Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ապրիլի 3-ին որոշել է մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրի Մելքումյանին ազատել զբաղեցրած պաշտոնից` լուծելով 2018թ․ սեպտեմբերի 4-ին նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը: Մարզպետն այդ որոշումն ընդունել է` Նաիրի Մելքումյանի անձնական դիմումի հիման վրա: Տավուշի մարզպետարանի մեր աղբյուրները տեղեկացնում են, որ մինչ այդ ազատումը մարզպետը Ն․ Մելքումյանին մարզպետարանի այլ աշխատակիցների ներկայությամբ մեղադրել է վատ աշխատելու համար, ինչին վերջինս չի համաձայնել. տեղի է ունեցել վեճ:
Նախկինում Ն․Մելքումյանը զբաղեցնում էր Տավուշի մարզպետարանի ներքին աուդիտի բաժնի վարիչի պաշտոնը: Ապրիլի 3-ին մարզպետ Չոբանյանը մեկ այլ որոշմամբ մինչ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելը վարչության պետի պարտականությունները վերապահել է նույն վարչության ֆինանսատնտեսագիտական բաժնի վարիչ Ասքանազ Բաբլումյանին: 2019թ․ փետրվարի 6-ին Տավուշի մարզպետ նշանակված Հ․ Չոբանյանն ազատվում է հին կադրերից, դրանց փոխարեն նշանակում նոր մարդկանց: Նրա պաշտոնավարման օրոք աշխատանքից ազատվել են մարզպետի 3 տեղակալները, այժմ մարզպետը տեղակալ չունի:
Չոբանյանի պաշտոնավարման կարճ շրջանում պաշտոնից ազատվել են մարզպետի խորհրդականները եւ օգնականները, դրանց փոխարեն նշանակվել են նոր անձինք:
Ոսկան Սարգսյան
Տավուշ