Մեծ խնդիր. Հայաստանում Եռամարտը չի եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում նոր զարգացող ֆեդերացիաների շարքին է դասվում նաեւ Եռամարտի հայկական ֆեդերացիան: Այս սպորտաձեւին վերաբերող հարցերի մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ավետիսյանի հետ, որը պատմել է, թե ինչ վիճակում է Եռամարտը Հայաստանում, ինչպես է ֆինանսավորվում պետության կողմից եւ այլն:

Ֆեդերացիայի նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ կազմակերպությունն ընդամենը 7 տարի է, ինչ գործում է, եւ խնդիր է այն, որ ԽՍՀՄ-ի տարիներին եռամարտ մարզաձեւը Հայաստանում չի եղել. «Հայաստանում այս սպորտաձեւը չի եղել եւ չի եղել նաեւ եռամարտի մարզիչ: Հիմա մեր գլխավոր նպատակը այն է որ մարզիչներ ուղարկենք վերապատրաստման եւ ունենանք եռամարտի լիարժեք մարզիչ, ոչ թե առանձին սպորտաձեւերի: Հիմա ունենք այդպիսի երկու մարզիչներ»:

Պարոն Ավետիսյանը խոսեց պայմանների մասին. «Մարզումները անցկացվում են տարբեր տեղեր, եւ մենք ունենք մեզ համար կոնկրետ սահման մարզիկների, ովքեր զբաղվում են պրոֆեսիոնալ մակարդակով: Դրա պատճառն այն է, որ կարողանանք ապահովել ե՛ւ պայմանները, ե՛ւ միջազգային հարթակում հանդես գալը: Կասեմ, որ սպորտաձեւը Հայաստանում արագ զարգացող է»:

Ավետիսյանը շեշտեց նաեւ, որ գլխավոր խնդիրներից է ֆինանսավորումը եւ մարզադպրոցների բացակայությունը: Պետությունը ֆեդերացիային ֆինանսավորում է տարեկան 2մլն դրամով, որը ծառայում է մրցումներ կազմակերպելուն եւ ուսումնամարզական հավաքներ անցկացնելուն: «Հեծանիվների հետ կապված` մեզ որոշակիորեն օգնում է «MyBike»-ը, իսկ մնացած հարցերը փորձում ենք հոգալ մեր ուժերով: Մեր ընկերները, մեր ծանոթները, այն մարդիկ, ովքեր սրա մեջ են, օգնում են բոլոր հարցերում եւ ունեն իրենց մասնաբաժինը այս գործում: Եթե մրցումների համար նախատեսված են լինում 4 հոգի, սակայն մենք գտնում ենք, որ պետք է լինեն հինգը, ապա այդ մեկ հոգու ֆինանսական ծախսերը պետք է մենք իրականացնենք»:

Ֆեդերացիայի նախագահը խոսեց նաեւ մարզադպրոցների բացակայության մասին` ասելով, որ դա շատ կարեւոր է սպորտաձեւի ապագայի համար. «Մարզադպրոցների բացակայությունը, իհարկե, շատ ցավոտ է, բայց հիմա մեր գլխավոր նպատակը այն է, որ եռամարտը դարձնենք մասսայական: Այս տարի քաղաքում միջոցառումներ, մրցումներ կանցկացնենք, որը արդեն մեծ բան է եւ կարող է նպաստել զարգացմանը, ինչպես նաեւ մարզադպրոցների բացմանը: Շատ կարեւոր է նաեւ Սպորտի եւ երիտասարդական հարցերի նախարարության աջակցությունը, որը կա նույնիսկ սիրողական մրցաշարերի ժամանակ»:

Հրաչյա Ավետիսյանը անդրադարձավ նաեւ առաջիկա պրոֆեսիոնալ մրցումներին եւ նշեց, որ հունիսի 9-ից 15-ը անցկացվելու են ուսումնամարզական հավաքներ, որոնք համաֆինանսավորվելու են, իսկ դրանից հետո կայանալու է երիտասարդների Եվրոպայի գավաթը, որտեղ Հայաստանը ներկայացնելու են երկու մարզիկներ:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս