Կառավարության կառուցվածքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությունը դժգոհությունների պատճառ է դարձել: Մարդիկ դժգոհում են առաջին հերթին այն պատճառով, որ այդ օպտիմալացումների հետեւանքով կրճատումներ են լինելու: Ի վերջո, գերատեսչությունների միացման հետեւանքով մեծ թվով անձինք գործազուրկ են դառնալու, եւ սա չէր կարող օբյեկտիվ քննադատության առիթ չդառնար: Սակայն սա հարցի ավելի շատ հուզական կողմն է: Եվ եթե նայենք այն տեսանկյունից, ինչին ուզում է հասնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատկերը կարող է այլ լինել:
Ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օպտիմալացումների պատճառ է նշում արդյունավետ կառավարումը եւ գումարները խնայողաբար օգտագործելը: Եվ այդ առումով գաղտնիք չէ, որ կոալիցիայից կոալիցիա կամ այլ քաղաքական որոշումներից ելնելով` ՀՀԿ իշխանության տարիներին գերատեսչություններ են միավորվել, առանձնացվել, նոր մարմիններ են ստեղծվել, ապա փակվել: Ու «զարմանալի զուգադիպությամբ» պետական ապարատն ավելացել է հիմնականում այն ժամանակ, երբ իշխանությունները կոալիցա էին կազմում: Այսինքն՝ այս կամ այն կուսակցությանը կոալիցիոն համագործակցության անվան տակ իրենցով անելիս հատուկ նրանց համար որեւէ նոր գերատեսչություն էր ստեղծվում: Եւ հիմա, երբ նոր իշխանությունները որդեգրել են ծանոթ-խնամի-բարեկամ եռանկյունուց հեռանալու սկզբունք, այդ խնդիրը չունեն:
Օրինակ` մինչեւ 2006 թվականը եղել է Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, ապա Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարություն: Սա արվեց 2007թ. կոալիցիոն կառավարություն կազմելուց առաջ: Արդեն 2007 թվականին ստեղծվեց առանձին Մշակույթի նախարարություն, որը մինչեւ 2016 թվականը, այսինքն` գրեթե տասը տարի, ղեկավարեց Հասմիկ Պողոսյանը: Գաղտնիք չէ, որ նա ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի կնոջ` Ռիտա Սարգսյանի մտերիմ ընկերուհին էր, եւ այս պաշտոնը, կարծես թե, հենց նրան բաժին հասավ այդ կապերի շնորհիվ: Եվ միայն 2016 թվականին որոշեցին փոխել հավերժ նախարար Հասմիկ Պողոսյանին:
Իսկ, ահա, նույն Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էլ ստեղծել են` արդեն կոալիցիոն նկատառումներից ելնելով, այն ժամանակ ԲՀԿ-ին գոհացնելու համար: 2008 թվականին ստեղծվեց Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն, եւ այն պարբերաբար ղեկավարել են ԲՀԿ-ականներ կամ անկուսակցականներ, սակայն նշանակվել են Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ: Եվ յուրաքանչյուր անգամ, երբ պետք է կառավարություն ձեւավորվեր, բոլորի համար էլ պարզ էր, որ այդ պորտֆելը ԲՀԿ-ին է տրվելու:
Կոալիցիոն գործընկերներին պաշտոն տալու շրջանակներում էր նաեւ ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունների անջատումը 2008 թվականին. սա արվեց արդեն Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակ: Ու թեեւ ե՛ւ ֆինանսների, ե՛ւ էկոնոմիկայի նախարարները ՀՀԿ-ական էին, բայց այդ պորտֆելներն առանձնացվեցին կոալիցիոն մյուս երեք կուսակցությունների հետ հավասարակշռություն ապահովելու համար, որովհետեւ ԲՀԿ-ին, ՕԵԿ-ին ու ՀՅԴ-ին հարկավոր էր համապատասխան չափի պորտֆել զիջել, եւ ՀՀԿ-ն էլ իրենը պետք է պահպաներ:
Մի կողմ դնելով օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մոտեցումները` կապված Սփյուռքի նախարարության հետ` պարզ է, որ 2008 թվականին, երբ ստեղծվեց Սփյուռքի նախարարությունը, դա էլ արվել էր ՀՀԿ հավատարիմ անդամ Հրանուշ Հակոբյանի համար: Նա պատգամավորական գործունեությունից հետո միանգամից դարձել էր նախարար եւ այդ պաշտոնին մնաց ուղիղ տասը տարի` մինչ թավշյա հեղափոխությունը:
2014-2016 թվականներին գործում էր Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, իսկ 2016 թվականին այդ նախարարությունն առանձնացվեց, եւ տարածքային կառավարման ու զարգացման նախարար դարձավ դաշնակցական Դավիթ Լոքյանը: Եվ սա էլ էր արված քաղաքական նպատակներով, կոալիցիոն հուշագրից հետո անհրաժեշտ էր ՀՅԴ-ին պորտֆելներ տալ` նախարարական եւ մարզպետների, եւ այս նախարարության առանձնացման միջոցով նրանք կարողացան լուծել այդ հարցը:
Էլ չենք խոսում Ֆինանսների նախարարություն-ՊԵԿ հավերժական թեմայի մասին: Այն մեկ միացրին, Գագիկ Խաչատրյանին դարձրին սուպերնախարար, ապա նրա պաշտոնանկությունից հետո անջատեցին, ու նախարարությունը դարձավ առանձին գերատեսչություն, ՊԵԿ-ը՝ առանձին: Եվ դա էլ իր քաղաքական ենթատեքստն ուներ. ՊԵԿ նախագահ մի շրջան` Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց հետո, դարձավ Վարդան Հարությունյանը, որը վերջինիս մոտ ընկերն էր, եւ այդ պաշտոնը ստեղծվեց հենց նրա համար:
ՈՒ հատկանշական է փաստը, որ այդ առանձին նախարարությունները ստեղծելիս ամեն անգամ ՀՀ պետական բյուջեի վրա նորանոր բեռ էր ավելանում:
Իհարկե, սա սովորական բան էր նախկին իշխանությունների համար: Նրանք պետական ապարատն ամեն անգամ վերակազմավորել են` այսրոպեական շահից ելնելով: Տարբեր ընտրությունների ժամանակ այդ անձինք, նրանց ընկերները, շրջապատը մեծ ծառայություններ են մատուցել, ձայներ բերել, եւ, իհարկե, այդ ամենն անելու համար իշխանությունը վարձահատույց է եղել` այդ մարդկանց աշխատանքի տեղավորելով կամ այլ աշխատանք կատարելով: Եվ հենց դա է պատճառը, երբ ասում են, որ պետական համակարգում աշխատակազմերն ուռճացված են, կան նույն գործառույթները կրկնող բաժիններ, անգամ հատուկ սուրճ եփողներ: Եվ իշխանության գալով` նոր իշխանությունները սկսել են ուսումնասիրություններ` վեր հանելու եւ օպտիմալացնելու այդպիսի գործառույթներ կատարող բաժինները: Եվ այդ ընթացքում նրանք համոզվել են, որ այդ բաժիններում կան անձինք, որոնք ոչինչ չեն հասկանում իրենց աշխատանքից:
Օրինակ` եղել են դեպքեր, երբ աշխատակիցները, որոնք պետք է ապահովեին համակարգչային աշխատանք, տարրական գիտելիքներ չեն ունեցել, այդ թվում` microsoft word-ով աշխատել չեն կարողացել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽՆԱՄԻՆԵՐՈՎ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը վերջերս հադիպել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, ում եղբոր ընտանքի հետ նա խնամիական կապեր ունի: Մեզ հասած տեղեկություններով` հանդիպման ժամանակ Հարությունյանի խոսակցության հիմնական թեման եղել է իր ապագայի հետ կապված հարցերը: Նա ասել է, որ իր հրաժարականն են պահանջում, ու ԲԴԽ-ում գործերը վատ են: Երեւի Հարությունյանը հույս է ունեցել, որ առաջին նախագահը կբարեխոսի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, ու հանգիստ կշարունակի իրականացնել իր աշխատանքը: Չնայած, հիշեցնենք, նույն Գագիկ Հարությունյանի ղեկավարման ժամանակ էր, որ ՍԴ-ն 2008թ. մերժեց ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիմումը, որով պահանջում էր չեղյալ հայտարարել ակնհայտորեն կեղծված նախագահական ընտրությունները: Հազիվ թե Տեր-Պետրոսյանը մոռացած լինի դա:
ՆԱԽԱՐԱՐԸ ՉԻ ԵԿԵԼ
