Վաղը խաղադաշտ ենք դուրս գալու միայն հաղթելու համար. Կամո Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՎՐՈ-2020-ի նախընտրական փուլի Հայաստան-Բոսնիա և Հերցեգովինա խաղից առաջ մամուլի ասուլիսով է հանդես եկել Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը:

Այնպես ստացվեց, որ կարողացանք լավ հանդիպումներ անցկացնել, ինչը մեզ վստահություն տվեց: Ճիշտ է, վերջին խաղում պարտվեցինք Իտալիային, սակայն թիմը լավ աշխատեց: Վաղվա խաղի շանսերը գնահատում եմ հավասար. մենք դուրս ենք գալու խաղադաշտ հաղթելու համար: Հիմա ես ինձ շատ լավ եմ զգում, բայց խաղը ցույց կտա, թե ինչքանով եմ վերականգնվել:

Մենք Իսպանիայի կամ Բրազիլիայի մակարդակի հավաքական չենք, որ կարողանանք դուրս գալ խաղադաշտ եւ հաղթել կարգի հաշվին, սակայն մենք դա փոխարինում ենք այլ հատկանիշներով, որոնցից մեկը հավատն է սեփական ուժերի հանդեպ: Աշխատասիրությունը, նպատակասլացությունը, միմյանց օգնելու ցանկությունը եւ հաղթանակի ձգտումը կտան իր արդյունքը: Թիմում մթնոլորտը շատ լավ է. պարտվել ենք նախորդ խաղում, բայց չկա ճնշվածություն: Մենք պրոֆեսիոնալ ենք եւ արդեն պատրաստվում ենք Բոսնիա եւ Հերցեգովինայի դեմ հանդիպմանը:

Չեմ կարող ասել, թե արագացումներ կատարելուց հետո ինչն էր խանգարում եզրափակիչ հատվածին, միգուցե` մրցակիցները: Նրանք էլ էին հասցնում նահանջել: Մեկ դրվագում անցում կատարեցի եւ փոխանցեցի Մխիթարյանին. նրա հարվածը փակեց պաշտպանը, իսկ երկրորդ դրվագում չնկատեցի աջ եզրից միացող Գեւորգ Ղազարյանին:

Արդեն հարմարվել եմ ձախ եզրին, որովհետեւ թե ակումբներում, թե հավաքականի տարբեր տարիքային խմբերում խաղացել եմ տարբեր եզրերում: Միայն աշխատող ոտքի տարբերությունն է, որը քիչ-քիչ փորձում եմ բարելավել»,- ասել է Կամո Հովհաննիսյանը:

Էդմոն Մարտիրոսյան




Լրահոս