Կինը սեքսուալ է, երբ ինտելեկտուալ է ու խնամված. Տաթեւ Հովակիմյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Տաթեւ Հովակիմյանն է: Մենք բացահայտել ենք նրա էությանը բնորոշ գծերը, խոսել ենք դերասանուհու նախասիրությունների, սովորությունների մասին, պարզել, թե այս կամ այն իրավիճակում ինչ մոտեցումների կողմնակից է մեր զրուցակիցը:

-Տաթե՛ւ, ո՞ր ամսին եք ծնվել, կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եւ ինչպե՞ս է այս հանգամանքն անդրադարձել Ձեր ճակատագրի, բնավորության վրա:

-Ծնվել եմ հունվարին, Այծեղջյուր եմ, բայց կդժվարանամ ասել՝ ինչ ազդեցություն է դա ունեցել իմ կյանքի վրա: Ամեն դեպքում, հավատում եմ, որ կենդանակերպի բոլոր նշաններն իրենց յուրահատկություններն ունեն:

-Ձեր անունը միշտ Ձեր սրտո՞վ է եղել, թե՞ երբեւէ ցանկացել եք փոխել: Եթե ոչ Տաթեւ, ի՞նչ անուն կցանկանայիք ունենալ:

-Կարծում եմ՝ բոլորն էլ ինչ-որ տարիքում ցանկանում եմ փոխել իրենց անունները: Ինձ մոտ էլ է եղել նման փուլ, բայց հետո հասկացել եմ, որ փոխել պետք չէ, իսկապես շատ եմ սիրում իմ անունը: Ինձ թվում է՝ անունը մարդու հետ է ծնվում: Հայրս է շատ սիրում իմ անունը, նա է դրել, հետեւաբար ես էլ եմ սիրում:

-Եթե ունենաք հանգստյան ընդամենը մեկ օր, կնախընտրեք մնալ տա՞նը, թե՞ կցանկանաք այն անցկացնել դրսում, ընկերների հետ:

-Նայած ժամանակ: Հաճախ մնում եմ տանը, ինչ-որ ֆիլմ եմ նայում կամ գիրք եմ կարդում, հիմնականում` պոեզիա, բայց նաեւ լինում է, երբ ցանկանում եմ ժամանակս ընկերներիս հետ անցկացնել:

-Խնջույքներ սիրու՞մ եք:

-Ոչ, ես աղմկոտ միջավայր չեմ սիրում:

-Ասում են՝ մարդը միշտ մենակ է, համաձա՞յն եք:

-Չէ, ես համաձայն չեմ: Մենք ծնվում ենք, առնվազն մեր մայրը մեզ հետ է, իսկ հետո կարող ենք ընտրել՝ ինչպես ապրել, որպեսզի մահանալիս մենակ չլինենք:

-Երբ ամենատարբեր իրավիճակներ հանգուցալուծվում են ոչ այնպես, ինչպես ակնկալում էիք, նախընտրում եք փնտրել մեղավորնե՞ր, թե՞ եզրակացություններ անել:

-Շատ վաղուց արդեն հակված եմ եզրակացություններ անելուն: Ցանկացած իրավիճակում առաջին հերթին ինքս իմ մեջ եմ փնտրում մեղավորին:

-Շարունակե՛ք միտքը. «Եթե ես լինեի վարչապետ…»

-Ես չէի ուզենա լինել վարչապետ, ուղղակի այդքանը (ծիծաղում է):

-Սովորաբար խոստումներ տալի՞ս եք, թե՞ խուսափում եք դրանից:

-Խոստումներ տալ կամ լսել չեմ սիրում, մարդկանց գործողություններին եմ հավատում:

-Շարունակե՛ք միտքը. «Տղամարդը երբեք չի հեռանա կնոջից, եթե…»

-Եթե մտադրվել է չհեռանալ: Իսկ եթե որոշել է հեռանալ, ոչինչ նրան չի պահի:

-Ասում են՝ փողը ձեռքի կեղտ է, այդպե՞ս է:

-Ո՛չ, ուղղակի ապրելու միջոց է: Ցավոք, այս աշխարհն այնպիսին է, որ առանց փողի ապրել չես կարող:

-Շարունակե՛ք միտքը. «Կինը սեքսուալ է, երբ…»

-Ինտելեկտուալ է ու խնամված: Այս երկու որակների համատեղումը իդեալական տարբերակ է:

-Ո՞վ է Ձեր մարդ-շտապ օգնությունը:

-Ծնողներս, ընդ որում՝ բոլոր իրավիճակներում:

-Համաձա՞յն եք, որ նա, ում մասին մտածում եք զարթնելիս եւ քնելուց առաջ, կա՛մ Ձեր երջանկության, կա՛մ տառապանքի աղբյուրն է:

-Չգիտեմ, ես կոնկրետ մեկի մասին չեմ մտածում, սովորաբար օրվա պլանների մասին եմ մտածում:

-Երբ ինքներդ Ձեզ հետ կռվի եք բռնվում, ո՞ր Տաթեւն է հաղթում:

-Արդարը:

-Ձեր արտաքինի մեջ կա՞ մի բան, որը Ձեզ մատնում է, օրինակ՝ կարմրելու հատկություն կամ արցունքներ:

-Շուտ լալիս եմ միայն ֆիլմերում, իսկ իրական կյանքում համարյա լաց չեմ լինում, միշտ բողոքում եմ դրա համար (ծիծաղում է): Ինչ վերաբերում է կարմրելուն, թեեւ բեմի մարդ եմ, բայց բեմից դուրս, երբ մի քանի հոգի ինձ են նայում, դժվարանում եմ առանց կարմրելու խոսել: Չեմ սիրում շատ մարդկանց մոտ խոսել:

-Վստահությունը կորցնում եք այն մարդկանց նկատմամբ, որոնք…

-Խոստումներ են տալիս եւ չեն կատարում դրանք:

-Այս երեքից առանց որի՞ չեք պատկերացնում Ձեր կյանքը՝ առանց պաղպաղակի՞, ֆասթֆուդի՞, թե՞ ծամոնի:

-Ցավոք, ֆասթֆուդի: Երեւի չէիք պատկերացնի, բայց գիշերվա մեկին, երկուսին էլ կարող եմ ֆասթֆուդ ուտել եւ չգիրանալ: Դրա համար պարտական եմ իմ գեներին (ծիծաղում է):

-Հավատու՞մ եք պատահականություններին, թե՞ այն համոզման եք, որ ամեն բան կատարվում է անհրաժեշտաբար:

-Պատահականություններ շատ են լինում մեր կյանքում, դրանց չհավատալ նշանակում է չհավատալ նաեւ հեքիաթներին, իսկ այդպես ապրել չի կարելի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս