ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ճանապարհաշինական աշխատանքներին ծանոթանալու նպատակով այսօր աշխատանքային այցով եղել է հիմնանորոգվող ճանապարհատվածներում:
Առաջին կանգառը Մ4 Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման ճանապարհահատվածն է: Այստեղ արդեն ավարտված են կմ24+860-կմ27+000 2.14 կմ ճանապարհահատվածի վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքները, որն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊ ընկերությունը:
Ընկերության ներկայացուցիչները նախարարին տեղեկացրել են, որ ներկայումս կատարվում են ճանապարհային նշանների տեղադրման, գծանշման աշխատանքներ: Նախարար Պապիկյանն այցը շարունակել է Մ8 Դիլիջան-Վանաձոր ճանապարհատվածում, շինարարությունն իրականացնող ընկերությունների պատասխանատուների հետ քննարկել աշխատանքների ընթացքը, շինարարության ժամանակ ի հայտ եկող խնդիրները: Այստեղ աշխատանքները նոր են մեկնարկել , նախատեսվում է ճանապարհահատվածը շահագործել մինչև սեպտեմբեր:
Սուրեն Պապիկյանը կապալառու ընկերությունների հետ զրույցում կարևորել է պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարումը և նշել է, որ նախարարության մշտական վերահսկողության տակ են լինելու ինչպես շինաշխատանքների որակը, այնպես էլ աշխատանքների՝ ըստ ժամանակացույցի իրականացումը՝ հաշվի առնելով, որ վերանորոգվող ճանապարհատվածները գտնվում են միջպետական ճանապարհների վրա: Այցի շրջանակում նախարարը եղել է նաև ասֆալտի գործարանում, ծանոթացել ասֆալտի ստացման ընթացքին:
Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև Մ6 Վանաձոր-Վրաստանի սահման ճանապարհատված, որը վերանորոգվում է «Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի վերանորոգում և բարելավում» ծրագրի շրջանակում՝ Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ: Ընդհանուր հիմնանորոգվող հատվածը կազմում է 51.7 կմ: Ներկայումս այստեղ ընթանում են հողային, ենթակառուցվածքների տեղափոխման աշխատանքներ:
Սուրեն Պապիկյանը վերանորոգվող ճանապարհահատվածում դիտարկել է աշխատանքների ընթացքը: Նախարարին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի և եթե խոչընդոտող հանգամանքներ չլինեն, աշխատանքները կավարտվեն նախատեսված ժամկետում՝ մինչև 2020 թ. նոյեմբերի վերջ:
Զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև մարզերում տնտեսական ակտիվության առումով նախարարը ոչ պակաս կարևոր է համարել զարգացած, բարեկարգ ենթակառուցվածքներ ունենալու հանգամանքը: