«Այո»՝ հանուն անկախության՝ մեծերի շուրթերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ ժողովուրդը նշում է Հայաստանի պետական և ազգային տոներից մեկը՝ Անկախության տոնը: 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀՀ գերագույն խորհուրդը ընդունել է Հայաստանի անկախության հռչակագիրը, որտեղ նշված էր, որ ՀԽՍՀ-ն կազմալուծվում է եւ ձեւավորվում է նոր պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը: 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը անկախության հանրաքվեի ժամանակ կողմ է քվեարկել ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին:

Այսօր, հետադարձ հայացք նետելով 28 տարեկան մեր «զավակի» ծնունդին, յուրաքանչյուրս մտածում է այս տարիների ձեռքբերումների եւ կորուստների մասին, վերլուծում՝ որքանով արդարացան ակնկալիքները, որոնք ունեինք անկախությանը կողմ քվեարկելու պահին: Ներկայացնում ենք հայ մեծ մտավորականներից մի քանիսի տեսակետը՝ անկախության թեմայով:

Մենք նախեւառաջ պետք է հաստատենք Իբսենի այն ճշմարտությունը, որ նա ասում է «Ժողովրդի թշնամին» պիեսի հերոսի բերանով. «Ուժեղը նա է, ով չի վախենում մենակ մնալուց»: Այո-ն ասելով` մենք առաջին հերթին հույսներս պետք է դնենք մեզ վրա, եւ այդ Այո-ն կկայանա այնքանով, որքանով պատրաստ կլինենք գոյատեւելու, աշխատելու, զոհողությունների ու մաքառումների:

ԽՈՐԵՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Էն ո՞ր ոչուփուչը վեր կկենա ու Ոչ կասի իր արյան շրջանառությանը, իր աչքի լույսին, իր արդար հացին, իր պետականության հիմքերին, իր թոռների ու թոռնթոռների մարդավայել կյանքին: Այո… այս երեք տառերն այսօր իմաստավորում են մեր ազգի երեք հազար տարվա ոգորումներն ու որոնումները:

ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆ

Այո-ն մենք ըսինք այն ժամանակ, երբ եկանք հայրենիք: Եվ Այո պտի ըսինք միշտ, որովհետեւ անկախության երջանկաբեր էությունը մենք միշտ երազած ենք եւ այնտեղ, եւ այստեղ: Եվ մեր սերունդը, որ աշխարհներ ու ճամփաներ տեսած է, գիտե, ի վերջո, ինչ բան է անկախության գրավականը: Իսկ գրավականը մեկն է. այստեղ պետք է բոլորս միասին ըլլանք, հայ ըլլանք եւ հասկանանք, որ մեր փրկությունը` մեր միասնականության մեջ է: Պետք է գիտնանք, որ ամսու 21-ին համերաշխաբար մեր հետագա երջանկության առաջին, բայց կարեւորագույն քայլը պիտի ընենք: Ուրեմն` անկախությանը` Այո:

ԳՈՀԱՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Անկախությունը հանրապետություն ընկած պատուհաս չէ` որ ամենքիս ու ամեն ինչ տակնուվրայեր և Հայոց աշխարհով անցնող փրկիչ չէ` որ փեշերից կախվելով խնդրեինք չանցնել, կուռք դարձնեինք ու պաղատանքի ծնկեինք: Անկախությունը հանրապետության բոլոր ուստրերի ու դուստրերի ամենօրյա, ամենժամյա` համարիր ճորտական աշխատանքն է, հենց որն էլ մեզ բոլորիս տեր կկարգի միմյանց ու այս երկրին, որն արդեն ոչ ոքի չենք զիջի:

ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Մարդկության մեծ մասին հատուկ է անհատի ստորադասության բարդույթը, բայց կա մի ազգ (մենք), որ տառապում է ազգային ստորադասության բարդույթով: Եզակիական պարադոքսալ մի վիճակ, երբ առանձին-առանձին, յուրաքանչյուր հայ իրեն զգալով որպես բարձրագույն իսկություն, ի բնե, դրսևորելով իր կամքի գերակայությունը, բոլոր ժամանակներում իր շնորհներով մրցության մեջ մտնելով աշխարհի տարբեր ժողովուրդների անհատների հետ, ունենալով պատմության ընթացքը կարգավորելու սեփական առաքելության ներշնչանքը, իր հավաքական դրսևորույթի մեջ անվստահ է:

Անբացատրելի մի երևույթ, միստիկական մի հարց, որը չի կարող բացապարզվել նույնիսկ մեր այսահար պատմության երկարաձիգ ու վայրիվերո ընթացքով: Եվ այժմ անկախության նկատմամբ մեր Այո-ն, իմ խորին համոզմամբ, փոփոխության առաջին փուլը կարող է հանդիսանալ ազգային մեր կազմախոսության մեջ:

ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ

Ճիշտն ըսելով` ես արդեն առաջին օրը գնացել եմ մեր տեղամասը եւ անկախության համար ասել եմ Այո-ս: Գրեթե 30 տարի առաջ եկա Սովետական Հայաստան եւ տեսա, որ ժողովուրդս ապրում է ատելի բռնապետության մեջ: Անկախության իմ երազը պատկերանում էր սովետական վարչակարգի կործանումով: Այսօր, փառք Աստծո, ազատվեցինք: Մեր ժողովրդի մասնակցությամբ կործանվեց այդ վարչակարգը: Ես արդեն ինձ հոգեպես ազատ եւ անկախ եմ զգում:

ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ




Լրահոս