ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՕՐԵՆՔԸ ԿԱՐՈՂ ԷՐ ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը երեկ պարզաբանում տարածեց 2018թ. հոկտեմբերի 2-ին ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ ՍԴ ներկայացրած դիմումի հիմքերի մասին՝ հիմնավորելով, որ նախագահի կողմից ՍԴ դիմելու քայլը իրավական առումով ճիշտ էր: Այս պարզաբանումը, ըստ էության, կարելի է համարել նաեւ պատասխան օրերս Աժ նախկին փոխնախագահ, նախկին ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որտեղ նա անդրադառնում էր հոկտեմբերի 2-ին ստեղծված իրավիճակին ու նախագահ Արմեն Սարգսյանի դերակատարմանը:

Հիշեցնենք, որ այդ օրը ներքաղաքական իրավիճակը բավականին լարված էր. խորհրդարանական 3 խմբակցություններ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն, միավորվեցին ու գիշերով ընդունեցին «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումների եւ փոփոխությունների նախագիծը։
Արփինե Հովհաննիսյանը հատկապես կենտրոնացել էր նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ԱԺ ընդունած օրենքը միանգամից չստորագրելու եւ այն ՍԴ ուղարկելու որոշման վրա: Նա իրենց իշխանության օրոք ՀՀ նախագահ դարձած Արմեն Սարգսյանին մեղադրել էր. «Սահմանադրությամբ իրեն տրված լիազորությունները օգտագործում է ոչ թե պատասխանատվություն ստանձնելու, այլ ամեն կերպ պատասխանատվությունից խուսափելու եւ վերջնական որոշման կայացման բեռը այլ մարմինների վրա բարդելու համար»:Ապա ավելացրել էր, որ այդպիսով նա տուրք տվեց քաղաքական շանտաժին։
Տիկին Հովհաննիսյանին նման գրառման հիմք էր տվել ՍԴ-ի ապրիլի 19-ին հրապարակված որոշումը, որով վերոնշյալ օրենքը համարվեց Սահմանադրությանը համապատասխանող։ Նախագահի աշխատակազմի իրավական վարչությունը նշում է, որ որոշում կայացնելու համար ՍԴ-ից պահանջվել է ավելի քան հինգ ամիս:
Սակայն հետաքրքիր է, որ, չնայած դրան, ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչությունը եւ Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը վերապահումներ են ունեցել սահմանադրական ճանաչելու վերաբերյալ եւ անգամ չեն էլ թաքցրել դա։ Առաջին անգամ է, որ այդ օրենքի եզրակացության մեջ ներկայացված է դատավորի հատուկ կարծիք, որն էլ վերապահումներ է ներկայացրել եւ, ըստ էության, ակնարկել, որ այդ օրենքը կարող էր նաեւ հակասահմանադրական ճանաչվել։
Նախ` անդրադառնանք նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության հայտարարությանը, որտեղ արձանագրված է, որ օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում վարչապետի ընտրության ողջամիտ ժամկետների պահպանման պրակտիկ եւ իրավական կառուցակարգային ռիսկեր կան։ Մասնավորապես նշվում է. «…Այդ կանոնակարգումները չեն կարող անսպառ ձգձգել վարչապետի ընտրությունը: Այսինքն՝ օրենսդիրը պարտավոր է վարչապետի առաջին ընտրության եւ վարչապետի նոր ընտրության գործընթացների ողջամիտ առավելագույն վերջնաժամկետներ սահմանել: Եթե վարչապետի ընտրության հարցի քննարկման համար Ազգային ժողովի նիստի իրավազորությունը չի ապահովվում նույնիսկ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված դեպքերում, ապա այդ իրավիճակը չի կարող անորոշ ժամկետով պահպանվել, քանի որ դա կնշանակի անորոշ ժամկետով չունենալ վարչապետ, որն էլ իր հերթին կհանգեցնի սահմանադրական մի շարք այլ պահանջների չկատարման»:
Իսկ, ահա, Սահմանադրական դատարանի դատավորի հատուկ կարծիքում ամրագրվում է, որ Սահմանադրական դատարանն, ի վերջո, ուներ բավարար հիմքեր նախագահի դիմումի հիման վրա ««Աժ կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության մի շարք հոդվածներին հակասող ճանաչելու համար:
Հատուկ կարծիք ներկայացրած ՍԴ դատավորը Աշոտ Խաչատրյանն է, որը նախկինում հենց նույն ՀՀԿ իշխանությունների օրոք աշխատել է խորհրդարանում` որպես իրավաբանական վարչության պետ: Խաչատրյանը հատուկ կարծիքում մի շարք վիճահարույց հանգամանքներ է մատնանշել: Մասնավորապես, դատավորը վիճահարույց է համարել այն հարցերը, թե ինչպես կարող են Ազգային ժողովի նախագահի կողմից գնահատվել նիստի իրավազորությունը չապահովելու փաստի պատճառները, երբ տվյալ նիստին խոչընդոտվում է պատգամավորների մասնակցությունը, այդ թվում՝ սպառնալիքի միջոցով խոչընդոտման հանգամանքով, կամ Ազգային ժողովի նախագահին ինչպիսի ընթացակարգերով կարող է փոխանցվել այդ խոչընդոտների եւ դրանց հաղթահարման մասին տեղեկատվությունը եւ այլն:
Դատավորը նաեւ ընդգծել է, որ լուծումները չեն բխում հանրային կարեւոր նշանակություն ունեցող հասարակական հարաբերությունների համակարգային կարգավորման տրամաբանությունից: «Այս հիմնավորումներով պայմանավորված՝ կարծում եմ, որ վիճարկվող դրույթներում օգտագործված «խոչընդոտվում է պատգամավորի մասնակցությունը Ազգային ժողովի նիստին», «սպառնալիքի միջոցով խոչընդոտվում է պատգամավորի մասնակցությունը Ազգային ժողովի նիստին», «խոչընդոտվում է Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը» եզրույթների գնահատման չափորոշիչների օրենսդրական կարգավորման մակարդակում չսահմանելը ինքնին խնդրահարույց է իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի իրացման, հետեւաբար Սահմանադրության 149-րդ հոդվածի պահանջների լիարժեք իրացման ռիսկերի առաջացման տեսանկյունից: Ելնելով վերոշարադրյալից՝ գտնում եմ՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 73-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանն ուներ բավարար հիմքեր ««Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը մասամբ Սահմանադրության 1-ին հոդվածին, 6-րդ հոդվածի 1-ին մասին, 102-րդ հոդվածին, 103-րդ հոդվածի 2-րդ մասին հակաuող ճանաչելու համար»,- նշված է հատուկ կարծիքում:
Ստացվում է` թե՛ նախագահի իրավաբանական վարչությունը, թե՛ Սահմանադրական դատարանի դատավորը միանման կարծիք են հրապարակել եւ տեսակետ հայտնել, թե օրենքը կարող էր մասամբ հակասահմանադրական ճանաչվել։
Եվ այստեղ հետաքրքիր է նաեւ ՍԴ դատավորի անցած ուղին. ինչպես նշեցինք, Աշոտ Խաչատրյանը մինչ ՍԴ դատավոր նշանակվելը` 6 տարի՝ 2004-2010թթ., եղել է Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետ։ Իսկ, ահա, 2010 թվականից էլ նշանակվել է ՍԴ դատավոր։ Եվ ստացվում է՝ 6 տարի լինելով ԱԺ իրավաբանական վարչության պետ` վերջինս, թերեւս, ներսից է ծանոթ խորհրդարանում տիրող իրավիճակին, օրենքով հնարավորություններին եւ ԱԺ կանոնակարգ-օրենքի սահմանումներին։ Եվ հենց դրանով են պայմանավորված նրա հատուկ կարծիքում առկա շեշտադրումները։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա նիստը խոստանում է հետաքրքիր լինել։ Մասնավորապես, այդ նիստում նախատեսվում է որոշում կայացնել եւ հաջորդ օրը՝ մայիսի 22-ին, հրավիրել ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի եւ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովների համատեղ նիստ, որի ժամանակ քննարկվելու են ՀՀ հաշվեքննիչ պալատի` առողջապահության բնագավառում ընթացիկ եզրակացությունները։ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է անդրադարձել Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրություններին եւ այն բացահայտումներին, որոնք եղել են ե՛ւ սոցիալական ապահովության բնակավառում, ե՛ւ առողջապահության համակարգում, ե՛ւ պետական կառավարման մի շարք այլ օղակներում։ Ընդ որում, Հաշվեքննիչ պալատի բացահայտումները վերաբերում են ՀՀԿ իշխանության օրոք իրականացված օրինախախտումներին, կոռուպցիոն դրսեւորումներին: ԱԺ մշտական հանձնաժողովի օրակարգում ընդգրկված մեկ այլ նախագծով էլ քննարկվելու է ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը հիմնականում վերաբերում է գնաճի` 31 էջանոց հաղորդմանը: Ի դեպ, ըստ ԿԲ կանխատեսումների, տնտեսական աճը կլինի 4,6-6,1 տոկոսների միջակայքում։ 2019 թվականին տնտեսական աճին, ըստ ԿԲ-ի, նպաստելու է մասնավոր սպառումը։

 

 

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ
Ոստիկանության պաշտոնատար անձանց չարաշահումների բացահայտման դեպքերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության նախկին պետ Տիգրան Ամիրբեկյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա, օգտագործելով իր լիազորությունները, 2015-2016թթ ընթացքում նույն բաժնի հաշվապահ Ժաննա Ադամյանի հետ հանցավոր համաձայնության գալով, բաժնի արտաբյուջետային միջոցներից գումարներ է փոխանցել ինչպես իր, այնպես էլ նախկինում նույն բաժնի աշխատակիցներ Ժաննա Ադամյանի հարազատների հաշվեհամարներին: Ըստ քրեական գործի նյութերի` կանխիկացնելով այդ գումարը, որ կազմել է մոտ 5.7 մլն դրամ` յուրացրել է այն: Ի դեպ, Ժաննա Ադամյանը եւս հայտնվել է մեղադրյալի աթոռին նույն արարքի համար:

 

 

 

ԴԱՏԱՎՈՐ ՀԵԲՈՅԱՆԸ
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի գործը, ինչպես հայտնի է, արդեն ուղարկվել է դատարան: Հիշեցնենք, որ Գագիկ Հեբոյանը կալանավորվել էր կաշառքի գործով: Նա չի ընդունում մեղադրանքը եւ իրավապահներին հայտնել է, որ այդ գումարը ոչ թե կաշառք է, այլ փաստաբանն իր պարտքն է վերադարձրել: Տեղեկացանք, որ գործը կքննի Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ավագյանը:

 

 

 

ՏԵՂԵԿԱՑՐԵԼ Է
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե տեղյակ է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի խնդրանքին, սակայն մտադիր չէ միջամտել այդ հարցին: «Նա դիմելուց մեկ օր առաջ ինձ տեղեկացրել է, ես իմ վերաբերմունքը հայտնել եմ. բարոյական տեսանկյունից ես դրան նորմալ եմ վերաբերվում, քաղաքական տեսանկյունից՝ որոշ հարցեր կան»,- ուրբաթ օրը Երեւանում ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետը։ «Ինչպե՞ս կվերաբերվեին Ղարաբաղի դատարանում, եթե ես փորձեի երաշխավորել ինչ-որ մեկի համար»,- ՏԱՍՍ գործակալությունը փոխանցում է Փաշինյանի խոսքերը: Հիշեցնենք, որ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն ինքն է առաջարկել Բակո Սահակյանին նման միջնորդություն ներկայացրել: Վերջինս էլ մինչ համաձայնություն տալը այդ հարցը քննարկել է թե՛ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, թե՛ Արցախի իշխանական էլիտայի ներկայացուցիչների հետ: Քննարկել են, թե ելքը ինչպիսին կարող է լինել:

 

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ Է
Մայիսի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը եւ հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցեր: Հանդիպմանը մասնակցել է առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը:

 

 

 

ՄԵՂԱԴՐԱՆՔ
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ): Այս տեղեկությունը armtimes.com կայքի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս ասել է, որ նախաքննական մարմինը նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:




Լրահոս