Երեկ ԲԴԽ-ում դատավորների հավաքը չի կայացել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը չի կարողացել ներկայանալ դատավորների հավաքին: Երեկ գրել էինք, որ ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր դատական համակարգի առողջացման պրոցեսին: Այս հայտարարություններից հետո դադարեցվեցին դատավոր Արայիկ Մելքոնյանի լիազորությունները: Դատավորներին փետրվարի 15-ին հրավիրել էին ԲԴԽ` քննարկումների, որը նախարարի բացակայության պատճառով չկայացավ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` այդ քննարկումը տեղափոխվել է երկուշաբթի:
ԻՆՉՈ՞Ւ ԱՅԴՊԵՍ
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կառավարության կառուցվածքի մասին օրենքի վրա գործող իշխանությունները բավական երկար են աշխատել, բուռն բանավեճեր ունեցել: Խոսքը հատկապես Սփյուռքի նախարարության փոխարեն ստեղծված կառույցի մասին է: Ինչպես հայտնի է, նախարարության փոխարեն գործելու է Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ, որը վարչապետին կից է լինելու եւ նրան հաշվետու: Սակայն մեր տեղեկություններով` այս հարցում իշխանությունները երկու տեսակետ են ունեցել: Բանն այն է, որ բոլոր գերատեսչություններում գործում են Սփյուռքի հարցերով բաժիններ, եւ իշխանությունները երկու մոտեցում են ունեցել` կա՛մ փակել այդ բոլոր բաժինները եւ թողնել նախարարությունը, կա՛մ էլ առանձին կառույց ստեղծել` մյուս բոլոր բաժինները թողնելով: Եվ իշխանությունները ընտրել են վերջին տարբերակը: Հանձնակատարի գրասենյակի աշխատակազմը դեռ հաստատված չէ, եւ մասնավոր զրույցներում նշվում է, թե այդ ամբողջ աշխատանքները մեկից երկու ամիս դեռ կտեւեւն, եւ այդ ընթացքում հին տեքստը կպահպանվի:
ԲԱՆԱՁԵՎՆ ԸՆԿԱԼԵԼ ԵՆ
Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ հանրությունը ընկալել է տնտեսական հեղափոխության կառավարության բանաձեւը: «Քննարկման արդյունքներով` կարող եմ արձանագրել, որ Հայաստանի հանրության, քաղաքացիների կողմից ընկալված է տնտեսական հեղափոխության մեր բանաձեւը, մեր կոնցեպտը: Իհարկե, Կառավարությունը դեռ պետք է ընդունի գործունեության ծրագրից բխող միջոցառումների ցանկը, բայց ուզում եմ տարանջատել Կառավարության ծրագրից բխող միջոցառումների ցանկը տնտեսական հեղափոխությունը խթանող միջոցառումների ցանկից», – նշեց Փաշինյանը:
ՀԱՆԴԻՊԵԼ Է ԲԱԿՈՅԻՆ
Փետրվարի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին: ԱԺ նախագահի եւ Անվտանգության խորհրդի քարտուղարի առանձնազրույցից հետո տեղի է ունեցել հանդիպում ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին, ընտրությունների կազմակերպման օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի միջեւ անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
ԲԱՑԱՍԱԿԱՆ
ՀՀ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի նախագծին, որով առաջարկվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում փոփոխություն կատարել, որի համաձայն` մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է համակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին` 1 օրը հաշվելով 1,5 օր:
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է
Մյունխենում մեկնարկել է Անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը, որին մասնակցում է նաեւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: Մյունխենի Անվտանգության միջազգային համաժողովը հեղինակավոր եւ ազդեցիկ հարթակ է, որն ամեն տարի մեկ հարկի տակ է հավաքում աշխարհի բազմաթիվ պետությունների եւ կառավարությունների ղեկավարների, քաղաքական, հասարակական գործիչների, դիվանագետների: Ներկայացուցչական այդ համաժողովում քննարկվում են միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր, որոնք արտացոլում են տվյալ ոլորտի արդի մարտահրավերները: