Շաբաթներ առաջ Գնդեվազ գյուղում տեղի ունեցած վիճաբանությունից և քաշքշուքից հետո կալանավորվել են Ամուլսարի պահապաններ Էդմոնդ Աղաբեկյանը, Խաժակ Արսենյանը և Յուրա Արսենյանը:
Հայրենի բնության և ապագա սերունդների առողջ ու ապահով կյանքի համար անձնվիրաբար պայքարող այս գիտակից երիտասարդները, որ նաև 2018 թ. ապրիլ-մայիսին ազգադավ ռեժիմին հեռացնելու համար ոտքի ելած մեր ժողովրդի առաջին շարքերում են եղել, իրականում Ամուլսարի հանքի շահագործման հարցում գործող իշխանության մոտեցմամբ ստեղծած իրավիճակի զոհեր են:
Նրանց ներկայացված մեղադրանքը և, հատկապես՝ կալանքը, կանխակալ և խտրական վերաբերմունքի ակնհայտ դրսևորում է:
Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ տասնամյակներ շարունակ մեր ժողովրդին կեղեքած և պետությունը քայքայած, անգամ պետական դավաճանություն և/կամ սպանություն կամ մահափորձ կատարած հայտնի հանցագործներն ազատության մեջ են և շարունակում են վայելել թալանածը, իսկ նրանցից ոմանք, եթե նույնիսկ մեղադրվում են իրենց կատարածի չնչին մասի համար, ապա, որպես կանոն, չեն կալանավորվում:
Գործող իշխանությունը պետք է գիտակցի, որ.
անհրաժեշտ է բավարար կամք և կարողություն ցուցաբերել պետությունը զավթած ռեժիմի գործունեությանն իրավաքաղաքական գնահատականը տալու և դրա համատեքստում Ամուլսարի հանքի շահագործման ակնհայտ ապօրինի թույլտվությունը ծնած կոռուպցիան բացահայտելու ու հանքահեններին պատասխանատվության կանչելու համար,
վերը նշված իր անգործության պայմաններում քաղաքացիները ստիպված են լինում ինքնուրույն կերպով պաշտպանել իրենց բնական իրավունքները, ինչի հետևանքով նաև տեղի են ունենում սահմանազանցումներ:
Ըստ այդմ՝ գործող իշխանությանը հորդորում ենք.
ձեռնպահ մնալ Ամուլսարի պահապան երեք երիտասարդների՝ Էդմոնդ Աղաբեկյանի, Խաժակ Արսենյանի և Յուրա Արսենյանի նկատմամբ ընտրովի արդարադատությունից և կանխակալ ու խտրական վերաբերմունքից, նրանց կատարած արարքը դիտարկել իրավիճակի համատեքստում, դրան տալ իրավաչափ ու արդար գնահատական և նրանց ազատել կալանքից,
ժամ առաջ ժողովրդի ու իրավունքի վրա հենվելով՝ դադարեցնել Ամուլսարի ծրագիրը, համախմբել ժողովրդին և լրացուցիչ գոյութենական պրոբլեմներ ստեղծելու փոխարեն վերջապես ձեռնամուխ լինել նախկինից ժառանգածների լուծմանը: