Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի երկրորդ խաղային օրը նույնպես հագեցած եւ ինտրիգներով լի է լինելու: Այսօր «չեմպիոնների արենայում» կկայանա երկու դիմակայություն. Հոլանդիայի «Յոհան Կրոյֆ» ստադիոնում տեղի «Այաքսը» կընդունի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալին», մյուս հանդիպումն էլ կկայանա Լոնդոնի լեգենդար մարզադաշտ «Ուեմբլիում»` «Տոտենհեմ»-«Բորուսիա Դորտմունդ»:
«Այաքս»-«Ռեալ Մադրիդ»
Մեծ փորձ, թե՞ երիտասարդություն. այսօր այս երկուսը կբախվեն իրար:
Չնայած մադրիդյան ակումբը համարվում է այս դիմակայության բացահայտ ֆավորիտ, դա դեռ չի նշանակում, որ Հոլանդիան ներկայացնող ակումբը ձեռքերը ծալած հետեւելու է «Ռեալի» հաղթանակին: «Այաքսում» հիանալի երիտասարդներ են հավաքվել եւ պատրաստ են արժանին մատուցել «սերուցքայիններին»: Վերջիններս կարծես դուրս են եկել ծանր վիճակից եւ հստակ քայլերով առաջ են շարժվում դեպի բաղձալի տիտղոսները:
«Այաքսը» այս մրցաշարում թաքնված ֆավորիտի կարգավիճակ ունի, եւ «Ռեալի» հետ դիմակայությունը ծագող աստղերի համար մեծ փորձ կլինի նույնիսկ պարտության դեպքում:
Վիճակագրական տվյալներ
Միմյանց դեմ վերջին 5 խաղերում մադրիդյան գրանդը ունի 100%-անոց արդյունք:
Հոլանդական ակումբը վերջին անգամ Ռեալին հաղթել է 1995 թվականի նոյեմերի 22-ին 2-0 հաշվով:
Վերջին 5 խաղերում Այաքսը գրանցել է հետեւյալ արդյունքները`2 հաղթանակ, 2 պարտություն, 1 ոչ ոքի:
«Արքայական ակումբը» վերջին 5 խաղերում չի պարտվում` 4 հաղթանակ, 1 ոչ ոքի:
Չեմպիոնների Լիգայի այս խաղարկությունում Հոլանդիայի ներկայացուցչից ամենաշատը աչքի է ընկել Դուշան Տադիչը` 5 գոլ:
«Սերուցքայիններից» ամենաշատը այս խաղարկությունում գոլի հեղինակ են դարձել Գարեթ Բեյլը եւ Կարիմ Բենզեման 3-ական գոլերով:
Հավանական մեկնարկային կազմեր, կորուստներ
«Այաքս»` Օնանա, Մազրուի, Դե Լիգտ, Բլինդ, Տայլաֆիկո,Դե Յոնգ, Վան դե Բեկ, Լասե Շոնե, Զիեխ, Դոլբերգ, Տադիչ
Թիմի համար խաղից առաջ շատ լավ նորություն եղավ Ֆրենկի Դե Յոնգի վերադարձը, իսկ խաղը արդեն բաց կթողնեն Մագելանը եւ Հասեն Բենդը:
Թիմի գլխավոր մարզիչն է Էրիկ Թեն Հագը:
«Ռեալ Մադրիդ»` Կուրտուա, Կարվախալ, Ռամոս, Վարան, Ռեգուլիոն, Մոդրիչ, Կասեմիրո, Կրոս, Բեյլ, Բենզեմա, Վինիսիուս:
Խաղը բաց կթողնեն Իսկոն ,Լյորենտեն, Վալյեխոն:
Որակազրկման վտանգի տակ է Սերխիո Ռամոսը:
Թիմի գլխավոր մարզիչն է Սանտիագո Սոլարին:
Այս անչափ հետաքրքիր խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով ուղիղ 00:00-ին:
«Տոտենհեմ Հոտսպուր»-«Բորուսիա Դորտմունդ»
Լուսյեն Ֆավրի տված թեւերով ճախրող դորտմունդյան թիմը կփորձի հրաշքներ գործել նաեւ Չեմպիոնների Լիգայում: Մրցակիցը ուժեղ է, բայց ոչ սարսափելի:
Դորտմունդցիները առաջատար են Բունդեսլիգայում եւ պատրաստվում են վերջ տալ իրենց ոխերիմ թշնամի Մյունխենի «Բավարիայի» մենիշխանությանը:
Լոնդոնյան ակումբը նույնպես մեծ հույսեր ունի այս տարվա մրցաշարից: Մաուրիսիո Պոչետինոյի սաները Անգլիայում երրորդն են եւ 3 միավոր պակաս ունեն առաջատարից, իսկ Չ/Լ-ում գործերը դեռեւս վատ չեն դասավորվում:
Երկու թիմերի դուրս մնալն էլ պայքարից մեծ կորուստ կլինի առաջնության համար, սակայն օրենքներն են այդպես. պայքարը շարունակում է մեկը:
Այստեղ միանշանակ հավասար պայքար է, երկու թիմերն էլ արժանի են իրար, եւ իրոք այս զույգում սպասվում է կատաղի պայքար ¼ եզրափակչի ուղեգրի համար:
Վիճակագրական տվյալներ
Միմյանց դեմ այս թիմերը հանդիպել են 4 անգամ եւ ունեն երկուական հաղթանակ:
Լոնդոնյան ակումբը իր վերջին 5 խաղերից 3-ում հաղթել է 2-ում պարտվել,իսկ դորտմունդյան ակումբը 2 հաղթանակ է տարել 3 խաղեր էլ ավարտել է ոչ ոքի:
«Տոտենհեմից» այս խաղարկությունում ամենաշատը աչքի է ընկել Հարի Քեյնը 4 անգամ, իսկ «Մեղուներից» Ռաֆայել Գերեյրուն նույնպես 4 անգամ:
Հավանական մեկնարկային կազմեր, կորուստներ
«Տոտենհամ»`Լյորիս, Տրիպիե, Սազնչեզ, Ալդերվեյրելդ, Վերտոնգեն, Վինկս, Սիսոկո, Էրիկսեն, Լուկաս, Սոն, Լամելա:
Խաղը բաց կթողնեն Հարի Քեյնը, Դելե Ալին, Դեյվիսը եւ Ռոուսը:
Որակազրկման վտանգի տակ են Ալդերվեյրելդը, Լամելան եւ Սոնը:
Թիմի գլխավոր մարզիչն է Մաուրիսիո Պոչետինոն:
«Բորուսիա Դորտմունդ»` Բյորկի, Հակիմի, Տոպրակ, Դիալո, Շմելցեր, Վիտցել, Դելանի, Սանչո, Ֆիլիպ, Գերեյրու, Գյոտզե:
Խաղը բաց կթողնեն Ալկասերը, Ականջին, Պիշչեկը, Ռոյսը եւ Վայգլը:
Թիմի գլխավոր մարզիչն է Լուսիեն Ֆավրը:
Այս հանդիպումը նույնպես մեկնարկելու է ուղիղ կեսգիշերին:
Չեմպիոնների Լիգայի երկրորդ խաղային օրը անասելի թեժ է լինելու եւ հնարավոր է նաեւ անակնկալներով լի:
Էդմոն Մարտիրոսյան