ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոբերտ Քոչարյանի գործը քննող դատավորը՝ «երկու քարի արանքում»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, «Մարտի 1»-ի գործով առանցքային մեղադրյալ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին, որը ծանր կացության մեջ է հայտնվել:

Ինչպես հայտնի է, աղմկահարույց այս քրեական գործը մակագրվել էր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին, որն էլ մայիսի 18-ին երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխեց, եւ Քոչարյանը հայտնվեց ազատության մեջ: Սակայն այս որոշումը «թանկ նստեց» Դավիթ Գրիգորյանի վրա, եւ ՀՀ իրավապահ մարմինները սկսեցին վերջինիս գործունեության մեջ «մութ տեղեր» փնտրել, ինչը հաջողությամբ պսակվեց: Դավիթ Գրիգորյանին մեղադրանք առաջադրվեց պաշտոնեական կեղծիք կատարելու հատկանիշներով, եւ նրա լիազորությունները դադարեցված են:

Եվ, ահա, դատական համակարգը կրկին դիմեց համակարգչի օգնությանը, եւ այս անգամ էլ «չարաբաստիկ համակարգիչը» աղմկահարույց գործը քննելու համար ընտրեց դատավոր Աննա Դանիբեկյանին:
Նկատենք, որ դատավոր Դանիբեկյանը այս տարի հասցրել էր հայտնվել աղմկահարույց պատմության կիզակետում, մասնավորապես` վերջինիս հարցը հասել էր Բարձրագույն դատական խորհուրդ:

Բանն այն է, որ 2019 թվականի փետրվարի 4-ի Կարգապահական հարցերի հանձնաժողովի որոշմամբ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանի հաղորդումը։ Հաղորդման մեջ դատախազի տեղակալը նշել էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանն անհիմն բավարարել է անձի ձերբակալման դեմ ներկայացված բողոքը, ինչով թույլ է տվել նյութական եւ դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Պարզվում է, որ դատավոր Աննա Դանիբեկյանը 2018 թվականի մայիսի 26-ի որոշմամբ (անհիմն բավարարելով Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվող Մարինա Սմիրնովայի փաստաբանների` նրա ձերբակալման դեմ ներկայացված բողոքը) հաստատել է ձերբակալման ոչ իրավաչափ լինելը եւ վերջինիս ազատ է արձակել արգելանքից:

Այսինքն` Ինտերպոլով հետախուզվողին հայտնաբերել են Հայաստանում, եւ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ կալանավորելու համար: Սակայն դատավոր Դանիբեկյանը կալանքի որոշում չի կայացրել, ինչի արդյունքում հետախուզվողը, հայտնվելով ազատության մեջ, կրկին փախել է, եւ չեն կարողացել գտնել:

Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացված գրավոր բացատրության մեջ Աննա Դանիբեկյանն էլ նշել էր, որ ՀՀ տարածքից դուրս հանցագործություն կատարած անձին ՀՀ տարածքում ձերբակալելու համար վերջինիս կալանավորելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման առկայությունը պարտադիր պայման չէ, սակայն որոշումը կայացնելիս գտել է, որ հանցանք կատարած լինելու կասկածը փաստելու համար անհրաժեշտ է պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչում է կասկածվում տվյալ անձը: Մինչդեռ, քրեական հետապնդման մարմնի կողմից ներկայացված քաղվածքը չէր պարունակում համապատասխան տեղեկությունները:

Ինչեւէ, ԲԴԽ-ն, բոլոր կողմերին լսելով, 2019 թվականի մարտի 14-ին որոշում էր կայացրել եւ բավարարել էր Կարգապահական հարցերի հանձնաժողովի միջնորդությունը ու Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին հայտարարվել էր նկատողություն:

Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն` եթե չլիներ այս դեպքը, ապա դատավոր Աննա Դանիբեկյանը Ռոբերտ Քոչարյանի գործով մեծ սիրով ինքնաբացարկ կհայտներ: Իսկ ինչո՞ւ չի հայտնում: Բանն այն է, որ եթե ինքնաբացարկի դիմում ներկայացնի, կրկին կհայտնվի ԲԴԽ-ի ուշադրության կենտրոնում, եւ եթե ԲԴԽ-ն գտավ, որ նրա ինքնաբացարկն անհիմն է, ապա կրկին նկատողություն կհայտնեն, իսկ, ահա, երկրորդ նկատողությունից հետո դատավորի լիազորությունների դադարեցման հարցը առաջ կքաշվի: Ուստի դատելով դատական համակարգում տարածված լուրերից` դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնվել է երկու քարի արանքում` կա՛մ դատավորի կարիերան, կա՛մ աղմկահարույց գործը քննելու դժվար բեռը:

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց իրավիճակի շուրջ պարզաբանումներ ստանալ անձամբ դատավորից, սակայն վերջինիս հեռախոսը պատասխանեց մեկ այլ անձնավարություն՝ նշելով, որ սա Աննա Դանիբեկյանի հեռախոսահամարը չէ:
«Ժողովուրդ» օրաթերթը պատրաստ է նաեւ հրապարակել դատավորի տեսակետը:

Քնար Մանուկյան




Լրահոս