Հայաստանի կառավարությունն այսօր հավանություն կտա Գյումրու քաղաքապետարանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ «Գյումրու քաղաքային ճանապարհներ. Տրանշ Բ» եւ «Տրանշ Գ» դրամաշնորհային համաձայնագրերի ստորագրման առաջարկությանը: Նշենք, որ ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրով սահմանված «Տրանշ Բ» դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվում է 2 մլն 650 հազար եվրո դրամաշնորհային միջոցների ներգրավում ծրագրի համաֆինանսավորման նպատակով:
Իսկ, ահա, «Տրանշ Գ» համաձայնագրով նախատեսվում 2 մլն եվրոյի ներգրավում: Ի դեպ, նշենք, որ դեռեւս նախորդ տարի հայտնի դարձավ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը 23,8 մլն եվրո է տրամադրել Գյումրիի փողոցների բարեկարգման համար: Ծրագրի շրջանակներում 3 տարվա ընթացքում Գյումրիում պետք է հիմնանորոգվի շուրջ 16 կմ ճանապարհ, իսկ փողոցները լուսավորվեն խնայողական լամպերով:
Նախորդ տարվա սեպտեմբերին, սակայն, բազալտե եզրաքարերի շարման գործընթացը կասեցվեց: Բանն այն է` թավշյա հեղափոխությունից հետո մարզային նոր իշխանությունները շինարարական աշխատանքներում մի շարք թերություններ արձանագրեցին: