Երեկ հրապարակվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության ծրագրի նախագիծը: Միաժամանակ, կառավարությունը երեկ որոշեց մինչեւ փետրվարի 8-ը ծրագրի վրա որոշակի խմբագրական աշխատանքներ կատարել ու միայն դրանից հետո ներկայացնել խորհրդարանի հաստատմանը: «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով 71 էջանոց այս փաստաթուղթը, ուշագրավ փաստ արձանագրեց. այն գրեթե ամբողջությամբ կրկնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության նախորդ ծրագիրը, որ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018թ. հունիսին, ներկայացվել էր ԱԺ: Պարզապես նոր ծրագիրը գրված է առաջիկա հինգ տարիների համար, ու կան նախանշված կոնկրետ ցուցանիշներ երկարաժամկետ կտրվածքով, օրինակ՝ տնտեսական աճի միջին տեմպը պետք է կազմի առնվազն 5 տոկոս: Միաժամանակ նկատենք, որ արտաքին քաղաքականության ոլորտում մի քանի ուշագրավ շեշտադրում կա. «Կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ… Արցախի կարգավիճակը եւ անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են: Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը…Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը` որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն եւ ներգրավվածություն ունենա իրական եւ տեւական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»: Փոխարենը կառավարության ծրագրում որեւէ խոսք չկա հարեւան Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման ուղղությամբ, թեեւ Փաշինյանը կողմ է արտահայտվել այդ երկրի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատմանը: Կառավարության ծրագրում միայն նշված է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ քայլերի մասին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատճառով տուժել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Բանն այն է, որ ԱԺ խորհրդի նիստում, երբ քննարկվել են խորհրդարանական վեհաժողովների պատվիրակության անդամների համամասնության եւ պատվիրակությունների կազմերի հարցը, իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել մեկական տեղ զիջել ընդդիմադիր խմբակցություններին, որպեսզի բոլոր պատվիրակություններում նրանցից առնվազն մեկական հոգի ներկայացված լինի: Սակայն եղել է մեկ պայման, որ կզիջեն կոնսենսուսի առկայության դեպքում: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` ԱԺ խորհրդի անդամներից «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչները՝ Էդմոն Մարուքյանն ու Մանե Թանդիլյանը, պահանջել են իրենց ավելի շատ տեղ տալ` սպառնալով դեմ քվեարկել որոշումներին: Այդքանից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ասել է, որ իրենք ոչինչ չեն զիջի: ԱԺ խորհրդի նիստում ԲՀԿ-ն փորձել է չեզոքություն պահպանել, բայց եւ ԼՀԿ պատճառով իրենք վերջում տուժել են:
Օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկություններ հրապարակեց համաներման օրենքը կիրառելիս խախտումների մասին: Դեպքերից մեկն էլ կապված էր ՔԿՀ պետի գործունեության հետ: Ըստ այդմ` դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ վերացվել է քրեակատարողական հիմնարկի պետի որոշում, որը վերաբերել է դատապարտյալի պատժի չկրած մասը անհիմն կերպով 1/3-ով կրճատելուն: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում տեղեկացրել է, որ դեպքը կապված է «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալի հետ: Սակայն, ըստ նրա, դա տեխնիկական խնդրի հետեւանք է եղել: «Այսօրվա դրությամբ համաներում ՔԿ-ի կողմից կիրառվել է 908 դատապարտյալի նկատմամբ, որից 605 դատապարտյալները ազատ են արձակվել, իսկ 303-ի նկատմամբ պատժի կրճատում: Իսկ 908 որոշման մեջ մեկ դեպք հնարավոր է»,- ասել է Մխոյանը:
