Ջերմուկցիները դադարեցրին ակցիան. սպասում են կառավարության արձագանքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջերմուկցիներն այսօր առավոտից գործադուլ ու դասադուլ են անում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Ամուլսարի շահագործման դեմ:

«Մեկ տարուց ավել է՝ Ամուլսարի համար պայքար կա, ընտրել ենք խաղաղ ձևը, բայց չենք արել խաղաղ այլ գործողություններ, մտածել ենք՝ կառավարությանը ժամանակ տալ, բայց արդեն երկրորդ ձմեռն է գալիս՝ բնակիչները դրսում են: Ուզում եմ հասկանալ՝ պատրա՞ստ ենք Ամուլսարի համար շարունակել պայքարը»,- դիմելով հավաքվածներին՝ հարց ուղղեց Ջերմուկի բնակիչներից:

Ակցիայի մասնակիցները դրական արձագանքեցին: Ջերմուկի բնկաիչն ընդգծեց՝ Ամուլսարը հայրենիք է ու միայն իրենցը չէ, նորմալ է, որ տարբեր բնակավայրերում պիտի ակցիաներ լինեն, այդ ակցիաներն իրենք ողջունում են, բայց ասում ենք՝ եթե դրանք դադարեն խաղաղ բնույթ կրել, իրենք այդ հարցում կապ չունեն, նման պահվածքը չեն ողջունում:

«Մենք պետք է լինենք ժողովրդավարություն կրողները, իսկ նման երկրներում ամեն ինչ լուծվում է խաղաղ, կառավարության ու ժողովրդի երկխոսության արդյունքում: Մենք չենք ուզում շարունակել ակցիաները, սա թող լինի ապացույցը, որ Ջերմուկի ողջ բնակչությունն է կանգնած, ու նրանք մեր կառավարությանը զգուշացում են տալիս՝ տեսեք, մենք կարող ենք դասադուլներ, գործադուլներ անել, փակել փողոցներ, միջոցներ կիրառել, որոնցով իրենք իշխանության են եկել, բայց էլի ժամանակ ենք տալիս, որ այս հարցը լուծում ստանա: Այս պահին սպասում ենք, որ կառավարությունը լեգիտիմացնի մեր որոշումը»,- հայտարարեց նա և կոչ արեց դադարեցնել դասադուլը և գործադուլը, նշեց՝ պիտի սպասեն կառավարության կողմից հստակ մեսիջների։




Լրահոս