Հայաստանում անասնագլխաքանակը տարեցտարի պակասում է: Միայն ոչխարի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 67 հազարով: Այս պատկերը խիստ մտահոգիչ է: Չէ՞ որ, ինչպես հայտնի է, ոչխարների վերարտադրությունը երկար ժամանակ է պահանջում: Երեկ` կառավարության նիստին, ոչխարաբուծության ոլորտին անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը հանձնարարեց իրագործել եւ զարգացնել մսի եւ կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները: Նա հուշեց նաեւ, որ Հայաստանն ունի գառան եւ ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` Հայաստանում խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը մեկ տարվա ընթացքում 65 հազար 200-ով պակասել է: Եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, ապա 2018-ին այն դարձել է 590 հազար 600: Միայն կովերի գլխաքանակը մեկ տարվա ընթացքում պակասել է 29 հազար 200-ով. 2017 թվականին այն կազմել է 296 հազար գլուխ, իսկ 2018-ին` 266 հազար 800:
Ոչխարի գլխաքանակը պակասել է 67 հազարով. այն 2017 թվականին կազմել է 727 հազար 100 գլուխ, իսկ 2018-ին` 660 հազար 100: Նույն պատկերն է նաեւ խոզի գլխաքանակի դեպքում. 2017-ին այն կազմել է 175 հազար 500, իսկ 2018-ին` 166 հազար 800 գլուխ: Ձիերի գլխաքանակը եւս պակասել է:
Հիշեցնենք, որ տարիներ առաջ, երբ ոչխարի գլխաքանակը Հայաստանից զանգվածաբար արտահանվեց դեպի հարեւան Իրանի Իսլամական Հանրապետություն, հայկական շուկայում առաջացավ գառան մսի դեֆիցիտ եւ ահռելի գնաճ: Հայաստանում կտրուկ նվազեց ոչխարի գլխաքանակը, իսկ ոչխարաբուծությամբ զբաղվող եզդիներն այդ տարիներին մեծ վնասներ կրեցին: Ոչխարների արտահանման ծավալների նման կտրուկ աճը եզդի ազգաբնակչության որոշ մասի մոտ դժգոհություն առաջացրեց: Այն եզդիները, որոնք ոչխարները իրանցիներին կամ միջնորդ հայերին վաճառել էին գործընթացի սկզբում, լուրջ ֆինանսական կորուստ ունեցան, քանի որ դրանից հետո ոչխարների գինը շեշտակի բարձրացավ: Ի դեպ, այս խնդիրը կարգավորելու նպատակով դեռ տարիներ առաջ, գյուղատնտեսության նախարարի հրամանով, արգելվեց Հայաստանից արտահանել էգ գառներ, որպեսզի ոչխարների վերարտադրողականությունը հնարավոր լինի պահել եւ վերականգնել նաեւ դրանց թիվը:
Արդյունքում հիմա հանրապետությունում այնքան է պակասել ոչխարի գլխաքանակը, որ Հայաստանը սկսել է արդեն մեծ քանակությամբ ոչխար ներկրել: «Ժողովուրդ» օրաթերթը Գյուղատնտեսության նախարարությունից տեղեկացավ, որ 2018 թվականին 28 հազար 415 գլուխ մանր եղջերավոր կենդանի է ներմուծվել ՀՀ, իսկ արտահանվել է 12 հազար 110 գլուխ:
Հայաստանում ապրող եզդիների գերակշիռ մասը, ըստ աշխարհի եզդիների միության նախագահ Ազիզ Թամոյանի, ապրում է ոչխարաբուծությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Ազիզ Թամոյանը ցավով նկատեց, որ ոչխարաբուծության ոլորտը Հայաստանում կաթվածահար է եղել: «Նակինում մերոնք այնքան շատ են վաճառել իրանցիներին, դրա համար է հիմա քիչ: Պակասել են: Չպետք է նաեւ սպանդի ենթարկեին, պետք է մայրական կազմը աճեր ու աճեր»,- նկատեց Թամոյանը: Մեր զրուցակցի խոսքերով` այսօր ոչխարի մսի 1 կգ կազմում է 3000-3500 դրամ: Բայց Թամոյանը վստահ է, որ այս ամռանը այս գինը դեռ կթանկանա, քանի որ հենց այդ ժամանակ իրանցիներն ու արաբները նախընտրում են ոչխար գնել: Զրույցի ավարտին Թամոյանը մեծ ափսոսանքով նկատեց, որ եթե այսպես շարունակվի, ապա հաջորդ տարում Հայաստանում ոչխար չի մնա:
Իսկ, ահա, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Տիգրան Գաբիրելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով ոչխարաբուծության ոլորտին, հայտարարեց, որ մի քանի խնդիրներ կան, որոնցից մեկը արոտների կառավարման հետ է կապված: «Արոտները կտրտված են, ինչը խնդիրներ է առաջացնում մեծ գլխաքանակ պահելու համար: Զարգացած երկրներում իրականացվում է ռոտացիոն արածեցում, այսինքն` մի հատվածում կերակրեցին, տանում են մեկ ուրիշ հատված, մինչեւ նախորդը աճի, որովհետեւ ոչխարը մի հատկություն ունի. երբ սկսում է արածել, ապա հողի արմատի հետ միասին հանում է բույսը, այս պատճառով էլ այդ տարածքում բուսականություն չի աճում: Իսկ ռոտացիոն արածեցման դեպքում նման խնդիր չենք ունենա»,- պարզաբանեց փոխնախարարը:
