Տարաձայնություններ ՔՊ-ի ներսում․ Աբովյանում ընտրությունները թեժ են լինելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում հունիսի 9-ին տեղի են ունենալու համայնքապետի ընտրությունները, որ խոստանում է թեժ լինել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` այս հարցում տարաձայնություններ կան անգամ իշխող կուսակցության ներսում, քանի որ մի հատվածը սատարում է ներկայիս քաղաքապետին, իսկ մի հատվածն էլ իր «հավանած» թեկնածուն ունի:

Ըստ տեղեկությունների` իշխանության թեկնածուն կառավարման փորձ չունեցող անձ է ու հանրության շրջանում անհայտ, այդ իսկ պատճառով այս հարցի վերաբերյալ քննարկումները թեժ ու լարված են: Բացի այդ, լարված են գործող քաղաքապետի ու մարզպետի հարաբերոթյունները. մարզպետը մի քանի անգամ մամուլով մեղադրանքներ է հնչեցրել քաղաքապետի հասցեին:

Ինչեւէ, երեկ «Ժողովուրդ»օրաթերթն այս հարցի շուրջ զրուցել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի հետ:

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

-Պարո՛ն Պետրոսյան, Ձեր կուսակցությունը որոշում կայացրե՞լ է Աբովյանի համայնքապետի ընտրություններում թեկնածու առաջադրելու մասին:

-Կուսակցությունն առաջադրելու է իր թեկնածուին, մեր Աբովյանի կուսակցականներից է թեկնածուն: Առայժմ չեմ ցանկանում տվյալներ ներկայացնել, մի շաբաթից մենք հանդես կգանք հայտարարությամբ, հիմա ժամանակավրեպ է:

-Իսկ ո՞ր արժանիքի համար է որոշվել նրա թեկնածությունն առաջադրել քաղաքապետի ընտրություններում: Դժգո՞հ եք ներկայիս քաղաքապետի աշխատանքներից, ինչո՞ւ չեք սատարում նրան: Տեսակետ կա, որ նոր իշխանությունները շարունակում են նախկինների քաղաքական գիծը` ամեն տեղ ունենալով իրենց մարդկանց:

-Մենք առաջադրում ենք մեր թեկնածուին, քանի որ գործող քաղաքապետը, ճիշտ է, կուսակցական չի, բայց ակնհայտորեն այլ քաղաքական ուժի ներկայացուցիչ է ու այլ քաղաքական ուժի աջակցությամբ է ընտրվել քաղաքապետ ու նաեւ այլ քաղաքական ուժի քաղաքականությունն է իրականացնում: Այսինքն` այդ առումով ՔՊ-ն` որպես իշխող քաղաքական ուժ, որպես կուսակցություն, որ քաղաքական կառավարում է իրականացնում մեր երկրում, եւ տարածքային կառավարումն է իրականացնում առանցքային քաղաքներում, առանցքային համայնքներում, տրամաբանական է, որ պետք է իր թեկնածուին առաջադրի եւ տեղական ինքնակառավարման նաեւ իր իրականացումը իրացնի շատ կարեւոր համայնքներում:

Մենք բնավ նպատակ չենք հետապնդում նախկին իշխանությունների նման բոլոր համայնքներում կուսակցականացնելու համայնքապետերին կամ մեր թեկնածուներին առաջադրելու` տոտալ կուսակցական հսկողություն իրականացնելու համար: Բայց առանցքային համայնքներ ունենք, որտեղ որ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման միջեւ հավուր պատշաճի փոխգործակցություն չի իրականացվում տարբեր քաղաքական ուժերին հարելու կամ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ լինելու հետեւանքով:

Ու շատ տրամաբանական է, որ Աբովյանի նման քաղաքում ՔՊ-ն իր թեկնածուն է առաջադրելու, երբ որ վերջին շրջանում թե ինչպիսի խնդիրներ ծագեցին` քաղաքապետի գործունեության հետ կապված: Նույնիսկ հաղորդում է տրվել դատախազություն, մի շարք առեւրեւույթ խախտումներ հայտնաբերվեցին, որոնց փաթեթը եւս ներկայացվել է մարզի դատախազին:

Եւ դրանք պետք է իրավական գնահատականի արժանանան, որից հետո էլ քաղաքական վստահության հարց կա: Ես բացառում եմ, որ կրկնվում է նախորդ իշխանությունների գործելաոճը. իմ ասածը ՏԻՄ-երում մեր կուսակցության կուրսը կիսողներին առաջադրելու հարցն է:

ԱԲՈՎՅԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՎԱՀԱԳՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ

-Պարո՛ն Գեւորգյան, հունիսի 9-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ. արդեն որոշում ունե՞ք` մասնակցելու եք, թե ոչ:

-Այո, արդեն որոշում ունեմ, մասնակցելու եմ:

-Իսկ ինչ-որ կուսակցություն սատարելո՞ւ է Ձեր թեկնածությունը:

-Ինքնառաջադրվելու եմ` որպես անկուսակցական թեկնածու:

-Ըստ Ձեզ` ներկայիս իշխանությունները ցանկություն ունե՞ն Ձեզ հետ շարունակելու աշխատել, Դուք իրենց աջակցությունը ստանալո՞ւ եք:

-Համենայնդեպս, նման քննարկումներ, ինֆորմացիա չունեմ, չեմ կարող ասել:

-Իսկ Աբովյանի քաղաքացիները գո՞հ են Ձեր կատարած աշխատանքներից, արդյոք իրենք կրկին Ձեզ ձայն կտա՞ն:

-Եթե գնահատեմ մեր 4 տարվա աշխատանքը, ապա, կարծում եմ, մենք բավականին աշխատանք ենք կատարել: Կան ծրագրեր, որ այս պահին ընթանում են, ու կան ծրագրեր, որ, կարծում եմ, առաջիկայում պետք է իրագործենք: Ու ես այդ ամենից ելնելով` կարծում եմ, որ ճիշտը ինքնառաջադրումն է, ու այն ծրագրերը, որը կա Աբովյան քաղաքի զարգացման տեսլականում, մեր պատկերացումներում, պետք է կյանքի կոչենք: Մեծամտություն թող չթվա, բայց, այո, քաղաքում ընդունվել եմ ու, որպես ՀՀ գիտակից քաղաքացի` գիտեմ, որ, ամեն դեպքում, ժողովուրդն իր վստահության քվեով է իր վերջին խոսքն ասում: Այսինքն` հիմա խոսել այդ մասին այդքան էլ ճիշտ է, բայց, իհարկե, ունենք համակիրների մեծ բանակ, ունենք համախոհներ, ունենք լավ թիմ ու գնում ենք ընտրությունների:

-Ըստ Ձեզ` ուժեղ մրցակիցներ ունենալո՞ւ եք:

-Ըստ իս` այո, մրցակիցներ ունենալու եմ, թերագնահատել ոչ մեկին պետք չէ: Տարբեր թեկնածուներ են շրջանառվում, բայց քանի դեռ առաջադրումներ չեն եղել, վաղ է դրա մասին խոսելը: Սահմանված ժամանակահատվածում կլինեն առաջադրումներ, այդ ժամանակ էլ կխոսենք: Իսկ հիմա վստահ, հաստատակամ քայլերով առաջ ենք գնալու ոչ միայն ես, այլեւ մեր մեծ թիմով:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս