ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Գյումրի քաղաքում իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի առաջին փուլի ավարտական աշխատանքներին։ Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ներկայացուցիչները։
Խորհրդակցությանը նախարար Պապիկյանն անդրադարձել է Գյումրու համար կենսական նշանակություն և կարևորություն ունեցող ենթակառուցվածքային զարգացման ծրագրի իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին և դրանց հաղթահարման ուղղությամբ տարվող աշխատանքներին։
Նախարարը նկատել է, որ շինաշխատանքներում արձանագրված բարդությունները մեծամասամբ պայամանավորված են եղել 1988թ․ երկրաշարժին հաջորդած տարարային շինարարությամբ, ինչի հետևանքով այսօր շատ դժվարացել է հստակ տեղորոշել խմելու ջրի, կոյուղատար համակարգի, ստորգետնյալ հոսանքալարարի կոմունիկացիոն համակարգերը։
Միաժամանակ նախարարն ընդգծել է․ «Այս ծրագրի բարեհաջող ընթացքով և դրական վերջնարդյունքով է պայմանավորված Հայաստանի մյուս հատվածներում նմանօրինակ նախագծեր իրականացնելու հեռանկարներն ու երկրորդային քաղաքների զարգացման տեսլականը»։ Սուրեն Պապիկյանը ներկաներից պահանջել է գործադրել անհրաժեշտ վարաչական և մասնագիտական բոլոր ջանքերը, որպեսզի ծրագրի առաջին փուլում ախտորոշված խնդիրները բացառվեն դրա հաջորդ փուլերում։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախարարին է զեկուցել ծրագրի առաջին փուլով քաղաքի տարբեր հատվածներում այժմ տարվող ասֆալտապատման, սալիկապատման, հենասյուների և լուսատուների տեղադրման ավարտական աշխատանքերի ընթացքը և վստահեցրել, որ դրանք վերջնական շահագործման կհանձնվեն մինչև հոկտեմբերի 30-ը։
Իր հերթին ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը մանրամասն ներկայացրել է շինարարական աշխատանքներում մինչ այժմ տեղ գտած բացթողումները, դրանց վերացման նպատակով ձեռնարկված միջոցառումները և միևնույն ժամանակ ներկաներին առաջարկել գույքագրել մինչ այժմ հանդիպած խոչընդոտները՝ հետագայում դրանցից խուսափելու նպատակով։