Հաղթանակ ճակատամարտում` պատերազմից առաջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ`հունիսի 8-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ԵՎՐՈ 2020-ի նախընտրական փուլի Հայաստան-Լիխտեյնշտեյն հանդիպումը: Մենք այս խաղում կարողացանք տոնել անչափ կարեւոր հաղթանակ`3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Այո՛, մենք հաղթեցինք, մենք գոլ բաց չթողեցինք եւ ըստ հաշվի` տարանք անչափ վստահ հաղթանակ, բայց եկեք ընդունենք այն փաստը, որ այս խաղով մենք ուղղակի չենք կարող նույնիսկ մեկ միավոր բերել Հունաստանից: Խաղի ընթացքում լիխտեյնշտեյնցիները ունեցան մի քանի 100%-անոց գոլային պահեր եւ դրանք չկարողացան իրացնել միայն կարգի չափազանց ցածր լինելու պատճառով:

Այնուամենայնիվ, սա շատ կարեւոր հաղթանակ էր եւ փոքր ճակատամարտ, որտեղ մեր տղաները հաղթեցին եւ ստացան մեծ շանսեր խմբում երկրորդ տեղը զբաղեցնելու համար:

Այժմ մեր ընտրանին ֆիններից հետ է մնում 3 միավորով, եւ ո՞վ գիտե հունիսի 11-ին հաջողության հասնելու պարագայում հնարավոր է կտրուկ վերելք ապրել մրցաշարային աղյուսակում:

Հիմա վերադառնանք «Հանրապետական» մարզադաշտ: Երեկվա խաղում մեր ընտրանու կազմում խաղալու հնարավորություն չստացան Արաս Օզբիլիսն ու Էրիկ Վարդանյանը: Այս երկուսը ամենականխատեսելի փոփոխությունների շարքին էին դասվում, սակայն Արմեն Գյուլբուդաղյանցը այլ բան էր մտածել:

Օզբիլիսը չունի խաղային պրակտիկա, այո՛, այդպես է, սակայն նա հրավիրվել է հավաքական, եւ երբ թիմը հաղթում է երկու գնդակի տարբերությամբ եւ առջեւում Հունաստանի դեմ պատասխանատու խաղն է, ապա կարծում ենք, պետք էր, որ Օզբիլիսը երկար դադարից հետո զգար խաղի տեմպն ու ռիթմը:

Եւ այսքանից հետո զարմանալի չի լինի նաեւ այն փաստը, որ Օզբիլիսը, խաղալով հույների դեմ, չկարողանա անել ոչինչ: Այնուամենայնիվ նա այն ֆուտբոլիստների շարքին է դասվում ով կարող է մեկ դրվագում վճռել խաղի ելքը: Ինչ մնում է Էրիկ Վարդանյանին, ապա նրա չխաղալը, երեւի թե, ամենազարմանալին էր: Հիանալի մրցաշրջան անցկացրած երիտասարդ ֆուտբոլիստը նույնիսկ մեկ րոպե չանցկացրեց դաշտում:

Էրիկը, ամենայն հավանականությամբ, կխաղա Աթենքում, իսկ Արասի մասնակցությունը կրկին հարցականի տակ է:

Ամեն դեպքում հուսանք, որ մյուս խաղում մեր ֆուտբոլիստները կրկին կհաղթեն, բայց արդեն պատերազմում, ավելի լուրջ մրցակցի նկատմամբ. այդ խաղը խոշոր չափով շատ հարցերի պատասխաններ կտա:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս