«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ընթերցողների դատին ներկայացնել շարք՝ «Չեք հավատա, բայց…» խորագրով: Շարքի շրջանակում պատմում ենք շոուբիզնեսցիների կյանքից քչերին հայտնի, բայց ուշագրավ դրվագներ, հայտնիները հիշում են պահեր, որոնք իրենց պարգեւել են ժպիտ, զարմանք, վախ եւ այլ զգացումներ: Այս անգամ մեր զրուցակիցը դերասանուհի Լիլի Էլբակյանն է: Պատմությունը, որը նա հիշեց, կապված է բեմական կյանքի հետ եւ տեղի է ունեցել շուրջ տասը տարի առաջ, երբ «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը Հայաստանում իր աստեղային ժամերն էր ապրում:
Օնլայն տիրույթում ընկերների հետ հերթական քննարկումներից մեկի ընթացքում անհայտ մի օգտատեր Լիլիին հարցնում է՝ ծաղիկներ սիրում է, թե ոչ, եւ եթե այո, ինչ ծաղիկներ: Խոսակցության բնույթն այնքան էլ դուր չի գալիս դերասանուհուն, եւ նա կատակով պատասխանում է. «Ո՛չ, ծաղիկ չեմ սիրում, ձմերուկ եմ սիրում»: «Անցավ որոշ ժամանակ, եւ երբ Կամերային թատրոնում հերթական անգամ խաղացինք «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումը, վարագույրը իջավ, հնչեցին ծափահարություններ, դերասանները ելան բեմ, հանդիսատեսներից երիտասարդ մի տղա մոտեցավ ու ինձ ծաղիկի փոխարեն ձմերուկ հանձնեց: Ի դեպ, ձմեռ էր, եւ ձմերուկ Հայաստանում չէր ճարվում, չգիտեմ՝ որտեղից էր պեղել, դա էլ բավական չէր, անունս էր մակագրել վրան:
Ես սկզբում շոկի ենթարկվեցի, չհասկացա՝ ինչ էր կատարվում, ինչու ձմերուկ: Հետո միայն հիշեցի, որ սոցցանցի խոսակցությունն էր պատճառը»,-ծիծաղելով ասաց Լիլին: Բայց այսքանով պատմությունը չի ավարտվում: Շատ տարիներ անց մի առիթով Լիլիի ամուսնու՝ ռեփեր Համոյի կոլեգաներից մեկը Լիլիին հարցնում է. «Քեզ տարիներ առաջ բեմում ձմերուկ են նվիրել, չէ՞», դերասանուհին գլխով դրական պատասխան է տալիս: Դրանից հետո զրուցակիցը խոստովանում է, որ հենց ինքն է եղել այդ տղան. «Ես կարմրեցի, ե՛ւ ծիծաղս էր գալիս, ե՛ւ չէի հավատում, որ այս խմորն այսքան ջուր կքաշեր: Դրանից հետո ինքս ինձ խոստացա, որ մեկնաբանություններիս մեջ ավելի զգույշ եմ լինելու»,- ծիծաղելով եզրափակեց Լիլին:
Աննա Բաբաջանյան