Գյուղատնտեսության փոխնախարարը բարձրաձայնեց նաեւ ոչխարի մայրական կազմի ձեւավորման խնդրի մասին: «Եթե այսօրվա դրությամբ մեզ անհրաժեշտ լինի հավաքել մոտ 500 գլուխ մաքի, որ սկսենք ոչխարաբուծությամբ զբաղվել, կունենանք խնդիր, որովհետեւ չենք կարող այդքան հավաքագրել: Ստեղծված պատկերը ավելի շատ սոցիալական խնդրի հետ է կապված: Եթե մարդը սոված եղավ, ընտանիք չկարողացավ պահել, ապա նա մորթելու է այդ կենդանուն: Իմ սուբյեկտիվ կարծիքն է, ես կապում եմ սոցիալական վիճակի հետ: Մենք 2017 թվականին մշակել եւ կառավարությանն ենք ներկայացրել ծրագիր տոհմաբուծարաններ ստեղծելու վերաբերյալ, որպեսզի մենք ունենանք տոհմաբուծարաններ, որ այդտեղից արտադրվեն արդեն բարձր մթերատու կենդանիներ: Այսինքն` երբ մարդիկ կցանկանան համալրել իրենց կենդանիների գլխաքանակը, կկարողանան գնալ եւ այդտեղից ձեռք բերել»,- փոխանցեց Տիգրան Գաբրիելյանը: Բացի այս, պաշտոնյան վստահ է, որ այդ տոհմաբուծարանները կլուծեն ցեղային հատկանիշների բարելավման հարցը, որովհետեւ թեեւ մեր տեղական ոչխարը լավ հռչակ է վայելում, բայց մեր հանրապետությունն ունի վաղահաս կենդանիների խնդիր:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
Weekend. ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ
Այս շաբաթ կայացան Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի մի շարք հանդիպումներ. փլեյօֆը կշարունակվի նաեւ մյուս շաբաթ, իսկ հիմա արդեն շաբաթվա վերջն է, եւ ժամանակն է ծանոթանալ այս տուրի կենտրոնական հանդիպումներին:
Անգլիայի Գավաթ
Այս շաբաթ Անգլիայի Պրեմիեր Լիգային գալիս է փոխարինելու Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակիչը: Անգլիայի Գավաթի 1/8 եզրափակչի կենտրոնական խաղը կկայանա ոչ հանգստյան օրերին, այլ երկուշաբթի:
«Չելսի»-«Մանչեստեր Յունայթեդ».
Անգլիայի ամենահին դերբիներից մեկը կզարդարի շաբաթվա առաջին աշխատանքային օրվա գիշերը (23:30): Սուլշերի կերպարանափոխած «Յունայթեդը» արդեն պարտություն ունի, այն էլ` տանը, այն էլ` Չեմպիոնների Լիգայում (ՊՍԺ, 2-0): «Ազնվականներն» էլ «սարրիբոլը» չեն կարողանում յուրացնել, եւ երկու թիմերն էլ խաղին մոտենում են ծանր վիճակում:
Լա Լիգա
Լա Լիգայի 24-րդ տուրի կենտրոնական հանդիպումը փոքրիկ մադրիդյան դերբին է` «Ռայո Վալյեկանո»-«Ատլետիկո Մադրիդ»: Խաղի բացահայտ ֆավորիտը Չոլո Սիմեոնեի սաներն են, սակայն «Ռայոն» սեփական դաշտում անախորժություններ ստեղծել գիտի. տանտերերը վտանգավոր գոտում են (23 միավոր, 18-րդ տեղ), եւ ամեն մի միավոր նրանց համար կարող է դառնալ ճակատագրական: Խաղը կկայանա շաբաթ օրը եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 19:15-ին:
Սերիա Ա
Իտալիայի առաջնության 24-րդ տուրում կարելի է առանձնացնել «Նապոլի»-«Տորինո» խաղը: «Յուվեի» հետ հեռակա չեմպիոնական պայքար մղող նեապոլցիները այս խաղի ֆավորիտն են եւ պետք է հաղթեն առաջնությունում գոնե ձեւական ինտրիգը պահելու համար: «Տորինոն», լինելով թշնամի «Յուվենտուսին», պարտվելով արջի ծառայություն կկատարի թուրինյան գրանդի համար, իսկ «Նապոլիից» միավորներ կորզելը օգուտ է միայն «Ծեր Սինյորային»: Հանդիպումը կկայանա կիրակի եւ կմեկնարկի 23:30-ին:
Բունդեսլիգա
Գերմանիայում ինտրիգը սրվեց անցած տուրում «Դորտմունդի» միավորներ կորցնելուց հետո: «Բավարիան» արդեն շնչում է դորտմունդցիների թիկունքում:
Բայց եկե՛ք մի պահ կտրվենք չեմպիոնական պայքարից. այս տուրի ամենահետաքրքիր խաղը կկայանա Ֆրանկֆուրտում: Տեղի «Այնտրախտը» սեփական դաշտում կընդունի «Մյունխենգլադբախին»: Մինչ բավարացիներն ու «մեղուները» պայքար են տալիս «արծաթե սկուտեղի» համար, այդ ընթացքում դանդաղ, բայց հստակ քայլերով նրանց է միանում «Բորուսիա Մյունխենգլադբախը»: Եթե նրանք կարողանան հաղթել «Ֆրանկֆուրտին», ապա կարելի է ասել` չեմպիոնական պայքարի մեջ են: Խաղը կկայանա կիրակի 18:30-ին:
Լիգա 1
Թոփ 5 առաջնությունների «ամենաթեժ» առաջնության կենտրոնական խաղը կկայանա կիրակի` 18:00-ին: Միշել Տեր-Զաքարյանի «Մոնպելիեն» սեփական դաշտում կընդունի «Լիլին»: Երկրորդ տեղով ընթացող «Լիլը» խաղի ֆավորիտն է, բայց «Մոնպելիեն» հեշտ հանձնվողներից չէ:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