: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նրա ծրագրերը, տրամադրվածությունը ոգեւորիչ է, իսկ կտրուկ փոփոխությունների համար դեռ ժամանակ է պետք: Համենայն դեպս, Փաշինյանն այն մարդն է, որն իր պաշտոնավարման առաջին իսկ օրերից հաշվի է նստել ժողովրդի կարծիքի, ցանկությունների հետ: Նրա անձի դեմ ո՛չ ես, ո՛չ էլ իմ շրջապատից որեւէ մեկը ոչինչ չունի»,-պատասխանեց դերասանուհին:
Նա շրջապատի մարդկանց կողմից Փաշինյանի եւ իր թիմի գործելաոճի վերաբերյալ տարբեր տեսակետներ է լսել, դժգոհությունները հիմնականում կապված են կադրային քաղաքականության հետ. «Բնականաբար, հեղափոխությունից հետո Փաշինյանի կողքին կարող էին հայտնվել գործից ոչ այնքան տեղյակ, անփորձ կադրեր զուտ այն պատճառով, որ նրանք վայելում են Փաշինյանի վստահությունը: Կարծում եմ` որոշ ժամանակ անց կլուծվի նաեւ տարբեր ոլորտները պրոֆեսիոնալներով «ողողելու» խնդիրը»,- շեշտեց Զառան` հավելելով, որ մի շարք խնդիրներից քաղաքացիները տանը նստած չեն կարող գաղափար ունենալ, ուստի դատողություններ անելիս հաճախ կարող են սխալվել:
Մենք հետաքրքրվեցինք` դերասանուհու կարծիքով հանրապետականները կանցնե՞ն արդյոք խորհրդարան, եւ եթե այո, նրանց կհաջողի՞ արդյոք լինել ուժեղ ընդդիմություն. «Չգիտեմ` կանցնեն, թե ոչ, բայց, անշուշտ, նրանց մեջ կան պրոֆեսիոնալներ, որոնց գիտելիքներն ու փորձը կարելի է օգտագործել ի շահ հայ ժողովրդի: Այդ ներուժը կարող է ծառայել հանրության բարօրությանը»,-եզրափակեց դերասանուհին:
Ա. ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ԳՈՀ ՈՒ ԴԺԳՈՀ
«Պարի ՍենԺերմեն»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆֆոնը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Լիվերպուլ»-ի նկատմամբ 2:1 հաշվով տոնած հաղթանակի մասին: Եզրափակիչ փուլ դուրս գալու համար փարիզյան թիմին այժմ անհրաժեշտ է վերջին տուրում հաղթել «Ցրվենա Զվեզդա»-ին: «Ես շատ գոհ եմ մեր խաղից: Մենք շատ համակարգված, բարձր մակարդակով խաղացինք եւ ցույց տվեցինք հաղթելու մեծ ցանկություն: Մենք մրցակիցներին ցույց տվեցինք մեր իրական ուժը, ազդանշան տվեցինք: «Լիվերպուլ»-ին հաղթեցինք միասնականության շնորհիվ: Երբ հանդես էի գալիս «Յուվենտուս»-ում, չէի կարծում, թե ՊՍԺ-ն կդառնա ուժեղ ակումբ:Այժմ ես փորձում եմ ՊՍԺ-ին օգնել իմ փորձով եւ թիմակիցներին վստահություն հաղորդել»,-ասել է Բուֆֆոնը:
Անգլիական «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դժգոհ է մնացել ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղի մրցավարությունից: «Գիտեմ, որ հետո լրագրողները կգրեն, թե ես բողոքում եմ: Սակայն այս խաղի ընդմիջումները չափազանց շատ էին ու անընդունելի: Մենք Անգլիայում 2 անգամ հաղթել ենք արդար խաղի մրցույթում, իսկ ՊՍԺ-ի դեմ խաղում անընդհատ ստանում էինք դեղին քարտեր: Մենք տրամադրված էինք ագրեսիվ, սակայն ագրեսիվությունը ոչ միշտ է օգնում ֆուտբոլում»,- ասել է Կլոպը:
ՄԱՐԶՉԻ ՄԵՔԵՆԱՆ ԹԱԼԱՆԵԼ ԵՆ
Երեւանում թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մեքենան: Նոյեմբերի 28-ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Կոմիտաս պողոտայում կայանված Porsche Cayenne մեքենայի լուսարձակները: Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր: Նշենք, որ մեքենան հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում, եւ այն վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:
ՊԱՅՄԱՆՆԵՐ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ դե Խեան պայմաններ է ներկայացրել Ակումբին, որոնց կատարման դեպքում նա պատրաստ կլինի մնալ թիմում: Դե Խեայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ ավարտվում է հաջորդ ամառ, սակայն կարող է երկարաձգվել մեկ մրցաշրջանով: Ավելի վաղ դարպասապահը մերժել էր ակումբի առաջարկը պայմանագրի երկարաձգման շուրջ, ըստ որի` նա պետք է շաբաթական 275 հազար ֆունտ ստանար (310 հազար եվրո):