«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է երգչուհի Արմինե Գրիգորյանը: Նա խոսել է գործնական եւ անձնական կյանքի մասին, նշել, որ եթե երգչուհի չդառնար, գուցե իրեն փորձեր բժշկության ոլորտում: Ինչ վերաբերում է անձնականին, Արմինեն իրեն երջանիկ մարդ է համարում, ամուսնանալու ցանկություն այսօր էլ չունի, քանի որ այն համոզման է, որ միայն երեխաներ ունենալու կամ բարեկամների բամբասանքներից խուսափելու համար չարժե ընտանիք կազմել, եթե հիմքում չի լինելու մեծ սեր:
-Արմինե՛, սովորաբար արթնանում եք զարթուցիչո՞վ, թե՞ առանց դրա:
-Եթե շատ պետք լինում է, դնում եմ զարթուցիչ, բայց, սովորաբար, առանց դրա եմ արթնանում:
-Ձեզնից անբաժան աքսեսուար ունե՞ք:
-Այո, ակնոց՝ ամենատարբեր չափերի եւ տեսակների, սկսած արեւայինից մինչեւ օպտիկական, ինչպես նաեւ շարֆ, գլխարկ:
-Ո՞ր եղանակին եք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում:
-Ամռանը:
-Երբեք չեք հրաժարվի համտեսել…
-Ձմերուկ: Անգամ ձմռանը եթե լինի, կուտեմ. շատ եմ սիրում:
-Մականուն, որ ուղեկցել է Ձեզ դպրոցական տարիներին:
-Չեմ ունեցել:
-Կա՞ն հարցեր, որոնք խուսափում եք ինքներդ Ձեզ տալ:
-Ոչ, ես սովոր եմ բաց ճակատով նայել ճշմարտության աչքերին:
-Եթե չլինեիք երգչուհի, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք:
-Թերեւս կդրսեւորվեի բժշկության ոլորտում. ինչ-որ չափով ունեմ պոտենցիալ:
-Ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում հայտնի դառնալուց հետո:
-Բայց ի՞նչը մնաց նույնը: Ամբողջը փոխվեց, մեծ մասամբ՝ դեպի լավը:
-Աստղային կյանքը Հայաստանում ինչպե՞ս կբնութագրեք:
-Ես միշտ ասում եմ, որ Հայաստանում ծնված աստղերը երեւի նախկին կյանքում շատ վատ մարդիկ են եղել եւ այս կյանքում պատժվում են իրենց մեղքերի համար (ծիծաղում է):
-Շարունակե՛ք միտքը. «Կամուսնանամ, երբ…»
-Ամուսնանալու ցանկություն չունեմ, բայց երբեք չեմ կարող ասել երբեք… Գուցե այս տարիքում հանկարծ սպիտակ ձիով ասպետ հայտնվի (ծիծաղում է): Ընդհանրապես, ամուսնության ինստիտուտը շատ է հնացել աշխարհում:
Աղջիկներից ոմանք շուտ ամուսնանում են, որպեսզի կարգավիճակ ստանան, կապ չունի՝ հաջող, թե ոչ, կան նաեւ այնպիսիք, որոնք ամուսնանում են հանուն երեխաներ ունենալու: Ես այն համոզման եմ, որ արժե ամուսնանալ միայն մեծ սիրո դեպքում:
-Հարց, որ վերջերս Ձեզ շատ են տալիս:
-Քաղաքական թեմաներով հարցեր են տալիս, օրինակ՝ ինչպես է լինելու մեր երկրի վիճակը, եւ այլն: Ասեմ, որ իմ շրջապատում անգամ շատ թերահավատ մարդիկ հույսով են լցվել ապագայի նկատմամբ:
-Ձեզ ի՞նչ կենդանու եք նմանեցնում:
-Տարով կապիկ եմ, ուստի կառանձնացնեմ հենց այդ կենդանուն:
-Իսկ կենդանակերպի ո՞ր նշանի ներքո եք ծնվել:
-Երկվորյակ եմ, որն, ասում են, անընդհատ տարակուսանքների մեջ է, բայց կապիկը փրկում է այդ առումով:
-Որո՞նք են Ձեր երեք ամենամեծ առավելությունները:
-Չեմ ստում, սկզբունքային եմ ու խղճով:
-Իսկ ունե՞ք բնավորության այնպիսի գիծ, որի համար ինքներդ էլ երբեմն ամաչում եք:
-Իհարկե, կան այդպիսիք: Օրինակ՝ եթե ինչ-որ բան մտքիս դնեմ, բոլոր հարազատներիս կխառնեմ, որ հենց այդ պահին իրականացնեմ: Այդպիսով, կարող եմ նրանց նեղություն տալ, բայց դա միայն ինձ համար չեմ անում, այլեւ հենց նրանց:
-Շարունակե՛ք միտքը. «Եթե կյանքը համառորեն Ձեզ անհաջողություններ է հրամցնում…»:
-Ես այն համոզման եմ, որ համարյա բոլոր իրավիճակներից կա ելք: Բայց եթե իրավիճակն անելանելի է, ուրեմն հարկավոր է փոխել վերաբերմունքն այդ իրավիճակի նկատմամբ: Դա է փրկությունը:
-Ընկերներ շատ ունե՞ք:
-Տարիքի հետ ընկերները մաղվում են, քանակը կրճատվում է, որակը՝ բարձրանում:
-Ձեր ներկայիս տրամադրության գույնը:
-Վառ կարմիր:
-Արտիստ, որն, ըստ Ձեզ, կենդանի լեգենդ է:
-Ալլա Պուգաչովան: Նա նաեւ հանճարեղ կին է, միշտ սիրել եմ այդ երգչուհուն: Հայերից կառանձնացնեմ Էլվինա Մակարյանին, թեեւ նա, ցավոք, մեզ հետ չէ, բայց լեգենդ է:
-Եվ վերջին անգամ` շարունակե՛ք միտքը. «Սիրում եմ կյանքը, որովհետեւ…»:
-Երջանիկ եմ: Իսկապես, գոհ եմ իմ կյանքից: Իսկ երբ մարդ գոհ է, կյանքը նրան ավելին է տալիս:
Աննա Բաբաջանյան