Ինչպես հայտնի է, օրերս ՀՔԾ-ն Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին մեղադրանք է առաջադրել, որ վերջիններս ապօրինի որոշմամբ օտարել են «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով`սույն քրեական գործով ՀՔԾ հարցաքննության է հրավիրվել նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի տեղակալ Կարեն Դավթյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Ըստ Հատուկ քննչական ծառայության` 2008-ին քաղաքապետ Զախարյանի ապօրինի որոշմամբ օտարվել է «Հաղթանակ» զբոսայգու 10 հազար քառակուսի մետր տարածքը, որտեղ կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը. այնտեղ հիմա գործում է Redisson Blue հյուրանոցը:
ՀՔԾ-ն հայտնում է` նախկին քաղաքապետի որոշմամբ զբոսայգու տարածքի վերաճշտման արդյունքում նոր հատակագծում առանց հիմքի եւ ապօրինի կերպով դուրս է մնացել այգու տարածքից, մեկ այլ որոշմամբ էլ հողատարածքը կադաստրային արժեքով` 164 միլիոն 760 հազար դրամով վաճառվել է «Գոլդեն Փելես Հյուրանոց» ՍՊ ընկերությանը, այսինքն` այս ընկերությունը մեկ քառակուսի մետրի համար վճարել է ընդամենը 16 հազար 476 դրամ: Այս ընկերությունն էլ իր հերթին տարածքի գրավադրմամբ Հայաստանում գործող բանկերից մեկից ստացել է 2,8 միլիոն դոլար վարկ: Սա էլ ամբողջը չէ. հետագայում պայմանագրում կատարված փոփոխություններով գումարի չափն ավելացել է` հասնելով մինչեւ 12 միլիարդ դրամի, ինչը 70 անգամ ավելի է, քան ընկերությունը վճարել է այդ տարածքի համար:
10 հազար քառակուսի մետր հողատարածքում այժմ գործում է «Ռեդիսսոն Բլու» հյուրանոցը, որիտնօրենը Արտաշես Ավետիսյանն է` Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդին: Նրան են պատկանում նաեւ Հյուսիսային պողոտայում եւ Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցները: Ծաղկաձորում գտնվող«Գոլդեն Փելես»-ն արդեն տեւական ժամանակ է` չի գործում, այն երկու օր առաջ որպես նվիրատվություն փոխանցվեց պետությանը:
«Ժողովուրդ» օրաթերթին սույն քրեական գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել, թե մասնավորապես նախաքննական մարմինը բացի վերոնշյալ անձանցից էլ ինչ պաշտոնատար անձանց է հրավիրել հարցաքննության, եւ, առհասարակ, ինչ են ասել գործով մեղադրյալները իրավապահներին:
Այսպիսով, մեզ հասած տեղեկությունների համաձայն` իրավապահները սույն քրեական գործով Հատուկ քննչական ծառայություն հարցաքննության են հրավիրել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի տեղակալ Կարեն Դավթյանին, Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանին, այդ տարիներին իրավաբանական վարչության պետին:
Նկատենք, որ գործով դեռեւս միայն մեղադրանք է առաջադրվել Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին:
Ի դեպ, մեզ հասած տեղեկությունների համաձայն` ե՛ւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, ե՛ւ քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցը չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը:
Ավելին, Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, մեր տեղեկություններով, սույն քրեական գործով ցուցմունքչի տալիս, իսկ թե ինչու, մեզ առայժմ պարզել չհաջողվեց:
Ինչեւէ, այս գործով ուշագրավ զարգացումները այսքանով չեն ավարտվում:
Ինչպես նկատում ենք, իրավապահները տարբեր աղմկահարույց գործերով քրեական գործ են հարուցել, սակայն վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնում են փաստի առաջ:
Օրերս ՀՔԾ-ն հայտնել էր, որ բացահայտվել են Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի եւ Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանի կողմից Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաեւ Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքների աճուրդի գործընթացում չարաշահումները:
Մասնավորապես, նախկին մարզպետն ու Հրազդան համայնքի նախկին ղեկավարն իրենցմտերիմ մարդկանց ապօրինի խոշոր հողատարածքներ են նվիրել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդուն` Արմեն Հովսեփյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբորը` Իշխան Վարդանյանին, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կնոջը` Շամրիկ Գաբրիելյանին, գործարար Սամվել Մայրապետյանին, Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գեւորգյանին ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանին, ինչպես նաեւ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբորը` Նիկիտա Աբրահամյանին:
Սակայն պարզվում է` իրավապահները չարչարվեցին, բացահայտեցին, բայց այդպես էլ պետությանը վնաս հասցրած մարդկանց չկարողացան պատասխանատվության կանչել, որովհետեւ անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները:
Ավելին, գրել էինք, որ վաղեմության ժամկետի հիմքով պատասխանատվությունից կազատվի Սերժ Սարգսյանի մտերիմընկեր գործարար Բարսեղ Բեգլարյանը: Սակայն շարքը այսքանով չի ավարտվի, վաղեմության ժամկետի խնդիր ՀՔԾ-ն ունի նաեւ Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանին եւ Քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին առաջադրված մեղադրանքի գործով:
Քնար Մանուկյան