Մինչ հասարակական-քաղաքական շրջանակներն ակտիվ քննարկում են տարեվերջին պետական համակարգի ներկայացուցիչների պարգեւատրման թեման, պարզվում է՝ նախկին իշխանությունների օրոք գումարների մսխման շատ ավելի վատ դեպքեր են եղել: Օրինակ` Կոտայքի մարզպետարանը ստուգումներ է իրականացրել Եղվարդի համայնքապետարանում ու պարզել, որ քաղաքապետ Նորայր Սարգսյանի որոշմամբ` դեռ 2016թ. «Տեառընդառաջ» համաքաղաքային տոնակատարության մասնակիցներին` որպես հոբելյանական հազարերորդ զույգի, տրամադրվել է տուրիստական ճամփորդության փաթեթ դեպի Դուբայ, փաթեթի արժեքն էլ կազմել է 577 հազար դրամ: Բայց մարզպետարանը արձանագրել է, որ բացակայել են զույգի անձը հաստատող փաստաթղթերի պատճենները: Այսինքն՝ պարզ չէ, թե իրականում ովքեր են համայնքի հաշվին Դուբայ գնացել: Բացի այդ, համայնքի միջոցներից 500 հազար դրամ վճարվել է Եղվարդի թիվ 14 ավագ դպրոցի տնօրեն Ռազմիկ Սիմոնյանին այն դեպքում, երբ համաձայն համայնքի ղեկավարի համապատասխան որոշման կից հավելվածի` նշված գումարները պետք է տրամադրվեին հինգ դասղեկների: Նշենք, որ Ն. Սարգսյանը Եղվարդի համայնքապետն է 1999թ.-ից եւ պաշտոնավարման ընթացքում հասցրել էր համալրել ՀՀԿ շարքերը:
ՇԱԿԱԼՆԵՐԻ ԽՐԱԽՃԱՆՔԸ
Երեկվա դատական նիստում «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամների ու համակիրների պահվածքը պարզապես նողկալի էր, ծայրաստիճան անմարդկային` ամենամեղմ բառերով ասած:
Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման ժամանակ երեք մարդու կյանք խլելուց հետո «Սասնա ծռերի» անդամներն այսօր դատարանում փորձում են ներկայանալ որպես հերոսներ, իսկ իրենց արարքները արդարացնել «ապստամբության իրավունքով», իբր հայրենիքը փրկելու, անգամ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու մտադրությամբ (ինչպես հայտնի խոսքն է ասում, սրիկաների վերջին հանգրվանը հայրենասիրությունն է): Երեկ, երբ դատարանում ցուցմունք էին տալիս տուժողներից ՊՊԾ գնդի գրավման ժամանակ պատանդներ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ու նախկին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը, ամբաստանյալներն իրենց հարցերը փորձում էին կառուցել հենց այդ տրամաբանության շրջանակներում:
Բայց անգամ սա դահլիճում ցինիզմի ու անմարդկայնության շքահանդեսի ֆոնին չափազանց մեղմ էր թվում, մեղմ, որովհետեւ դահլիճը քամահրանքով, ծիծաղով ու ծափերով էր արձագանքում ամեն անգամ, երբ խոսք էր գնում ՊՊԾ գունդը գրավելու ժամանակ ոստիկանների սպանության մանրամասներից:
ՈՒ հիմա պետք է արձանագրենք` թեեւ թավշյա հեղափոխությունից հետո «Սասնա ծռերի» անդամների խափանման միջոցը փոխվեց, ու նրանք ազատ արձակվեցին, (բացառությամբ երկու հոգու, որոնք մեղադրվում են սպանության մեջ), միեւնույն է, զինված խմբավորման անդամները չեն գիտակցում իրենց արարքի լրջությունը, զղջման փորձեր նույնիսկ չեն անում: Ընդհակառակը, նրանք դատարանում խրոխտ կեցվածքով շարունակում են պնդել, որ ճիշտ են վարվել՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գրավելով ու երեք հոգու կյանք խլելով եւ հպարտանում են իրենց այդ արարքով:
Բայց երեկվա դատական նիստից հետո ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք. հայաստանյան այն կուսակցություններն ու անձինք, որ ՊՊԾ գնդի գրավման օրերին փողոցում իրենց աջակցությունն էին հայտնում զինված խմբավորման անդամներին, տարատեսակ ակցիաներ անում, հասկացե՞լ են արդյոք, թե ում հետ գործ ունեին, հասկացե՞լ են արդյոք, թե ում էին պաշտպանում, հասկացե՞լ են, որ տեղի ունեցածն ահաբեկչություն էր` պարզապես փոքր մասշտաբներով: Ու, վերջապես, զղջո՞ւմ են այդ ամենի համար, թե՞ ոչ: Իսկապես այս հարցերի պատասխանները շատ կարեւոր են: