Մարտի 25-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է Դիլիջանի քոլեջի 2 դասախոսների դատավարության առաջին նիստը: Լիլիթ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ հանդիսանալով «Դիլիջան պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոս, պարտավոր լինելով դասամատյանում կատարել հաճախումների եւ առաջադիմության ընթացիկ հաշվառում` 2017-2018 ուսումնական տարում ուսանողներ Ա. Վարդիկյանի, Ա. Նազարյանի` ՀՀ-ից բացակայելու պարագայում նույն, քոլեջի դասախոս Սոնիկ Դավթյանի խնդրանքով, նրանց բացակաները սահմանված կարգով չի հաշվառել, այլ նրանց կողմից ուսման շարունակելն ապահովելու նպատակով վերջիններիս անվան դիմաց նշանակել է թվով 7 դրական գնահատական: Սակայն նա, հետագայում իմանալով, որ վերոհիշյալ ուսանողները բացակայում են ՀՀ-ից, սպիտակեցնող նյութով ջնջել է նշված գնահատականները եւ դրանց վրա կատարել «բացակա» գրառում:
Մարիամ Թամամյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով նշված պետական քոլեջի դասախոս, 2017-2018 ուսումնական տարում ուսանողներ Ա. Վարդիկյանի, Ա. Նազարյանի` 2017թ. սեպտեմբերի 18-ից մինչեւ 2017թ. հոկտեմբերի 29-ը ՀՀ-ից բացակայելու պարագայում նույն ժամանակահատվածներում նրանց բացականները սահմանված կարգով չի հաշվառել, այլ նրանց կողմից ուսման շարունակելն ապահովելու նպատակով վերջիններիս անվան դիմաց նշանակել է թվով 3 դրական գնահատական:
Լ. Մկրտչյանին եւ Մ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասով («Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը, կամ օգտագործելը»): Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան Սարգսյան
Տավուշ