Բաժանմունքի վարիչին դատում են, համ էլ՝ դատվում. Իջևանի հիվանդանոցում տեղի ունեցած դեպքի մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2019թ. հունիսի 26-ին մեկնարկել է Իջեւան քաղաքի բնակիչ, 1965թ. ծնված Էդվարդ Ֆրանգուլյանի եւ Երեւանում գրանցված, 1964թ. ծնված Վանուհի Ասիլբեկյանի դատավարությունը։

Է. Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիայի  բաժանմունքի վարիչ, 2017թ. հուլիսի 14-ին կամ 15-ին, նախնական համաձայնության գալով բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Վանուհի Ասիլբեկյանի հետ, նրա կողմից կատարված հանցավոր արարքը թաքցնելու եւ պատասխանատվության չենթարկելու նպատակով պատասխանատվությունից ազատող, պաշտոնական այլ փաստաթուղթ հանդիսացող, Էլինա Սաղոյանի անվամբ լրացված թիվ 1554 ծննդաբերության պատմության մեջ կեղծ գրառումներ են կատարել։

Վ. Ասիլբեկյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա, հանդիսանալով Իջեւանի ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ եւ պարտավոր լինելով ապահովելու ցուցաբերվող բժշկական օգնության եւ սպասարկման քանակական ու որակական բնութագրիչների համապատասխանությունը սահմանված չափանիշներին, 2017թ. հուլիսի 14-ին Իջեւան քաղաքի բնակչուհի Էլինա Սաղոյանի ծննդաբերության ընթացքում իր մասնագիտական պարտականությունները կատարել է ոչ պատշաճ` դրանց նկատմամբ դրսեւորելով անփույթ վերաբերմունք:

2017թ. հուլիսի 14-ի վաղ առավոտյան 23-ամյա Էլինա Սաղոյանը ընդունվել է Իջեւանի ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունք, ուր այդ օրը երեկոյան Էլինայի ծննդաբերության ժամանակ նրա նորածին երեխան մահացել է: Է. Ֆրանգուլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, Վ. Ասիլբեկյանին` 130 հոդվածի 2-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով:

Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 2019թ. հունիսի 4-ին Էդվարդ Ֆրանգուլյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել հետեւյալ պահանջներով` անվավեր ճանաչել «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանի` Էդվարդ Ֆրանգուլյանին «Իջեւան բժշկական կենտրոն» ՓԲԸ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքի վարիչի պաշտոնից ազատելու մասին 2019թ. մայիսի 3-ի թիվ 76 հրամանը եւ 2019թ. մայիսի 14-ի «Խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ կիրառելու մասին թիվ 92 հրամանը, բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանահատվածի միջին աշխատավարձը, վերականգնել նախկին աշխատանքում:

Օգոստոսի 7-ից սույն քաղաքացիական հայցով նախնական դատական նիստեր են կայանում:

Իջեւանի ԲԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Մարգարյանը հայտնեց, որ Էդվարդ Ֆրանգուլյանը այժմ որպես բժիշկ աշխատում է այդ ԲԿ մանկաբարձագինեկոլոգիայի բաժանմունքում, այդտեղ շարունակում է աշխատել նաեւ Վանուհի Ասիլբեկյանը:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս