Վայոց Ձորում ծանր մարմնական վնասվածք ստացած ՀՀ ՊՆ զորամասի սպան բացել է աչքերը, սակայն նրա վիճակը մնում է ծայրահեղ ծանր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը:
«Առավոտյան այցելել եմ նրան: Վիճակը դեռևս մնում է ծայրահեղ ծանր, բայց որոշակի դեղամիջոց կար, որ կիրառվում էր իրեն խորը քնի մեջ պահելու համար, այն արդեն մոտ 20 ժամ է, ինչ անջատված է: Նա դեռևս միացված է արհեստական շնչառական սարքին, բայց սարքը չի թելադրում, ինքն է թելադրում սարքին իր շնչելու հնարավորությունները, սարքն ուղղակի օգնում է: Ցավային ռեֆլեքսները որոշակիորեն վերականգնվել են: Այսօր աչքերը բացել է: Շատ խորը տրավմայի է ենթարկվել գլխուղեղը, մի կիսագունդը բավական դրական դինամիկա ունի, վերականգնվում է: Մյուս կիսագնդում ունենք մի քիչ խնդիրներ»,- ասաց Օհանյանը:
Գնդապետը նշեց, որ դեռ շուտ է ասել, թե ինքնուրույն շնչելուց հետո ինչ ռեֆլեքսներ կվերականգնվեն:
Հիշեցնենք, որ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:
Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև: Արա. Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորակասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել, և վիճաբանությունը շարունակվել է: