«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մեջ թեժ մարտեր են սկսվել: Ուշագրավն այն է, որ պայքարը վաղուց միայն առաջնորդների մեջ չէ, այլ արդեն երկու թիմերի: Ժամանակը ցույց է տվել, որ նման դեպքերում թիմերը սովորաբար գլխապատառ նետվում են մարտի, ամեն գնով փորձում սեւացնել միմյանց ամենավերջին խոսքերով, բայց վերջում առաջնորդները հաշտվում են, եւ թիմերի անդամները, որոնք իրար հասցեի վիրավորանքներ էին հնչեցրել, հայտնվում են անհարմար դրության մեջ:
Հիշենք 2014-15 թվականները, երբ Հանրապետական կուսակցությունը հարձակում գործեց ԲՀԿ-ի վրա, սակայն առաջնորդները՝ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը, հետո հաշտվեցին: Հիմա ԲՀԿ-ի ու «Լուսավոր Հայաստանի» միջեւ վեճը, եթե անկեղծ, արդեն ձանձրալի է: Երկու կողմերն էլ հիշեցնում են միմյանց անցյալը: ԲՀԿ-ն անդրադառնում է Էդմոն Մարուքյանի առաջին պատգամավորական լեգիտիմության հարցին` ձեռքի հետ հիշեցնելով, որ նախորդ գումարման ԱԺ-ում նա միշտ կողմ էր քվեարկում ՀՀԿ կառավարության կարեւոր նախագծերին: Մյուսը կողմն էլ հիշեցնում է Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամանակ ԲՀԿ-ի կազմած կոալիցիաները: Ի դեպ, երբ ժամանակին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հակամարտության մեջ էին, նրանց հաշտեցրեց ԱԺ նախկին պատգամավոր Թեւան Պողոսյանը` հրավիրելով իրենց տուն: Ըստ էության, այդ քայլից հետո էլ ստեղծվեց «ԵԼՔ» դաշինքը:
«Ժողովուրդ» օրաթերթը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Թեւան Պողոսյանից հետաքրքրվել է՝ արդյոք կփորձի՞ հաշտեցնել նրանց` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարուքյանի հետ նման մի դեպքում հաջողության հասել է:
-Պարո՛ն Պողոսյան, ինչո՞ւ նման հակամարտություն սկսվեց:
-Ամբողջ խնդիրը գալիս է նախկին քաղաքական մշակույթից մնացած հին բացասական խնդիրներից, թե ինչ ենք հասկանում ընդդիմություն ասելով: Քանի որ խոսվում է միայն պայքար, պայքար, պայքար. բա ո՞նց պայքարելու, ի՞նչ են անելու, բա ո՞վ է ռեալ ընդդիմություն լինելու եւ նման այլ հարցեր: Բայց պետք է հասկանալ` կա ժողովրդի քվե, պետք է ցույց տրվի` ինչ գործողություններ են անում, ինչ նոր բանակցային լուծումներ են ներկայացվում, ինչպիսին է լինելու միասնականության ապահովումը: Ի՞նչ է նշանակում ռեալ ընդդիմություն, կամ ընդդիմություն ե՞ք կամ ոչ: Այս պարագայում խնդիր է առաջանում, թե որոնք են լինելու այն հարցերը, որոնք իրենց համար կարմիր գիծ են եւ դրանից հետ չեն գալիս: Մենք այնքան ենք սովորել, որ ընդդիմությունը պետք է գործադիրի վրա մատ թափ տա եւ այլն: Իսկ հիմա խնդիրը հետեւյալն է. եթե օրինակ բերվի օրենքի մի նախագիծ, պետք է կարողանալ փոխել այնպես, ինչպիսին եղել է ծրագրերում: Մինչեւ մտածելակերպ չփոխվի, մինչեւ բացասական հին բաները չվերանան, ունենալու ենք այս տեսակի բան: Այդ նույն քաղաքական գործիչները 2012 թվականից միասին աշխատել են ԱԺ-ում: Այդ խոսակցությունները մեկ-մեկ այնպիսի բանի են հասնում, ոնց որ թե հենց նոր, առաջին անգամ են կյանքում հանդիպում: Սա միայն իրենց խնդիրը չէ, սա հասարակության խնդիրն է: Հասարակությունը պետք է ասի` ես ձեզ ձայն եմ տվել, գնացե՛ք, ինձ համար ցանկալի տնտեսական մոդելը ձեւավորե՛ք, ինձ համար ցանկալի սոցիալական փոփոխությունները բերե՛ք:
-Հնարավո՞ր է միջնորդեք, որ կողմերը հաշտվեն:
-Եթե պարոն Ծառուկյանն ու պարոն Մարուքյանը ցանկանում են հանդիպել, երես առ երես խոսել, ես պատրաստ եմ երկուսին էլ հյուրընկալել մեր տանը: Բայց խնդիրը հետեւյալն է. նրանք պետք է գիտակցեն, որ ՀՀ-ում տեղի են ունեցել ընտրություններ: Իմ պատկերացմամբ` իրենք հիմա քաղաքական առաջնորդության պատասխանատվություն են կրում` աշխատել իրենց թիմերի հետ, մտածել, հասկանալ 5 տարվա մեջ իրենց ներկայացրած ծրագրերը, որոնց համար այդքան քվե են ստացել, կյանքի կոչեն: Պետք է բանակցեն իրար հետ, աշխատեն որտեղ պետք է, միասին, որտեղ պետք է, առանձին: Բայց պետք է հասկանան` իրենք մարդկանց վստահության քվեն են ստացել: Պետք է անցնել այս փուլից եւ մտածել, որ իրենք այլեւս անհատների ներկայացուցիչներ չեն, այլ ամբողջ այն մասի, որը իրենց ձայն է վստահել: Արդյոք այդ մարդիկ քվերակել են, որ երկու կուսակցություններ վիճեն միմյանց հետ: Բացի դա` մարդիկ տարբեր կուսակցությունների են ձայներ տվել, որոնք չեն հայտնվել ԱԺ-ում, եւ այդ ձայները բաշխվել են իրենց երկուսի վրա: Իրենք չեն պատրաստվում այդ մարդկանց ձայնն էլ նույն կերպ ներկայացնեն: Ի վերջո, Հայաստանը հզորանալու է միայն այն ժամանակ, երբ մենք կսովորենք իրար հետ ապրել: Հայաստանում միշտ էլ եղել են տարբեր ուղղություններ, շահեր, ընկալումներ, հետաքրքրություններ ունեցող քաղաքացիներ, բայց միայն ու միայն իրենց միավորելով` մենք կարող ենք հասնել հզոր Հայաստանի: Ես մի անգամ օրինակ եմ ծառայել` ապացուցելով, որ հաջողություններ այն ժամանակ են գալիս, երբ միասնականություն կա: Չեմ կարող նույն բանը էլի անել: Մարդիկ սկսում են անլուրջ վերաբերվել այդ երեւույթին: Ես հիմա միայն կոչ եմ անում եւ հորդորում եմ հարգանքով վերաբերվել իրենց ընտրողներին եւ աշխատել իրականացնելու նրանց սպասելիքները: Հիմա ես փորձում եմ խոսքով ազդեցություն ունենալ: Ասում եմ` պատրաստակամ եմ իրենց հաշտեցնելու, բայց չեմ կարծում, որ դա է այս հարցի լուծման միակ ձեւը: Ես չլինեմ, ուրիշը կլինի: Բայց լավ կլինի, որ վերցնեն հեռախոսը, զանգեն իրար, հասկանան: Եթե պետք է, մեծ ուրախությամբ կհյուրընկալեմ, բայց դա չէ խնդիրը: Հորդորում եմ` տղանե՛ր, մի կողմ դրե՛ք ձեր անձնականը. դա մեզ չի հետաքրքրում: Մեզ հետաքրքրում է, թե ոնց եք վաղը մեր ձայնը, մեր խնդիրները կարողանալու բարձրացնել վերեւ, տարբեր որոշումների մեջ լինել նախաձեռնող եւ դրանով նպաստել մեր կյանքի բարելավմանը:
-Ով ի՞նչ շահեց այս կռվից:
-Ի՞նչ է նշանակում` ով ինչ շահեց: Մենք այս ամենը անում ենք, որ շահի Հայաստանը: Խնդիրը սա է` Հայաստանը կշահի՞, թե՞ կպարտվի: Իսկ այ հակամարտությունը ընտրությունների հետեւանքն է:
-Ինչպիսի՞ հանգուցալուծում եք կանխատեսում:
-Կարծում եմ` հանգուցալուծումը կլինի այն, որ երկուսն էլ կհասկանան, կգիտակցեն, կլծվեն նոր մշակույթին, ստեղծագործ աշխատանքին, շատ տեղերում միասին ճանապարհ կանցնեն` գիտակցելով, որ իրենք ոչ միայն քաղաքական գործիչ են, որ պետք է մտածի հաջորդ ընտրությունների մասին, այլ առաջնորդներ են, որոնք պիտի մտածեն հաջորդ սերունդը կրթելու եւ առաջ տանելու համար:
Զրուցեց ԼՈՒՍԻՆԵ ՄԻՆԱՍՅԱՆԸ
ԱԺ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԸ ՀԵՏԱՁԳՈՒՄ ԵՆ
Նորընտիր խորհրդարանի առաջին նիստի օրվա շուրջ քննարկումները չեն դադարում: Մասնագետների տարբեր խմբեր ԱԺ առաջին նիստի գումարման տարբեր ժամկետներն են մատնանշում, օրենքին համապատասխան` դեկտեմբերի 24 կամ հունվարի 7: Նշենք, որ Սահմանադրության համաձայն` խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու համար քաղաքական ուժերը Սահմանադրական դատարան կարող են դիմել համապատասխան որոշման հրապարակման օրվանից հետո` 5-րդ օրը՝ մինչեւ ժամը 18.00-ն:
Ընտրությունների մասին ԿԸՀ համապատասխան որոշումը հրապարակվել է դեկտեմբերի 16-ին, եւ 5-րդ օրը դեկտեմբերի 21-ն է: Այսինքն` հենց այդ օրը քաղաքական ուժերը կարող են ներկայացնել բողոքի դիմումները: Այս պահի դրությամբ ամեն դեպքում ոչ մի քաղաքական ուժ նման մտադրության մասին չի հայտարարել, անգամ խորհրդարան չանցած ուժերը:
Եվ ահա այդ ժամկետից հետո էլ սկսվում է հաջորդ փուլը: Դեկտեմբերի 21-ից հետո ժամկետ կտրվի արդեն ինքնաբացարկների համար, հետո կհանձնվեն մանդատները եւ կհայտարարվի առաջին նիստի օրը: ՀՀ Սահմանադրության համաձայն` «Արտահերթ ընտրության դեպքում գործող ԱԺ լիազորությունների ժամկետն ավարտվում, եւ նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր ԱԺ կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին»:
Ընտրական օրենսգրքում նշված է. «Նորընտիր ԱԺ լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր ԱԺ կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի բացման պահին»:
Եվ քանի որ դեկտեմբերի 16-ին կազմվեց արձանագրություն մանդատների հանձնման քաղաքական ուժերին, մեծամասամբ կարծիք էր առկա, թե պետք է գործի հենց այս դրույթը, եւ նիստը կայանա դեկտեմբերի 24-ին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` առաջին նիստը տեղի կունենա հունվարի 14-ին: Ի սկզբանե նշվում էր հունվարի 7-ը, սակայն դա արագացված ռեժիմի պարագայում: Ու հաշվի առնելով տոնական մթնոլորտը եւ ոչ աշխատանքային օրերը, որոշում է կայացվել հետաձգել առաջին նիստը: Հավելենք, որ նախորդ տարիների նման մանդատներն էլ այդպես հանդիսավորությամբ, մեծ շուքով չեն տրվի թենածուներին, այլ ամեն ինչ կկազմակերպվի շատ համեստ:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի կողմից երկու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել: Պաշտոնապես ՀՀ արդարադատության նախարարությունը չի ցանկանում գաղտնազերծել, թե ովքեր են դատավորները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց պարզել, որ դատավորներից մեկը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանն է, մյուսը՝ Արայիկ Մելքումյանը: Իսկ թե ինչի համար են նրանք հայտնվել կարգապահական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, մեր աղբյուրները չեն մանրամասնում: Մեկնաբանություններ փորձեցինք ստանալ նաեւ դատավորներից, սակայն ապարդյուն. մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան: Նկատենք, որ երկու դատավորներն էլ ժամանակին ակտիվ դերակատարություն են ունեցել մարտի 1-ի գործով քաղբանտարկյալների նկատմամբ շինծու քրեական գործերով անարդարացի դատավճիռներ արձակելու հարցում:
ԵՎՐՈՌԵՄՈՆՏ
Չնայած կառավարության` պետական ծախսերը կրճատելու հորդորներին` մեր պետական պաշտոնյաները չեն պատրաստվում խնայողություններ անել։ Այդպիսի գերատեսչություններից է ՀՀ սահմանադրական դատարանը։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը որոշել է շենքը կապիտալ նորոգման ենթարկել: ՍԴ շենքի նորոգման համար պետական բյուջեից կծախսվի 11 մլն 830 հազար դրամ։ ՍԴ-ն պայմանագիր կնքել է «Արտ պլաս» ընկերության հետ։ Ի դեպ, հայտարարված մրցույթին մասնակցել է 8 ընկերություն, սակայն մրցույթը հաղթել է «Արտ պլաս» ընկերությունը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ ՍԴ-ին կառավարությունը 10 մլն դրամ հատկացրեց շենքի պատուհանները փոխելու եւ եվրոպատուհաններ տեղադրելու համար։ Փաստորեն, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ նշանակվելուց հետո լծվել է իր համար աշխատանքային հարմարավետ պայմաններ ապահովելու գործին եւ սա այն դեպքում, երբ այս կառույցն այսօր գրեթե անգործության է մատնված, երբ նույնիսկ ԱԺ ընտրություններում պարտված ուժերը դրանք չեն բողոքարկում ՍԴ-ում:
ՏՈՒԳԱՆՔՆԵՐՈՎ
ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սարգսյանի ղեկավարած ընկերությունը` «Ախթամար»-ը, ավելի քան 1.3 մլն դրամ` որպես ռադիոհաճախականության պարտադիր վճար, պարտք է պետական բյուջեին։ Մեզ հայտնի դարձավ, որ նախկին պատգամավորի ընկերությունը դեռեւս 2013 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2014 թվականի հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում պետք է վճարեր 412 հազար դրամ, սակայն չի վճարել։ Եվ նշված գումարը վերածվել է 1 մլն 370 հազար դրամի, որն էլ ՀԾԿՀ-ն պարտադրում է ընկերությանը վճարել։