Ինչ ունեցվածք հասցրին «դիզել» Քոչարյանին ազատ արձակելու որոշում գրած դատավորները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, անցած տարի 10 մլն դրամով վաճառել է բնակարան: Պապոյանի փոխառությունները 2018 թվականի վերջին կազմել են 2.2 մլն դրամ: Իսկ դրամական միջոցը կազմել է 20 դոլար: Դատավորը որպես եկամուտ հայտարարագրել է երեք վայրից ստացած աշխատավարձը, որն ամսական կազմել է 661 հազար դրամ:

Ըստ պաշտոնը ստանձնելու 2015 թվականի հայտարարագրի`դատավորն ունի մեկ բնակարան, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ ավտոտնակ եւ մեկ հատ BMW 320 մակնիշի ավտոմեքենա:

Նկատենք, որ Պապոյանը պարբերաբար բնակարաններ է վաճառում, օրինակ, 2016 թվականին նա 31 մլն 340 հազար դրամով եւս մեկ բնակարան է վաճառել: Իսկ ահա 2014 թվականի հայտարարգրով նա 71 մլն 610 հազար դրամով գնել է մեկ բնակարան, 7 մլն 440 հազար դրամով մեկ ավտոտնակ: Բացի այս, նույն տարում 91 մլն 300 հազար դրամով վաճառել է բնակարան, իսկ 6 մլն 225 հազար դրամով ավտոտնակ: Իսկ ահա նրա կնոջ` Մադլեն Պապոյանի դրամական միջոց չունի, ընդամենը որպես եկամուտ հայտարարեգրել է սեփական աշխատավարձը, որն ամսական կազմել է 67 հազար դրամ եւ ստացած 200 հազար դրամի չափով փոխառությունը:

Իսկ ահա ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին 2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել: Բայց 2017 թվականի պաշտոնական հայտարարգրով Ռշտունու դրամական միջոցները կազմում են 45 հազար դոլար եւ 35 մլն դոլար: Իսկ որպես եկամուտ հայտարարգրած աշխատավարձն ամսական կազմում է 693 հազար դրամ: Բացի այս դատավորն ունի նաև մեկ բնակարան եւ մեկ BMW X5 մակնիշի ավտոմեքենա:

Շատերը հակված են կարծելու, որ Ռշտունին ու Պապոյանը դատական համակարգից հեռանում են քաղաքական դրդապատճառներով: Այսօր տեղեկություններ եղան այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումը գրած 3 դատավորներից երկուսը վերոնշյալներն են, իսկ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն. պլանավորել էին կասեցնել գործը:

«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսք է եղել, ըստ որի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ՝ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր, Մխիթար Պապոյան՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր՝ դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ․ դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն»,- համացանցի իր էջում գրել էր դատական փորձագետ Արտակ Գալստյանը:

Մինչդեռ, Քոչարյանի պաշտպանական խումբն ավելի ուշ հայտարարեց, որ որևէ արտահոսք չի եղել: Իսկ դատավորների մասին այս տեղեկությունը սուտ է:

Ս.Հ.




Լրահոս