Ցեղասպանությունից փրկվածները ապաստան էին գտել Սիրիայի հենց այն հատվածում, որտեղ Թուրքիան սկսեց հարվածել. թուրքագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը դատապարտում է Սիրիայի հյուսիս-արևելքում Թուրքիայի կողմից իրականացվող ռազմական ներխուժումը, որը կհանգեցնի տարածաշրջանային անվտանգության հետագա վատթարացման, քաղաքացիական բնակչության շրջանում մարդկային կորուստների, տեղահանվածների մեծ հոսքի և ի վերջո մարդասիրական նոր ճգնաժամի։ Հատկապես մտահոգիչ իրավիճակ է ստեղծվում ազգային և կրոնական փոքրամասնությունների համար:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ Թուրքիան օրեր առաջ ներքին կարգով ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որպեսզի չխառնվեն Թուրքիա-Սիրիա ռազմական գործողություններին:

«Այն հատվածը, որտեղ Թուրքիան սկսել է դե ֆակտո գործողությունները, հիմնականում սկսել է հրետանային և ավիա հարվածներով, և ցամաքից դեռևս աջակցում են միայն տեղի «Սիրիական ազատ բանակ» խմբավորումները, իրենք են առաջին պլանում այս պահին: Սիրիային հյուսիսը հիմնականում երկու-երեք մասի է բաժանված: Թուրքիան սրանից առաջ ևս երկու գործողություններ է իրականացրել և սա ամենամասշտաբայինը կարող է լինել, քանի որ սա հիմնական ողնաշարն է քրդերի, որոնք ամրացած են Թուրքիայի հարավային սահմանի ամբողջ երկայնքով»,-նշեց թուրքագետը:

Մեր զրուցակցի խոսքով՝ Թուրքիայի նպատակն է քրդական ռազմական միավորումները ուղղակի վերացնել և ամբողջ սահմանի երկայնքով ապահովվել թուրքամետ ուժերի ներկայությունը:

Հարցին՝ ինչու դա տեղի ունեցավ, Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց, որ ներքին պայմանավորվածությունների արդյունքում է այս ամեն ինչը տեղի ունեցել:

«Ցեղասպանույունից փրկվածները ապաստան էին գտել Սիրիայի հենց այն հատվածում, որտեղի Թուրքիան սկսեց հարվածել: Այնտեղ շատ հայ ընտանիքներ կան բնակվող, և մեր անհանգստությունը հենց այդ ընտանիքների համար է»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան 




Լրահոս