Չնայած հայտնաբերված թերություններին՝ Դեբեդավանի դպրոցի տնօրենը կշարունակի պաշտոնավարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 21-ին Նոյեմբերյանի քաղաքապետարանում Դեբեդավան գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը հայտարարեց, որ ինքը Դեբեդավանի դպրոցում աուդիտ է նշանակել: Ու այդ աուդիտի արդյունքներով կորոշվի` դպրոցի տնօրեն Մարինե Հարությունյանը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ:

Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Մանե Ղազումյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնեց, որ Դեբեդավանի դպրոցում անցկացված աուդիտի արդյունքներով բացահայտվել են որոշ թերություններ, փաստաթղթերի հետ կապված խնդիրներ:

Նա ասաց, որ Դեբեդավանի բնակիչները եւ գյուղի վարչական ղեկավարը ժողով են արել, նրանք մարզպետարանին միջնորդել են, որպեսզի դպրոցում առկա խնդիրները լուծվեն, դպրոցի տնօրեն Մ. Հարությունյանը շարունակի պաշտոնավարել: Մ. Ղազումյանի խոսքերով` այդ դպրոցը ներկայումս բնականոն աշխատում է: Հավելենք, որ այդ դպրոցի 6 աշխատակիցներ բողոքում են Դեբեդավանի դպրոցը 20 տարի ղեկավարող Մ. Հարությունյանի դեմ, որը դպրոցում աշխատանքի է ընդունել իր ընտանիքի անդամներին, հարազատներին: Մ. Հարությունյանին նախկինում 2 անգամ ազատել են պաշտոնից, սակայն նա վերականգնվել է տնօրենի պաշտոնում:

2018թ. հոկտեմբերի 22-ին Արմինե Սարգսյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել Դեբեդավանի միջնակարգ դպրոցի տնօրենի 2018թ. օգոստոսի 23-ի թիվ 54 հրամանն անվավեր ճանաչելու, իրեն դպրոցի գործավարի աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի վարձատրության պահանջներով: Սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստերն ընթանում են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս