ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ ՇՈՒՐՋ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեռեւս այս տարվա մարտի 6-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քաղաքական ուժերին հրավիրել էր քննարկումների: Մասնավորապես, նա հենց խորհրդարանի ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց միասնական ջանքերով ընտրական բարեփոխումներ անելու:

«Ընտրական ինստիտուտները եւս ունեն կատարելագործման կարիք, եւ ես ուզում եմ օգտվել առիթից եւ քաղաքական ուժերին հրավիրեմ ընտրական բարեփոխումների մշակման փուլ սկսելու միասնական ջանքերով: Եվ ուզում եմ միանգամից հայտարարել, որ մենք չունենք այդ թվում եւ սահմանադրական սահմանափակումներ եւ խոչընդոտներ, այսինքն` գործող ունենք, բայց երբ մենք միասին պայմանավորվենք, կարող ենք նաեւ ավելի արմատական փոփոխություններ մշակել եւ իրականացնել», – նշեց Միրզոյանը:
Նշենք, որ նախորդ խորհրդարանում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթի ընդունումը երկու անգամ տապալվեց` մեծամասամբ հանրապետականների ջանքերով:
Եվ, ահա, Արարատ Միրզոյանի հայտարարությունից երեք ամիս է անցել, սակայն այս ընթացքում անգամ չի ձեւավորվել պաշտոնական աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների աշխատանքներով: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս ընթացքում, ամեն դեպքում, աշխատանքային քննարկումներ եղել են: Մենք տեղեկացանք, որ մեկ անգամ խորհրդարանում նախնական քննարկում է եղել, որին մասնակցել են բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն պաշտոնական աշխատանքային խումբ առկա չէ: Սակայն, ըստ երեւույթին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից պաշտոնական խմբում կներգրավվեն պետաիրավական հանձնաժողովի անդամները, որոնք եւս այս ընթացքում ակտիվ են եղել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հանգստյան օրերին եւս մեկ քննարկում է եղել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների թեմայով, սակայն ոչ խորհրդարանում եւ ոչ խորհրդարանականների նախաձեռնությամբ: Հանգստյան օրերին տեղի ունեցած քննարկումները կազմակերպած է եղել Ընտրական համակարգերի միջազգային հաստատությունը: Սակայն մենք տեղեկացանք, որ երկու օր տեւած քննարկումներին մասնակցել են միայն իշխող ուժի պատգամավորները եւ Կարեն Սիմոնյանը` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից, իսկ ԲՀԿ-ից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը. թերեւս նրանք զբաղված են եղել Աբովյանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրություններով: Բացի պետաիրավական հանձնաժողովի անդամներից ընտրական օրենսգրքի բարեփոխումների հարցում ակտիվ են նաեւ իշխող խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանը եւ Հերիքնազ Տիգրանյանը: Վերջինս նույնպես մասնակցել է հանգստյան օրերին կազմակերպված քննարկումներին:
Հերիքնազ Տիգրանյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման հանդիպում եւ քննարկում եղել է, եւ հաստատեց մեր տեղեկություններն այն մասին, որ ԲՀԿ խմբակցությունից որեւէ ներկայացուցիչ չի եղել հանդիպմանը: «Քննարկումը կազմակերպված էր այն հարցի շուրջ, թե ինչպես ենք պատկերացնում ընտրական համակարգը` սկսած նախընտրական պրոցեսից: Ցավոք սրտի, այդ հրավերին միայն մեր խմբակցությունն էր արձագանքել եւ ԱԺ նախագահի աշխատակազմը: Երկօրյա քննարկումների արդյունքում մեզ չեն միացել այլ պատգամավորներ: Եվ ստացվում է` ճանաչողական քննարկումներից իրենք դուրս են մնացել: Հույս ունեմ, որ պաշտոնական քննարկումների ժամանակ իրենք ակտիվ մասնակցություն կունենան», – նշեց նա:
Դիտարկմանը` որն է պատճառը, որ պաշտոնական աշխատանքային խմբի ստեղծման հարցերը դանդաղում են, Տիգրանյանը դժվարացավ պատասխանել` մեկնաբանելով դրանք որպես կազմակերպական հարցեր: «Շտապելու հարց եւս չունենք, չեմ կարող ասել` դանդաղում ենք: Մենք հանգիստ ռեժիմի մեջ ենք, որովհետեւ այսպես եթե նայենք, ապա համապետական ընտրություններին դեռ շատ ժամանակ կա, առջեւում մենք ունենք երկու խոշոր համայնքներում ընտրություններ, բայց ելնելով ընտրությունների եւ հանրաքվեների լավագույն փորձից, որը մատնանշված է Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերում, գոնե պետք է մեկ տարի առաջ այդ փոփոխություններն արված լինեն: Ես կարծում եմ, որ, ըստ էության, կհասցնենք անել փոփոխությունները, քանի որ նախորդ տարի արդեն վարչապետի որոշմամբ ստեղծված ընտրական բարեփոխումների հանձնախումբն արդեն իսկ մի պատրաստի նախագիծ ունեն, եւ եթե կողմերը համաձայնեն այս նախագիծն ընդունել որպես սկզբնակետ, եւ այստեղից կարող ենք հոդված առ հոդված Ընտրական օրենսգիրքը փոփոխելով գնանք», – նշեց նա` հավելելով, որ, ամեն դեպքում, քննարկումները բավականին թեժ կանցնեն:
Նրա խոսքով` քննարկումներն, ըստ էության, կարող են ծավալվել համամասնականի տարատեսակների շուրջ` ունենալ բաց ցուցակներ, թե փակ. «Համապետական ընտրություններից առաջ մենք կունենանք նոր Ընտրական օրենսգիրք, որովհետեւ դա եղել է «Իմ քայլ»-ի նախընտրական ծրագրում»:
Իսկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը, որը մասնակցել է հանգստյան օրը կայացած քննարկումներին, «ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե դրանք աշխատանքային քննարկումներ են, ապա հավելեց. «Ընտրական օրենսգրքի փոփոխությունը երկարատեւ գործընթաց է, դրա համար ավելի լավ է այս պահին սկսենք աշխատանքները, որ չբախվենք ժամանակային սահմանափակումների»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ԿՌԻՎ ԵՆ ՏԱԼԻՍ
Դատավորների թեկնածուների կողմից Բարձրագույն դատական խորհրդի դեմ ներկայացված դատական հայցերը շարունակվում են: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` 2019թ. մայիսի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Անի Դանիելյանը եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին կայացված քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների հարցազրույցի փուլը իր կողմից անցած համարել եւ որպես հետեւանք իր անունը ՀՀ արդարադատության ակադեմիա ուղարկվող քրեական մասնագիտացման դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ներառելուն պարտավորեցնել: Դատավորի թեկնածու Աշոտ Հովհաննիսյանը եւս դիմել է դատարան եւ պահանջում է, որ դատարանը ստիպի ԲԴԽ-ին իրեն դատավորների թեկնածուների հավակնորդների քաղաքացիական մասնագիտացման բաժնի ցուցակում ընդգրկեն: Հետաքրքիր է՝ նորացվող ԲԴԽ-ի արձագանքն ինչպիսին կլինի:

 

 

 

ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆԻ ՀԱՇՎԻՆ
Հայաստանում անասնաբուծությունը բավականին լուրջ անկում է ապրել. պաշտոնական տվյալներով` այն առաջին եռամսյակում կազմել է 3.4 տոկոս: Բացի այդ, այս տարվա 4 ամիսներին պակասել են մսամթերքի արտադրության ծավալները: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից պարզեց, որ տավարի մսի արտադրության ծավալները նվազել են 4.9, խոզի մսինը` 17.8, իսկ ոչխարինը` 10.9 տոկոսով: Գյուղացիների խոսքերով` անասնակերի թանկացման պատճառով իրենք ստիպված են եղել անցած տարի մորթել իրենց անասունները: Բայց, մյուս կողմից, գումար չունենալու արդյունքում չեն կարողացել լրացնել մորթած անասունների քանակը, ինչի պատճառով էլ այսօր հանրապետությունում ե՛ւ անասնագլխաքանակն է նվազել, ե՛ւ մսամթերքը: Եւ պահանջարկը բավարարելու նպատակով այսօր ներքին շուկայում վաճառվում է բելառուսական ծագում ունեցող մսամթերք: Այսպիսով՝ կամաց-կամաց գյուղացին դուրս է մղվում գյուղատնտեսությունից:

 

 

 

ԴԺՎԱՐՈՒԹՅԱՄԲ, ԲԱՅՑ ԱՃՈՎ
Չնայած ֆինանսական դժվարություններին` գյուղմթերքի արտադրությամբ եւ արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունն ավելացրել է հարկային վճարումները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս տարվա առաջին եռամսյակում հազար խոշոր հարկատուների ցանկում հայտնվել է 46-րդ տեղում եւ պետական բյուջե վճարել 784 մլն 674 հազար դրամի հարկ ու տուրք: Իսկ, ահա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերության կատարած հարկային վճարումները կազմել են 574 մլն 658 հազար դրամ՝ զբաղեցնելով ցանկի 48-րդ տեղը: Օրեր առաջ ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել էր, որ փորձում են վերադառնալ իրենց բնականոն աշխատանքին: Նա նաեւ նշել էր, որ վերջին դեպքերի հետ կապված շատ ծանր ֆինանսական հարված են ունեցել:

 

 

 

 

ԱՍՈՒՄ Է` ԿԲԱՐՁՐԱՆԱ
Պետությունը նախատեսում է բարձրացնել թե՛ նվազագույն կենսաթոշակի չափը, թե՛ քայլեր ձեռնարկել, որ բարձրանա միջին կենսաթոշակը: Այս մասին ԱԺ-ում երեկ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:
«Մեր կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացվել է: Միջնաժամկետ ծախսերի ծրագրի շրջանակում կենսաթոշակների շարունակական բարձրացումը նաեւ կառավարության գործունեության ծրագրով սահմանված է որպես առաջնահերթություն, եւ նախատեսվում է պարբերաբար բարձրացնել կենսաթոշակները: Եվ 2020-ին ականատես կլինենք կենսաթոշակների չափերի բարձրացմանը»,- ասել է փոխնախարարը: Նա նշեց, որ բյուջետային գործընթացի շրջանակում ծավալված քննարկումները ցույց կտան, թե ինչ չափով կլինի բարձրացումը: Փոխնախարարի խոսքով` 10 տոկոսով կենսաթոշակ բարձրացնելու համար անհրաժեշտ է լինելու շուրջ 30 մլրդ դրամ, բացի այդ, կենսաթոշակառուների թվաքանակի աճ է արձանագրվում:

 

 

 

 

ԱՆՏԵՂՅԱԿ ԵՆ
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը չի ստացել տեղեկություն այն մասին, որ Միհրան Պողոսյանին ՌԴ-ում ժամանակավոր ապաստան է տրամադրվել: Երեկ լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
«Պողոսյանի մասով պաշտոնական տեղեկություն դեսպանատունը չի ստացել: Ես գիտեմ այն, ինչ հրապարակվել է լրատվամիջոցներում: Այդ հարցը մեկնաբանելու համար լրատվամիջոցների մեկնաբանությունների վրա պիտի հիմնվեմ, բայց կարծում եմ` դուք դա չեք ակնկալում, չարժի, որ դրանց վրա հիմնվելով` մեկնաբանեմ»,- ասաց նա: Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ. նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել եւ չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ:

 

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՑ ՓՈԽՆԱԽԱՐԱՐ
ՀՀ վարչապետը Նարինե Խաչատուրյանին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ նշանակելու մասին որոշում է ստորագրել: Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) ՀՀ ԱԺ 7-րդ գումարման ԱԺ պատգամավոր էր ընտրվել «Իմ քայլը» դաշինքից: Պատգամավորական լիազորությունները դադարել են հունիսի 7-ին: Ի դեպ, 2007-2019 թվականներին նա եղել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը:




Լրահոս