«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում պատրաստվում է գումար հատկացնել մի շարք կուսակցությունների: Դրամական աջակցությունից կօգտվեն ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում 3 եւ ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու դաշինքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կուսակցություններին 2019 թվականի պետական բյուջեից տրվող աջակցությունը կկազմի 103 մլն 725 հազար 600 դրամ: Նշենք, որ խորհրդարան չանցած ուժերից միայն նախկին իշխող կուսակցությանը` ՀՀԿ-ին, կհատկացվի 5 մլն 208 հազար 500 դրամ, ՀՅԴ-ին` 4 մլն 303 հազար 400 դրամ:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ուժերին, ապա «Իմ Քայլը» դաշինքի անդամ ՔՊ-ն ու «Առաքելությունը» միասին կստանան 78 մլն 6 հազար դրամ, ԲՀԿ-ն` 9 մլն 150 հազար դրամ, ԼՀԿ-ն` 7 մլն 56 հազար դրամ: Մինչդեռ նկատենք, որ 2017 թվականին կառավարությունը կուսակցություններին ավելի քիչ գումար էր հատկացրել. այն ժամանակ իշխող ՀՀԿ-ին, որ ԱԺ-ում ուներ մեծամասնություն, տրվել էր 30 մլն դրամ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքին` 17 մլն դրամ, «Ելք»-ին` 4 մլն դրամ, ՀՅԴ-ին` 4 մլն դրամ: Ի դեպ, 2017-ին աջակցություն է ստացել նաեւ խորհրդարան չանցած «Հայկական Վերածնունդը»-ը 2 մլն դրամի չափով»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում