Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը օրերս Վրաստանի սահմանին հայտնվել էր մի տհաճ իրավիճակում: Բանն այն է, որ պատմաբանին Վրաստան արգելել են մուտք գործել` հայտարարելով, թե Մելքոնյանը հակավրացական քարոզչություն է իրականացրել: «Ժողովուրդ» օրաթերթը փորձել է Աշոտ Մելքոնյանից պարզել, թե ինչու է վերջինս նման իրավիճակում հայտնվել:
-Համահայկական խաղերի կրակը վառելու կապակցությամբ մենք Արեւմտյան Հայաստանում եւ Կիլիկիայում էինք: Երբ հունիսի 6-ին վերադառնում էինք Հայաստան, Արդահանի կողմից մտանք Ջավախք, եւ վրացական մաքսատանը ինձ պահեցին, անձնագիրս վերցրեցին, երկար նայելուց հետո թղթեր ներկայացրեցին, որտեղ գրված էր, որ Վրաստանը աննպատակահարմար է գտնում Ձեր մուտքը Վրաստանի Հանրապետություն, ու պահանջեցին հետ վերադառնալ թուրքական մաքսատուն: Մեր խմբի անդամների մեջ կային Ազգային Ժողովի պատգամավորներ` ի դեմս Թագուհի Թովմասյանի. խմբում էր նաեւ «Հրապարակ» օրաթերթի խմբագիրը: Շնորհիվ Թագուհի Թովմասյանի, որն իսկապես իր երիտասարդ տարիքին շատ լավ պետական գործիչ է, կապվեց արտգործնախարարի հետ, նա էլ՝ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանի հետ, որից հետո մենք զանգ ստացանք դեսպանից, որ սպասենք. հիմա այդ հարցով զբաղվում են: Մոտավոր 2 ժամ սպասելուց հետո դեսպանը նորից հեռաձայնեց եւ հայտնեց, որ Ձեզ հիմա արդեն թույլ են տալու, կարող եք անցնել: Մեր ընկերներից մեկը ստիպված նորից վերադարձավ թուրքական մաս: Երկու ժամ հետո թողեցին, բայց սահմանի վրա զգուշացրեցին, որ որեւէ տեղ կանգնել եւ մնալ Ձեզ չի թույլատրվում, Դուք պետք է անցակետով դուրս գաք դեպի Հայաստան: Ու այդպես էլ արեցինք:
-Իսկ այս ժամանակահատվածում Ձեզ հաջողվե՞լ է պարզել, թե ինչու է վրացական կողմը Ձեզ իր «սեւ ցուցակում» ներառել, ո՞րն է այդ ամենի պատճառը, ինչո՞ւ նպատակահարմար չեն համարում Ձեր մուտքը Ջավախք:
-Ես ինքս ջավախքցի եմ, ավարտել եմ Ախալքալաքի հայկական թիվ 4 միջնակարգ դպրոցը, պատանեկությունս անցել է այնտեղ, ավարտելուց հետո եկել եմ Երեւան եւ արդեն 40 տարի է` ապրում եմ Երեւանում: Հաճախակի չեմ գնացել-եկել` 6 ամիսը մեկ կամ տարին մեկ անգամ, ընտանեկան հարցերով: Իսկ վերջին ժամանակներս մենք վրացի պատմաբանների հետ կարողացանք շատ սերտ համագործակցություն սկսել, եւ մի քանի հանդիպումներ եղան, մեր գիտաժողովներին մասնակցեցին վրացի գործընկերները, այնուհետեւ Թիֆլիսի համալսարանի պրոռեկտորը եկավ այստեղ, ու մենք նախապատրաստեցինք մի համաձայնագիր` համագործակցություն երկու ինստիտուտների միջեւ: Ու պետք է ասեմ, որ հրաշալի մի գիտաժողով կազմակերպեցինք Ախալքալաքում` երկու հանրապետությունների 100-ամյակին նվիրված: Երկուստեք պատմաբաններ մասնակցեցին տարբեր բուհ-երից, տարբեր գիահետազոտական ինստիտուտներից: Այդ ամենը արժանացավ երկու կողմերի բարձր գնահատանքին. դեսպանատների մակարդակով արձագանք եղավ, այսպես ասած, մենք կարողացանք լավ հարաբերությունները վերականգնել ժամանակին եղած, ու այդ գործընթացը շարունակվում էր: Վերջերս մեզ մոտ էր Գեորգի Ջեյեշվիլին. մենք հիմա նախապատրաստվում ենք նոր գիտաժողով` հայ-վրացական պատմամշակութային հարաբերությունների վերաբերյալ, իրենք էլ դրա հետ կապված շատ ոգեւորված են: Ու հիմա այս միջադեպը, ինչպես ասում են, սառը ջուր լցրեց բոլորիս գլխին, որը շատ անսպասելի երեւույթ էր: Բայց, կարծում եմ նաեւ, որ դա կապված է գուցե նրա հետ, որ, փետրվար ամսից սկսած, ես շատ հաճախակի էի Ախալքալաքում լինում իմ անբուժելի հիվանդ եղբոր այցելությունների կապակցությամբ: Եղբայրս հիվանդանոցում էր` շատ ծանր վիճակում պառկած, ու ես գիտեի, որ շատ տխուր վախճան է ունենալու այս ամբողջը: Եղբայրս մեկուկես ամսվա ընթացքում մահացավ, որից հետո եղան արարողակարգեր, ինչի համար ես այդ երեք ամսում հաճախակի հատում էի հայ-վրացական սահմանը ու չգիտեմ, գուցե համապատասխան մարմինները դրա մեջ տեսան ինչ-որ անհասկանալի վտանգ, չգիտեմ, կամ էլ թյուրիմացության արդյունքում նման որոշում կայացվեց: Հիմա մեր համապատասխան մարմինները զբաղվում են վրաց իրենց գործընկերների հետ այդ հարցը պարզաբանելու համար:
-Գուցե ինչ-որ քննադատական ելույթո՞վ եք հանդես եկել վրացական հարաբերությունների հետ կապված, ինչի համար էլ վրացիները նման վերաբերմունքի են արժանացրել Ձեզ:
-Ես նույնիսկ հակառակը կասեի, որովհետեւ ես խորապես համոզված եմ, որ այս բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, այս բարդ տարածաշրջանում երկու քրիստոնյա ժողովուրդներ, որոնք հազարամյակներ շարունակ կողք կողքի ապրել են, իրենք այլընտրանք չունեն, քան միմյանց հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելը: Ընդհակառակը, մեր հարաբերությունները միշտ ջերմ են եղել. ես իմ ելույթներից մեկում էլ խոսել եմ հայ-վրացական բարեկամության մասին եւ հորդորել եմ ջավախքցիներին պահպանել մեր ավանդական հայ-վրացական հարաբերությունները: Ու այս ֆոնի վրա առնվազն տարօրինակ էր նման վերաբերմունքը: Հույս ունեմ, որ միջպետական մակարդակով կպարզաբանվի, թե ինչն էր պատճառը նման վերաբերմունքի. դա թյուրիմացությո՞ւն էր, թե՞ իսկապես համոզմունք վրացական կողմից:
ԼՀԿ-Ն ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ «ՍԱՐՔԵԼ»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը առաջարկում է ոստիկանության պետի եւ ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների եւ ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից` ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:
ԼՀԿ խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը:
Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի հետ` հասկանալու համար, թե ինչու են խմբակցությունում որոշել նման նախագիծ ներկայացնել:
-Մենք առաջարկում ենք նախարարություններ սարքել, որպեսզի կարողանան քաղաքական պատասխանատուները այդ համակարգի, չլինելով համակարգից, քաղաքական մարդիկ նշանակվեն այդ պաշտոններում: Քանի որ մեր առաջարկությունները չընդունվեցին, եղած օրենքները, կարգավորումները լրջագույն սահմանափակումներ են դնում վարչապետի վրա: Ու հիմա այս հետհեղափոխական շրջանում պետք են կտրուկ ու լուրջ փոփոխություններ այս համակարգում, որը, փաստորեն, անհնար է անել, որովհետեւ դու պետք է անընդհատ այդ համակարգում եղած ու տարիներով այդ համակարգի ավանդույթներն ու սովորույթները կրողին նշանակես ղեկավար, ինչը զրկում է գլոբալ եւ լուրջ փոփոխություններ կատարելուց: Մենք դրա անհրաժեշտությունը տեսնում ենք, մենք կարծում ենք, որ պետք է լրջագույնս այդ համակարգերը փոխվեն, ինչի համար էլ արել ենք այդ առաջարկը:
-Բայց Դուք այդ հարցը քննարկել եք իշխանության ներկայացուցիչների հետ, արդյոք իրենք նպատակ ունե՞ն փոփոխել այդ օրենքները:
-Ճիշտն ասած` ոչ. առաջիկայում կտեսնենք, կլինի կառավարությունում համապատասխան կոմիտեի նիստին, մենք իրենց մոտեցումն ու առաջարկությունը կտեսնենք: Կարծում եմ, որ նրանց համար պետք է ընդունելի լինի ու նաեւ ցանկալի` հաշվի առնելով նպատակները:
Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱՎԱՐՏՎԵՑ
Երեկ ավարտվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամի ընտրության համար սկսված քարոզարշավը: Այն մեկնարկել էր մայիսի 24-ից, եւ այս օրերին ամեն օր հանդիպումներ էին լինում, որոնց ժամանակ վարչության անդամի թեկնածուները ներկայացնում էին իրենց ծրագրերը` կապված վարչության անդամ դառնալու հետ: Երեկ քարոզարշավն ավարտվել է, իսկ վաղն էլ տեղի կունենա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովը, որի ժամանակ էլ կուսակցության անդամները կընտրեն վարչության անդամներ, ապա` նախագահ: Նշենք, որ ի սկզբանե վարչության անդամի թեկնածուները 65-ն էին, սակայն 8-ն ինքնաբացարկ էին հայտնել, եւ վաղը 53 թեկնածուներից 30-ը փակ քվեարկությամբ կընտրվեն վարչության անդամներ:
Ըստ էության, կուսակցությունում փոփոխություններ կլինեն. նախ կավելանա կուսակցության անդամների, վարչության անդամների թիվը, ինչպես նաեւ կփոխվի կազմը: Բանն այն է, որ այժմ վարչության անդամներից կան մարդիկ, որոնք այժմ առաջադրված չեն:
ՈՒՂԱՐԿՎԵՑ
Երեկ` ուշ երեկոյան, ՀՀ քննչական կոմիտեն ծանուցում է ուղարկել Ազգային ժողով, որպեսզի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայանա ՀՀ քննչական կոմիտե` վկայի կարգավիճակով հարցաքննության: «Ինչպես հայտնի է, հունիսի 8-ի գիշերը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գրիգոր Գուլյանի ենթաշտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրդեհելու փաստը, ըստ էության, դարձել է քաղաքական մի նոր գործընթացի սկիզբ: Իսկ Գագիկ Ծառուկյանի` «Բա, իհարկե, սարքած գործ էր» արտահայտությունը հիմք է դարձել, որ նրան վկայի կարգավիճակով հրավիրեն հարցաքննության: ՀՀ քննչական կոմիտեն էլ այս հայտարարությունից հետո ծանուցագիր էր ուղարկել. Ծառուկյանը պատռել էր ծանուցագիրը հենց ոստիկանների ներկայությամբ, եւ հիմա նախաքննական մարմինը ծանուցագիրը ուղարկել է Ազգային ժողով:
ՔԱՌՕՐՅԱ
Հունիսի 18-ից մեկնարկում են Ազգային ժողովի հերթական նիստերը: Այս անգամ եւս օրակարգը բավականին հագեցած է, եւ կարող ենք ասել, որ նիստերը բավականին երկար են տեւելու: Բանն այն է, որ օրակարգում մի շարք հետաքրքիր նախագծեր են ներառված: Դրանց թվին են պատկանում վաղուց սպասված «Հարկային օրենսգրքի փաթեթը», որը կքննարկվի երկրորդ ընթերցմամբ, եւ Սահմանադրական դատարանի դատավորի եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի ընտրությունները: Այս երեք հարցերի նկատմամբ էլ ընդդիմադիր խմբակցություններն ունեն իրենց վերապահումները եւ նրանք առաջին ընթերցմամբ արդեն իսկ դեմ էին քվեարկել Հարկային օրենսգրքի փաթեթին: