Մանրամասներ Կարագանդայի միջադեպի հետևանքով սպանված երիտասարդի ընտանիքի և մյուս կողմի հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ արդեն հայտնել էինք, որ Ղազախստանի հայ համայնքի ներկայացուցիչները երեկ հանդիպել են հունվարի 1-ի առավոտյան Կարագանդայում տեղի ունեցած վիճաբանության և դանակահարության հետևանքով սպանված 23-ամյա ղազախ երիտասարդի ընտանիքի անդամների հետ:

Հանդիպմանը ներկա  է եղել նաև Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը, «Հին Հռոմ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ հայրը՝ Ավագ Մալխասյանը: Հենց նրա երկու որդիների տղաներն էլ ձերբակալվածների շարքում են, սպանվածի հայրն ու եղբայրը: Երեկ Ղազախստանի Ներքին գործերի նախարարության կողմից մանրամասը տեղեկատվություն էր ներկայացվել այդ օրը տեղի ունեցած վիճաբանության մասին` հաստատելով, որ այդ ամենը եղել է կենցաղային մակարդակի վրա  և ազգամիջյան երանգ չի ունեցել:

Երեկ երկու կողմերի հանդիպմանը ներկա է եղել նաև ղազախստանցի լրագրող Այսուլթան Ժակիպովը:   Նա ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց, որ հանդիպումն անցել է խաղաղ մթնոլորտում և երկու կողմերը հասկացել են իրար: Լրագրողի խոսքով, երկու կողմերն էլ իրենց խոսքում նշել են, թե չեն ցանկանում, որ այս ամենը վերածվի ազգամիջյան ընդհարման և խաղաղություն են ցանկանում:

Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանն էլ ArmLur.am-ի հետ զրույցում ևս հայտնեց, որ հանդիպումը շատ լավ է ավարտվել, և պայմանավորվել ու որոշել են, որ լարվածությունը կվերանա:




Լրահոս