Անարդարության հանդիպելիս մարդ կոտրվում է. Վարդան Բադալյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգիչ Վարդան Բադալյանը: Նա խոսել է իր նախասիրությունների, սովորությունների մասին: Մենք բացահայտել ենք նրա բնավորության՝ քչերին հայտնի գծերը: Վարդանը խոստովանել է, որ բավական ցավագին է վերաբերվում սեփական սխալներին, եւ մանրուքները, որոնք շատերի համար նշանակություն չունեն, իր վրա կարող են մեծ ազդեցություն ունենալ:

Նա իր կյանքում շրջադարձային է համարում ժողովրդական երգեր կատարելու որոշումը: Ասում է՝ դա իր կատարած ամենաճիշտ քայլն էր, որը ճիշտ էլ ընդունվեց հանրության կողմից:

-Վարդա՛ն, երբ զարթնում եք, անպայման…

-Նախաճաշում եմ:

-Ի՞նչն է Ձեզ դարձնում ուժեղ եւ անխոցելի:

-Ընտանիքս, ընկերներս, աշխատանքս:

-Սեփական սխալները ցավագի՞ն եք տանում:

-Շատ, չափից դուրս շատ: Մանրուքները, որոնք մյուսները կարող են չնկատել, ես ծանր եմ տանում, դրանք ինձ վրա մեծ ազդեցություն են թողնում:

-Այս երեքից ո՞ր ըմպելիքն եք նախընտրում՝ կոնյակ, վիսկի, թե՞ գինի:

-Ճիշտն ասած՝ օղի, բայց եթե ստիպված եմ ընտրել, ուրեմն կոնյակ:

-Ինչպե՞ս եք վարվում թիկունքից հարվածողների հետ: Առհասարակ, հաճա՞խ եք հարվածներ ստանում:

-Չէի ասի, թեպետ փոքր ինտրիգներ միշտ էլ լինում են: Բայց հարվածողներին ես չեմ հարվածում, պարզապես զգուշանում եմ:

-Ձեր կյանքի ամենամեծ հիասթափությունն ինչի՞ հետ է կապված եղել:

-Ես շուտ հիասթափվողներից չեմ:

-Իսկ ի՞նչը կարող է Ձեզ կոտրել:

-Իհարկե, կարող ենք ասել՝ ոչ մի բան, բայց իրականում անարդարության հանդիպելիս մարդ կոտրվում է:

-Ափսոսում եք, որ…

-Չեմ սիրում արածների կամ չարածների համար ափսոսալ: Ոչինչ պատահական չի լինում: Բայց ամենաշատն ափսոսում եմ անցնող ժամանակի համար, որն անվերադարձ է գնում մեզնից:

-Ունե՞ք մի հատկություն, որը բոլոր մարդիկ առանձնացնում են Ձեր մեջ:

-Մարդիկ սովորաբար մատնանշում են իմ հումորի զգացումը:

-Ձեր կարծիքով՝ ի՞նչը կփրկի աշխարհը:

-Բոլորս էլ կուզենայինք, որ գեղեցկությունը փրկեր աշխարհը, բայց, ցավոք, այդ գործը գեղեցկության մենաշնորհը չէ: Պետք է միանան նաեւ խելքն ու բարությունը: Մի խոսքով, մարդը կփրկի աշխարհը:

-Ո՞ր դեպքում եք համարում, որ Դուք հաղթել եք:

-Երբ պարտվողն ինձնից չի նեղանում:

-Բնութագրե՛ք ներկայիս քաղաքական կյանքը մեկ բառով:

-Բարդ հարց եք տալիս, երեւի` խառը, շատ խառը (ծիծաղում է): Բայց հույսս չեմ կորցնում, որ լավ է լինելու:

-Այս երեք հատկություններից ո՞րը Ձերը չէ՝ նեղացկոտ, պարծենկոտ, մտածկոտ:

-Երեւի պարծենկոտը: Մարդ կա՝ իր չարածն էլ է կարողանում ճոխ-ճոխ ներկայացնել, իսկ ես նույնիսկ արածս չեմ կարող:

-Ինչի՞ց կախվածություն ունեք:

-Հայաստանից: Ուրիշ ոչ մի երկրում մեկ ամսից ավել չեմ կարողանում ապրել, չի ստացվում: Հայաստանից լավ տեղ չկա: Կախվածություն ունեմ նաեւ ընտանիքիցս, տղայիցս, համացանցից, շատ բաներից…

-Կնախընտրեք պահել կենդանինե՞ր, թե՞ խնամել բույսեր:

-Դեմ եմ տնային պայմաններում կենդանիներ պահելուն. դա հենց կենդանու համար է վատ, իսկ բույսեր աճեցնելն, իհարկե, ողջունելի է:

-Ձեր ստեղծագործական կյանքի շրջադարձային փուլն ինչի՞ հետ եք կապում:

-Երբ սկսեցի ժողովրդական երգեր կատարել, դա, իրոք, շրջադարձային պահ էր: Ինձ սկսեցին ավելի լավ ընդունել, հայտնվեցի այնտեղ, որտեղ պետք էր: Ճիշտ քայլս ճիշտ էլ ընկալվեց:

-Ո՞ր հեղինակի գործերն են Ձեզ հիացնում:

-Ես հեքիաթներ եմ սիրում: Հայկական հեքիաթներն ավելի իրական են, քան պատմությունը (ծիծաղում է): Օրինակ՝ անխելք մարդու կերպարը միշտ արդիական է լինելու: Թումանյանի բոլոր հեքիաթները եւ մյուս գործերը անչափ հոգեհարազատ են ինձ:

-Շատ ընկերներ ունե՞ք:

-Ընկեր ասվածը տարբեր մարդկանց կողմից տարբեր կերպ է ընկալվում: Պարտադիր չէ, որ ընկերոջդ ամեն օր տեսնես: Նրան կարող ես ամիսը մեկ անգամ տեսնել, բայց գիտես, որ ընկերդ է: Ես շատ ընկերներ չունեմ, բայց ում ունեմ, շատ եմ վստահում:

-Եվ վերջում՝ իմ ո՞ր հարցը Ձեզ դուր եկավ:

-Բոլորը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս