Ամուլսարի հանքավայրի շահագործմանը դեմ բնապահպանները բողոքի ակցիա են անցկացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Բնապահպանները պնդում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը ամբողջությամբ չի ներկայացրել «Էլարդ» ընկերության կողմից հանքավայրում իրականացված փորձաքննության արդյունքները:
Բնապահպանները նշում են, որ քննչական կոմիտեում տեղի ունեցած ասուլիսին արագ արձագանքել են Ջերմուկ համայնքի բնակիչները, շտապ հավաք են կազմակերպել և քննարկել են իրենց անելիքները: Նրանք հայտարարեցին, որ մինչև վերջ շարունակելու են պայքարը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Փորձաքննության արդյունքները ցույց են տվել, որ առկա է շատ ցածր հավանականություն, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ Ծրագրի տարածքի և Ջերմուկի տերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն:
«Հինգ հիդրոերկրաբանական միավորներ են առանձնացվել ստորգետնյա ջրերի ուսումնասիրության տարածքում (ՍՋՈւՏ), որը պատշաճ կերպով է սահմանված: Սահմանային գետերի կառուցվածքային հսկողությունը ապահովում է, որպեսզի ՍՋՈւՏ-ից հոսքը և տեղափոխման ուղիները չհատեն այս հիդրավլիկ սահմանները: Շարունակական հոսքի մոնիթորինգի կայանները, որոնք ստեղծվել են Ծրագրի շրջանակներում Արփա, Դարբ և Որոտան գետերի վրա, ընդհանուր առմամբ բավարար են», – ասված է եզրակացությունում:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հանքավայրի տարածքում ստորգետնյա ջրերը ուղղակիորեն չեն թափվի Կեչուտի ջրամբար, քանի որ Կեչուտի ջրամբարի տակ կան դեպի ներքև հոսող ուղղահայաց հիդրավլիկ սահանցումներ, սիկ թթվային ապարների դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի:
Ըստ զեկույցի՝ կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ Ամուլսարի ծրագրի շրջանակներում ազգային կամ միջազգային կարգավորումների կամ առաջարկությունների որևէ խախտում չի արձանագրվել:
Օդի որակի վրա ազդեցության մասով զեկույցում ընդգծված է. «Ընդհանուր առմամբ, չեն հայտնաբերվել լուրջ խնդիրներ, որոնք հնարավոր չլինի մեղմել: Հաշվի առնելով լրացուցիչ մեղմման միջոցները, ինչպես նաև մոնիթորինգային գործողությունները, օդի որակի մասով Ծրագրի ազդեցությունն, ամենայն հավանականությամբ կառավարելի է»:
Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները և նրանց ազդեցությունների մոնիթորինգը և վերահսկումը բարելավել։
Միևնույն ժամանակ զեկույցում առկա են նաև Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված առանձին դիտարկումներ որոշ թերությունների և խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես նշված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենա Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սևան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենան Սևանա լճի վրա: