Աժ նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի գործով մեղադրյալներից Արաքս Դիլանյանը բողոք է ներկայացրել գործը վերաբացելու դեմ: Ինչպես հայտնի է, իրավապահները դեռ փնտրում են առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ փողերի լվացման համար մեղադրվող Արամ Հարությունյանին՝ նրա նկատմամբ հայտարարելով հետախուզում: Այդ գործով անցնում է նաեւ Դիլանյանը:
Գործը վերաբացելու դեմ իր կարծիքն էր հայտնել նաեւ Սիլվա Համբարձումյանը` նշելով, որ գործը կարճել է այն ժամանակ բլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը. քաղաքական կամք չի եղել այն բացահայտելու: Սակայն զարմանալի է, որ Արամ Հարությունյանի վերաբերյալ գործը հարուցվել է 2015 թվականին, ապա կարճվել` ապացույցների անբավարարության հիմքով:
Կարճման որոշումը կայացվել է 2017 թվականի փետրվարին: Թարմացնենք գործարար Համբարձումյանի հիշողությունը, որ Գեւորգ Կոստանյանը ՀՀ գլխավոր դատախազ է եղել 2015 թվականից մինչեւ 2016 թվականը եւ գործը մինչեւ վերջ չի տարել, քանի որ հրաժարական է տվել դատախազի պաշտոնից: Իսկ, ահա, Աժ նախկին պատգամավորի կաշառքի գործը կարճել է ներկայիս դատախազ Արթուր Դավթյանը եւ կրկին վերաբացել է հեղափոխությունից հետո:
Հետաքրքիր է, թե ինչու է Սիլվա Համբարձումյանը փորձում այս պատմությունից փրկել Արթուր Դավթյանին: Միգուցե այս իրավիճակում գործում է այն խնդիրը, որը երեկ Ազգային ժողովում բարձրացրեց Աժ պատգամավոր Սասուն Միքայելյանը, երբ դիմեց վարչապետին` նշելով. «Մենք պիտի պաշտպանենք, որպեսզի մարդու ոտի տակ փոս փորողների նոր ինստիտուտ չձեւավորվի»: