ՍԱԲՈՏԱԺ ԵՎ ԻՆՖՈՐՄԱՑԻՈՆ ԱՐՏԱՀՈՍՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանություններից «ժառանգություն» մնացած պաշտոնյաների կողմից իրականացվող սաբոտաժների, ինֆորմացիոն արտահոսքերի մասին շատ-շատ է խոսվել: Սա միանգամայն սպասելի էր, եթե հաշվի առնենք փաստը, որ որոշ դեպքերում, հատկապես` իրավապահ համակարգի միջին օղակներում, նոր իշխանությունները չգնացին կադրային կտրուկ փոփոխությունների ճանապարհով եւ այսօր քաղում են կատարվածի դառը պտուղները: Դրա վառ օրինակն է փաստը, որ տարբեր քրեական գործերով անցնող մի շարք նախկին պաշտոնյաներ մինչ մեղադրյալի կարգավիճակում հայտնվելը հասցրել են այս ընթացքում ծլկել Հայաստանից: Այս համատեքստում պատահական չեն «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունները, որ երբ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին իր մտերիմ շրջապատում հարցրել են, թե ինչու քրեական գործով անցնող նախկին պաշտոնատար անձանց ժամանակին չեն բռնում, որ հիմա էլ հետախուզում են ու չեն կարող հայտնաբերել կամ չեն կարողանում հետ վերադարձնել Հայաստան, նա խոստովանել է, որ համակարգում դեռ նախկին իշխանությունների հետ կապ ունեցող անձինք կան, որոնք էլ նման խնդրի առաջ են իրենց կանգնեցրել: Ասել է թե` Սասուն Խաչատրյանը փորձել է բացատրել, որ համակարգից ինֆորմացիայի արտահոսք է իրականացվում: Երբ արդեն կոնկրետ փաստեր ունենալով` որեւէ նախկին պաշտոնյայի փորձում են բերման ենթարկել, քրեական գործով անցնող անձինք անհետացած են լինում: «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկությունը պարզել Հատուկ քննչական ծառայությունից, որտեղից, մեր հարցին ի պատասխան, հայտնեցին. «Սասուն Խաչատրյանը իր մտերիմ շրջապատում քրեական գործերից չի խոսում»:

 

 

 

2018 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունված «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների վերաբերյալ քննարկումներն ու կրքերը չեն հանդարտվում։ Հետաքրքիր է, որ չնայած Սահմանադրական դատարանն այդ օրենքը հակասահմանադրական ճանաչեց, սակայն ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը եւ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը վերապահումներ ունեն եւ չեն թաքցնում իրենց տեսակետը: Նախագահականի իրավաբանական վարչությունը ՍԴ որոշման վերաբերյալ տարածել է հայտարարություն: Բացի այդ, պարզվում է նաեւ` ՍԴ դատավորներից Աշոտ Խաչատրյանը, որ մինչ ՍԴ գործուղվելը 6 տարի՝ 2004-2010թթ., ԱԺ իրավաբանական վարչության պետն է եղել, հատուկ կարծիք է գրել եւ, ըստ էության, ակնարկել, որ այդ օրենքը կարող էր նաեւ հակասահմանադրական ճանաչվել։

 

 

 

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը կապ չունի «Մարտի 1»-ի բացահայտման հետ: «Այս գործը զավեշտալի է: Այն լակմուսային թուղթ է` հասկանալու համար, թե ով ով է։ Նիկոլ Փաշինյանը այնքան ոխերիմ ու չարամիտ պետք է լինի, որ չների այն մարդկանց, ովքեր Քոչարյանի դեմ իրականացվող ապօրինություններին դեմ քայլեր կձեռնարկեն»,- պնդել է Աշոտյանը` հավելելով, որ այդ պրոցեսը բացառապես քաղաքական է: «Ինձ դժվար է մեղադրել քոչարյանական լինելու մեջ. ես ունեմ առանձին քաղաքական թիմ: Բայց լռել այն ժամանակ, երբ երկրումդ, թողած բազմաթիվ այլ ներքին եւ արտաքին լրջագույն խնդիրներ, հարուցել են նման քրեական գործ, լուրջ չի»: Ա. Աշոտյանը նաեւ հայտարարել է, որ Փաշինյանն այս գործի քավորն է: «Դրա մասին են վկայում հայտնի ձայնագրության հայտնի դրվագները, որոնք այդպես էլ չհերքվեցին»,- մեկնաբանել է ՀՀԿ-ական գործիչը:

 

 

 

Այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալները: ԿԲ հրապարակած հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին մասնավոր դրամական փոխանցումների չափը կազմել է 391 հազար 466 դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ փոխանցվել էր 358 հազար 300 դոլար: Հիմնականում այդ փոխանցումները կատարվել են ՌԴ-ից` եռամսյակային տվյալներով կազմելով 195 հազար 637 դոլար: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ, փետրվար ամսվա համեմատ, մարտին մասնավոր փոխանցումների տեմպերը որոշակի նվազել են. եթե փետրվար ամսին ՀՀ փոխանցվել է 140.2 հազար դոլար, ապա մարտին այդ թիվը դարձել է 132.1 հազար: Նկատենք, որ մասնավոր տրանսֆերտները մշտապես կազմել են տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը. այդպես նախկին իշխանությունները փորձել են «աշխուժություն» մտցնել:ա

 

 

 

ԷԴ ՄԵ՞ԿՆ ԷՐ
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ն բացահայտել է, որ 2017թ. ԱԺ ընտրություններում Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում ՀՀԿ-ի օգտին ընտրակաշառք է բաժանվել: Ըստ պաշտոնական հաղորդագրության` պարզվել է, որ Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմի նախկին ղեկավարը եւ ֆինանսական բաժնի նախկին պետը 2017 թվականի հունվարից մարտ ամիսների ընթացքում մի խումբ անձանց 10 հազար դրամ ընտրակաշառք են բաժանել ու տրամադրել պետպատվերի շրջանակներում անվճար բժշկական օգնություն ստանալու ուղեգրեր՝ քաղաքացիներից պահանջելով մասնակցել 2017 թվականի ապրիլի 2-ի ՀՀ ԱԺ ընտրություններին եւ քվեարկել Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Ուլիխանյանի պատգամավորության թեկնածու եղբոր` Ղուկաս Ուլիխանյանի օգտին։
Դժվար չէ կռահել, որ ընտրակաշառքի դեպքը բացահայտվել է միանգամայն այլ դրվագով հարուցված քրեական գործի շրջանակներում. հիշում եք` Նոր Նորքի նախկին թաղապետի պաշտոնավարման տարիներին չարաշահումների վերաբերյալ վերջերս գործ էր հարուցվել: Սա նշանակում է, որ թավշյա հեղափոխությունից մեկ տարի անց էլ իշխանություններն իրենց առաջ խնդիր չեն դրել բացահայտելու 2017թ. ԱԺ ընտրություններում ընտրակաշառք բաժանելու դեպքերը: Այլապես այս ընթացքում կբացահայտվեր, որ ընտրակաշառք բաժանվել է ոչ միայն Նոր Նորքում ու ոչ միայն Ղ. Ուլիխանյանի օգտին, այլ դա եղել է համատարած երեւույթ երկրով մեկ: Ի վերջո, հիշում եք` 2017թ. ԱԺ ընտրություններում Հայաստանում համատարած ընտրակաշառքի գետեր էին հոսում հայտնի կուսակցությունների հիմնական թեկնածուների օգտին:
Սրանք ոչ թե «օդում կախված լուրերի» մակարդակով խոսակցություններ են, այլ համապատասխան փաստեր` ամրագրված միջազգային դիտորդների զեկույցներում, նաեւ ՀՀ ՍԴ որոշման մեջ: Եթե մոռացել եք, հիշեցնենք ՍԴ որոշումից մեկ հատված. «ՀՀ հանրային իշխանությունների առաջնային խնդիրն է հաղթահարել մտահոգությունները, որոնք հայտնվեցին միջազգային եւ տեղական առաքելությունների կողմից, մասնավորապես՝ քաղաքական կոռուպցիայի դրսեւորումների առնչությամբ։ …Խնդրի լուծումը համալիր մոտեցում է պահանջում, այդ թվում՝ ՀՀ ԸՕ հետագա բարեփոխումների ճանապարհով, որի միջոցով հնարավոր կլինի հաղթահարել ընտրական գործընթացում քաղաքական կոռուպցիայի դրսեւորման իրավական ռիսկերը»:
Այնպես որ, փաստենք` նախկինում ընտրակեղծարարություն կատարած անձանց պատժելու խնդիրը շարունակում է մնալ օրակարգում` անկախ այն հանգամանքից, որ թավշյա հեղափոխությունից հետո համապետական ընտրություններն անցկացվեցին միջազգային չափանիշներին համապատասխան, եւ դրանց արդյունքներն ընդունեցին բոլորը, այդ թվում` պարտված ուժերը:




Լրահոս